
Երևանում կտեղադրվի Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը
Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը տեղադրելու և Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանը նույնանուն հրապարակում տեղադրելու առաջարկները:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը տեղադրելու հարցին: Առաջարկված երկու տեղից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում' նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում' բարերարի միջոցներով կառուցված Առնո Բաբաջանյան համերգասրահի հարևանությամբ, տեղադրելու առաջարկին:
Իսկ Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանը նույնանուն հրապարակում տեղադրելու հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են հայտնել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ:
Քաղաքապետն առաջարկել է հետաձգել Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանը նույնանուն հրապարակում տեղադրելու հարցի քննարկումը և Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի համակողմանի քննարկումից հետո: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել