
Գեղամասարում այլեւս փախստականներ չկան. գյուղերը ոչ թե սոցիալական ծրագրերի, այլ ենթակառուցվածքների կարիք ունեն
2017 թ.-ին, երբ խոշորացվելու հերթը հասավ Վարդենիսի տարածաշրջանին, 18 գյուղեր համաձայնության եկան միավորվելու մեկ համայնքում և դիմեցին Կառավարությանը՝ վավերացնելու իրենց միությունը: Կառավարությունում առանձնապես չէին ոգևորվել «ներքևում» կայացված որոշումից, խորհրդարան ուղարկված վարչատարածքային բաժանման նախագծով նրանք այդ գյուղերն այլ սցենարով էին միավորելու: Ըստ Կառավարության 2017 թ. վարչատարածքային բաժանման նախագծի՝ այս տարածքում երկու համայնք պետք է ձևավորվեր՝ 14 գյուղ միավորվելու էր Մեծ Մասրիկ համայնքային կենտրոնով, եւս 22 գյուղ միավորվելու էր Վարդենիս քաղաքի հետ:
Բնակիչներն ըմբոստացան այս որոշման դեմ՝ ասելով, թե Մեծ Մասրիկն ու Վարդենիսը շարունակ ճնշել են փոքր գյուղերին: Տեղում բողոքի ակցիաներ անելուց զատ, նրանք չզլացան հասնել Երևան և, կառավարության շենքի առջև բողոքի ցույց անելով, փոփոխել տալ երկրորդ ընթերցման նախապատրաստվող օրինագիծը: Դրանով նոր ձևավորված Գեղամասար համայնքի բնակիչներն իրականություն դարձրին համայնքների խոշորացման մինչ այդ չկիրառված ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ իրենց ցանկությամբ և փոխադարձ համաձայնությամբ ձևավորեցին համայնքը:
Գեղամասարում միավորվեցին Սոթք, Կութ, Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Կուտական, Տրետուք, Ազատ, Շատվան, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր և Շատջրեք գյուղերը: Նշվածներից 14-ը նախկինում թուրքաբնակ գյուղեր էին, նրանց հեռանալուց հետո՝ 1988 թ.-ին այդ գյուղերը բնակեցվեցին Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով:
Վարդենիսի բարձրադիր հատվածում գտնվող լեռնային և բարձրլեռնային այս գյուղերը, որոնք շրջապատում են Սևանա լիճը, բավականին մեծ հեռավորություն ունեն համայնքային կենտրոն Սոթք գյուղից: Տեսականորեն դժվար է հավատալ, թե Սոթքից 45 կմ հեռավորության վրա գտնվող Փամբակ, Դարանակ և շրջակա մյուս գյուղերի բնակիչներն ինչպես են համաձայնության եկել միավորվելու մեկ համայնքում, բայց այն իր նախապատմությունն ունի:
Այս գյուղերում վերաբնակվածները Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքու, Կիրովաբադ, Շամխոր քաղաքներից ու դրանց հարակից գյուղերից, Չարդախլուից, Շահումյանի շրջանից են բռնագաղթել: Բայցևայնպես, նրանք միմյանց հետ ավելի շատ ընդհանրություններ ունեն՝ տեղային, մշակութային, կենցաղային և ավելի հեշտ են փոխհարաբերվում, քան տեղացիների հետ:
Երկրորդ՝ ոչ պակաս կարևոր գործոնը տեղացիների անբարյացակամ վերաբերմունքն է եղել եկվորների նկատմամբ, որը նրանց ավելի է դրդել համախմբվելու: Ի սկզբանե նշված գյուղերում համայնքապետերը և ՏԻՄ աշխատակազմը Վարդենիսից էին, այնտեղ էլ բնակվում էին: Այս գյուղերը նրանց համար յայլաներ էին, որտեղ նրանք անասուններ էին պահում և մեծ հողատերեր էին: Փախստականներին նրանք վերաբերվում էին իբրև աշխատուժի, որոնց միակ զբաղվածությունը իրենց մեծաքանակ անասունները խնամելն էր ու հողը մշակելը: Սեզոնի ավարտին վարդենիսցի ղեկավարները հեռանում էին գյուղից ու դաժան ձմեռներին մոռացության տալիս ձյան ու բքի մեջ պաշարված բնակիչներին՝ մինչև գարնան հալոցքից կսևանային գյուղ տանող քարքարոտ ճանապարհները:
