
Դատախազը Սասնա ծռերի անդամ Սմբատ Բարսեղյանի համար ցմահ, Արմեն Բիլյանի համար՝ 21 տարի ազատազրկում պահանջեց
Դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել 2016 թվականին ոստիկանության էրեբունու ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրական ճառով հանդես եկան մեղադրողները:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջեց ամբաստանյալ Արմեն Բիլյանին դատապարտել 21 տարի ազատազրկման, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին և Արեգ Կյուրեղյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Պավել Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման:
Ինչ վերաբերում է գործի դատաքննության ընթացքում մահացած Արայիկ Խանդոյանին, դատախազը դիրքորոշում հայտնեց, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ մահվան հիմքով:
Հիշեցնենք, որ վերը նշված անձինք մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։
Նրանցից Սմբատ Բարսեղյանն, թիվս վերը նշվածի, մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել