
ԱՄՆ-ն արգելել է իր պաշտոնյաներին օգտվել հայկական ավիաընկերություններից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ մեր երկրում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից պաշտոնական ճամփորդությունների ժամանակ:
Դեսպանատունը հիշեցրել է, որ այս տարվա հունիսին Եվրամիությունը Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին ներառել է «սեւ ցուցակ» (EU Air Safety List)՝ հաշվի առնելով մեր երկրում ավիաընկերությունների թռիչքային անվտանգության վերահսկողության վերաբերյալ առկա մտահոգությունները:
Հիշեցնենք, որ խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ եվրոպական պատկան կառույցները (EASA, EU Air Safety Committee) ՀՀ քաղավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) հայտնաբերած թերությունների պատճառով եկել էին եզրակացության, որ անհրաժեշտ է արգելել ՔԱԿ-ի կողմից վերահսկվող բոլոր ավիաընկերությունների մուտքը ԵՄ երկինք: Վերջնական որոշումը կայացրել էր Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը: Այդուհանդերձ, այս արգելքը չի տարածվում բժշկական նպատակով (հիվանդի տեղափոխության), ինչպես նաեւ մարդասիրական առաքելությամբ կամ փրկարարական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների վրա, որոնց իրականացումը բխում է հանրային շահից:
Փաստորեն, Հայաստանում թռիչքային անվտանգության ոլորտում առկա խնդիրների հետեւանքով կայացված ԵՄ որոշումը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ԱՄՆ կառավարության դիրքորոշման վրա, որն արգելում է իր պաշտոնյաներին օգտվել հայկական ավիափոխադրողներից:
ԱՄՆ դեսպանությունը նաեւ հայտնել է, որ հայկական ավիաընկերությունները ԵՄ «սեւ ցուցակում» կմնան առնվազն մինչեւ 2022 թ.:
Մեկնաբանել