Անհամեմատ շահեկան վիճակում էին այն գյուղերը, որտեղ տեղական ինքնակառավարումը փախստականների ձեռքում էր, օրինակ՝ Գեղամասարը: Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղից տեղահանված հայերը ողջ գյուղով վերաբնակվել էին այստեղ և համայնքի ու դպրոցի կառավարումն իրենք էին ստանձնել:
Քաղաքաբնակները մինչ 2000թ. սկզբները հեռացան գյուղերից, հեռավոր և բնակլիմայական անբարենպաստ պայմաններին նրանցից շատ քչերը դիմացան: Միավորված 18 գյուղերում միասին մոտ 7400 մարդ է բնակվում: Գյուղերում ասում են, որ իրականում փաստացի բնակվողներն ավելի քիչ են: Գրանցված անձինք կան, որոնք տասնամյակներ առաջ հեռացել են հանրապետությունից, այլ երկրի քաղաքացիություն են ընդունել:
«Ովքեր գնալու էին՝ վաղուց գնացել են, մնացողների համար սա իրենց հայրենիքն է, հավասարապես մասնակցեցին սահմանների պաշտպանությանը, հետո զբաղվեցին իրենց տնտեսությունները շենացնելով: Գյուղացիները գիտեն, որ պետք է հող մշակեն, անասուն պահեն, և որքան էլ դաժան են կլիմայական պայմանները՝ դիմացան»,- ասում է Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը: Մինչև համայնքի խոշորացումը նա Փոքր Մասրիկի համայնքապետն է եղել:
Նրա ասելով՝ փախստականների զանգվածաբար հեռանալու գործում մեծ էր տեղացիների գործոնը: «Ամեն ինչ անում էին, որ հեռանանք: Կրթություն ստացածների համար այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ատագաղթեն, ընդդիմադիրներ չունենան: Եթե 50 տնտեսություն կար մնացող, ամեն ինչ արեցին, որ 25-ը մնա: Ասածս, իհարկե, բոլորին չի վերաբերում: Այստեղ դիմավորողն էլ մեծ կապ ունի՝ ու՞ր է տանում, ի՞նչ պայմաններ է առաջարկում, հո՞ւյս է տալիս, թե՞ ընդհակառակը՝ հուսահատեցնում է»,- ասում է Վարդան Մարգարյանը:
Համայնքների խոշորացումը վարդենիսցի «իշխանավորներից» «ազատագրվելու» ամենապատեհ հնարավորությունն էր նրանց համար: Գեղամասարում միավորված բազմաթիվ գյուղերում վերջին տասնամյակում հաջողվել էր համայնքի ղեկավար ընտրել վերաբնակվածներից և քիչ-քիչ ձերբազատվել ընչազուրկի ու խեղճի կարգավիճակից: Իրենց մասին ասում են՝ էլ ի՞նչ փախստական, 30 տարի է անցել, դպրոցն այստեղ ենք ավարտել:
Ուրախալի էր 15 տարվա ընդհատումից հետո կայացած տնտեսություններ տեսնելը՝ նախկին փախստականներից ոմանք մեծաքանակ անասունների տեր են կամ խոշոր հողատերեր են դարձել: Բնակչության որոշ մասը բարելավել է իր սոցիալական վիճակն ու կենցաղը: Նախկինում նրանց մեծ մասի զբաղվածությունը վարդենիսցիների ֆերմաներում 1000-2000 դրամ օրավարձով կովկիթի աշխատանքն էր և գյուղից մեծ հեռավորության վրա գտնվող կարտոֆիլի ցանքատարածքները մշակելը:
Սակայն, Գեղամասարում միավորված գյուղերում ոչինչ չի փոխվել, ենթակառուցվածքներ չեն ստեղծվել: Այստեղ ամենից շատ աչքի զարնողը 1990-ական թվականներից մնացած կիսաքանդ շինություններն են: Ասում են՝ քաղաքից եկածները չէին դիմանում ցրտաշունչ ձմեռներին, իրենց տունն անգամ քանդեցին, փայտը վառեցին, որ տաքանան, հետո հեռացան: Մյուս մասն էլ տեղացիներն էին քանդում ու որպես շինանյութ վաճառում:
