
«Եղեգնաձոր» հէկում խախտում է արձանագրվել․ Սերժ Սարգսյանի եղբորորդին վաճառել է հէկը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել Վայոց ձորի մարզում գտնվող Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» փոքր հէկում:
Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, «Եղեգնաձոր» փոքր հէկում արձանագրվել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ իրականացնելու փաստ: Այսինքն՝ ընկերությունը խախտել է Ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, դրանք են՝ ջրի նպատակային օգտագործումն ու առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը։
Հէկը շահագործում է «Մինա-Մայա» ՍՊԸ-ն։ Ընկերության նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 8,7 մլն դրամ։
«Մինա-Մայա» ՍՊԸ-ում նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդին 50 տոկոս բաժնետեր էր։ Այդ մասին գրել ենք մեր նախկին հրապարակումներում։ Սակայն, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2019թ․ մայիսի 20-ին հէկն անցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի եղբորը՝ Վաչիկ Քոքոբելյանին, ով այժմ միանձնյա բաժնետեր է։
Վաչիկ Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում էր 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։ Վերջինս տնօրեն է նաև «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում և «Սերա» ՍՊԸ-ում։
«Մինա-Մայա» ՍՊԸ-ն, բացի «Եղեգնաձոր» փոքր հէկից, ևս մեկ հէկ է շահագործում նույն գետի վրա՝ «Եղեգնաձոր փհէկ-1» անվամբ։ Վերջինի հզորությունը փոքր-ինչ զիջում է «Եղեգնաձոր» փհէկին․ «Եղեգնաձոր» փհէկի հզորությունը 1620 կՎտ է, «Եղեգնաձոր փհէկ-1»-ի հզորությունը՝ 1060 կՎտ։
Հիշեցնենք, որ Քոքոբելյանները հէկերի իրենց բիզնեսը հետզհետե ընդլայնում են։ 2017թ․-ին Վաչիկ Քոքոբելյանը գնել էր նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հէկը։ Մինչ այդ՝ Տավուշի մարզում Քոքոբելյաններն արդեն կառուցված հէկեր ունեին։
Մեկնաբանել