
Բուհերի դասապրոցեսի վերաբերյալ պարետատունը առաջիկա օրերին որոշում կկայացնի
Բուհերի դասապրոցեսի վերաբերյալ պարետատունը վերջնական որոշում չունի. քննարկվող մոդելը հիբրիդային է, ենթադրում է և՛ առկա, և՛ հեռավար ուսման եղանակներ:
Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: Ըստ փոխվարչապետի` պարետատունը վերջնական որոշում կկայացնի, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամփոփի բուհերի հետ քննարկումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ բարձրացրեց մարզերից Երևան տեղափոխված ուսանողների հարցը` ասելով, որ որքան ուշ որոշում կայացվի, այնքան մեծ խնդրի առջև կարող են հայտնվել վերջիններս, և այն կարող է հանգեցնել վարձակալությամբ բնակարանների գնի աճին:
Ավինյանը վստահեցրեց, որ առաջիկա օրերին այդ որոշումը կկայացվի և հավելեց, որ, ըստ իրեն գների աճ չի լինի, քանի որ զբոսաշրջիկների ուղևորահոսք չկա:
Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստան գալու դեպքում գործելու է ինքնամեկուսացման ռեժիմ, որի ընթացքում վերջիններս թեստավորվելու են: Եթե արդյունքները լինեն բացասական, նրանք հանվելու են մեկուսացման ռեժիմից, եթե դրական, ապա, այս պահի քննարկումներով, բուժումն իրականացվելու է անվճար:
Ինչ վերաբերում է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում Հայաստան տեղափոխվել և կենսաթոշակային խնդիրները կարգավորել, Տիգրան Ավինյանն ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պատրաստվել է մի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի մինչ 2021-ի սեպտեմբեր Հայաստան վերադարձած նման քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները վերականգնել: Պարետի խոսքով` նախագիծը շուտով կներկայացվի E-draft-ում:
Մեկնաբանել