Այսօր էլ այս գյուղերում միգրացիան շարունակվում է. ուսանելու նպատակով մայրաքաղաք տեղափոխվածները չեն վերադառնում, մի մասն էլ արտագնա աշխատանքի է մեկնում: Երիտասարդության դժգոհությունը գյուղերի մեկուսացվածությունն է՝ անհրապույր, ենթակառուցվածքներից զուրկ գյուղերում ոչ միայն իրենք զբաղմունք չունեն, այլև երեխաների կրթությունն ու դաստիարակությունը երաշխավորված չէ՝ գյուղերում կրթական ու մշակութային կենտրոններ չկան: Երիտասարդ ընտանիքներից նրանք, ովքեր կարողանում են գոնե տուն վարձել մայրաքաղաքում կամ մերձակա քաղաքներում, հեռանում են գյուղից:
Գեղամասար համայնքում 0-6 տարեկան 675 երեխա է հաշվառված, բայց շատ փոքր թվով երեխաներ են մանկապարտեզ հաճախում, որովհետև 18 բնակավայրից միայն երկուսում է մանկապարտեզ գործում՝ Սոթք և Տրետուք գյուղերում: Համայնքի ոչ մի գյուղում մշակութային, կրթական, մարզական հաստատություններ չկան: Բացառություն են հանրակրթական դպրոցները՝ 18 գյուղից 17-ում դպրոց կա:
Մի կողմից՝ տեղական իշխանությունը դատապարտում է երիտասարդությանը, որ գյուղից հեռանալով ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն չի տալիս՝ փոքրաթիվ երեխաներով մանկապարտեզների և դպրոցների հետագա լիարժեք գործունեությունը երաշխավորված չէ: Մյուս կողմից՝ բնակիչները հեռանում են, որովհետև երեխաների տարիքը սպասեցնել չի տալիս: Համայնքում 7-17 տարեկան 1298 մարդ է հաշվառված, որոնք ո՛չ մշակութային, ո՛չ մարզական և ո՛չ էլ նախադպրոցական կրթություն չեն ստանում:
Բնակիչները պատմում են, որ վերաբնակվելու առաջին տարիներին գյուղերում մշակույթի տներ կային, որտեղ միջոցառումներ էին իրականացվում: Հետո վիճակը գնալով վատացավ, շենքերի մի մասը վաճառեցին, մի մասը՝ քանդեցին ու որպես շինանյութ վաճառեցին: Նորն էլ չկառուցվեց:
Տարիներ առաջ ինքս ականատես եղա, թե ինչպես համայնքապետարանի կուտակած պարտքերի պատճառով փակվեց Փոքր Մասրիկի մանկապարտեզը: Փամբակ, Դարանակ, Նորակերտ, Փոքր Մասրիկ գյուղերը Գեղարքունիքի մարզում մշտապես հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշ են ունեցել: Փոքր Մասրիկի համայնքապետը 2009 թ.-ին շուրջ 40 մլն դրամի բյուջետային պարտք ուներ՝ 1996 թ.-ից հարկեր չէր գանձել: Աշխատակիցների սոցվճարների պարտքերը գնալով աճել էին` հասնելով 11 մլն դրամի, որը գանձելու համար, ԴԱՀԿ-ի որոշմամբ, աճուրդի էր հանվել համայնքային սեփականություն գյուղտեխնիկան` կոմբայն, «Բելառուս» մակնիշի տրակտոր, բեռնատար ավտոմեքենա, կցասայլ եւ այլն: Պարտքի մյուս մասը մարելու համար նա որոշեց փակել մանկապարտեզը՝ բնակչությանը զրկելով քաղաքակրթության հետ առնչվելու վերջին հնարավորությունից: Փոքր Մասրիկի մանկապարտեզն այդպես էլ չվերաբացվեց:
«Մանկապարտեզները կարևոր են, եթե երեխաների թիվը բավարարի, մենք կարող ենք այդ հարցը լուծել: Մանկապարտեզներ բացելը շատ տեղերում կախված է երեխաների թվաքանակից: Տրետուք և Կուտական գյուղերի երեխաները միասին մի խումբ են ապահովում»,- ասում է Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Մարգարյանը: Ապա հավելում է, որ այդ բոլոր հարցերը շատ կարևոր են, բայց իրենք սկսել են ամենաառաջնայինից:
Համայնքում առաջնահերթ են համարել հետևյալ աշխատանքները՝ խմելու ջուր, ոռոգման ջուր, գիշերային լուսավորություն, մշակույթի զարգացում, ճանապարհների բարեկարգում:
Սուբվենցիոն ծրագրերով այս տարի 12 բնակավայրում խմելու ջրագիծ կանցկացնեն, ևս 2 բնակավայրում ոռոգման ներտնտեսային համակարգ կկառուցվի, 4 բնակավայրում լուսավորություն կանցկացնեն: Ծրագրել են ներհամայնքային ճանապարհները կառուցել և բարեկարգել դաշտամիջյան ճանապարհները: «Բոլոր ծրագրերն ուղղում ենք խմելու ջրին՝ առաջնային այս հարցն ենք ուզում լուծել, ոչ մի գյուղում լիարժեք ջուր չեն ունեցել մինչ օրս: Եթե ջուր լինի, մարդը կմնա և սոցիալական մյուս հարցերը կլուծի»,-ծրագրված աշխատանքների առաջնահերթությունն է հիմնավորում Վ. Մարգարյանը:
Ոչ բոլոր գյուղերը ոռոգման ներտնտեսային համակարգ ունեն, որի պատճառով բնակիչները հողից մեծ եկամուտ չեն ստանում: Բնակիչների 70%-ը հացահատիկային մշակաբույսեր է ցանում, զարգացած է անասնապահությունը, սակայն խոտհարքները չեն բավականացնում: Խոտ հայթայթելու համար վարելահողերը վերածում են խոտհարքների: Չորային եղանակը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, որը տնտեսական զարգացման կարևոր ճյուղն է:
Խոշորացվելուց հետո էլ այս գյուղերում ներդրումներ չեն արվել ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Միջազգային կազմակերպությունները շարունակում են սոցիալական աջակցության փոքր ծրագրեր իրականացնել: Տարածքային զարգացման հիմնադրամն այս տարի խոստացել է 4 միավոր տեխնիկա տրամադրել՝ բեռնատար ինքնաթափ մեքենա, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, կոմբայն (կցասայլով) և ավտոգրեյդեր: Նշված տեխնիկան անխափան շահագործելու և սպասարկելու համար 284 մ2 ավտոկայանատեղի կկառուցեն: 40 մլն դրամ արժեքով այս ծրագրին համայնքը կմասնակցի 2 մլն դրամ ներդրումով՝ արժեքի 5%-ը:
Գեղամասարում համայնքները միավորելուն դրական են վերաբերվում հատկապես նրա համար, որ ֆինանսների կենտրոնացումը և արդյունավետ կառավարումը հնարավորություն է տալիս զարգացման ծրագրեր իրականացնել գյուղերում: Հակառակ դեպքում, փոքր գյուղերն իրենց 2-3 մլն դրամանոց բյուջեով ոչ մի աշխատանք չէին կարող կատարել: Երկրորդ կարևոր ցուցիչն այն են համարում, որ դրանով իրենց համայնքում վերջ դրվեց տոհմական կառավարմանը:
Գեղամասարում տեղական կառավարումը՝ համայնքի ղեկավար, տեղակալներ, խորհրդական և վարչական աշխատողներ, նախկին փախստականներն են իրականացնում: Նրանցից ոմանք մինչ խոշորացումը համայնքի ղեկավար են եղել գյուղերից մեկում:
Գեղամասար համայնքի ավագանին 11 հոգուց է կազմված, միավորված 18 բնակավայրից միայն 9-ը անդամներ ունեն ավագանու կազմում: Սոթք և Փոքրիկ Մասրիկ բնակավայրերը, որոնք մյուս բնակավայրերից բնակչության թվաքանակով ամենամեծն են, երկուական անդամ ունեն: Բնակավայրերի կեսը ներկայացված չէ ավագանու կազմում, սակայն դժգոհություններ չունեն: Կարևորը, որ տեղական ինքնակառավարման մարմիններում յուրայիններն են և չեն կասկածում, որ հավասարապես կմտահոգվեն բոլոր բնակավայրերի համար:
Վարդան Մարգարյանն ասում է, որ բնակչության քանակով շատ փոքր գյուղերում՝ Դարանակ, Ազատ, Կութ և այլն, նախորդ տարի մեծ ծավալի աշխատանք են կատարել: Նախկինում դա անհնար էր: Դարանակի վարչական ղեկավար Հովհաննես Կարապետյանն ասվածին հավելում է, որ վերջին տարիներին ևս 5 ընտանիք բնակություն է հաստատել Սևանա լճի ափին գտնվող գողտրիկ գյուղում: Բնակչության թվաքանակի ավելացումն, անշուշտ, կարևոր ցուցիչ է դրական տեղաշարժը գնահատելու համար:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել