
ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումներն ուղարկվել են խորհրդարան
Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների թափուր պաշտոններում առաջադրումների հայտարարությունները տեղադրվել են խորհրդարանի կայքում:
Կառավարությունն առաջադրել է Վահրամ Ավետիսյանի, դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանի, Հանրապետության նախագահը` Արթուր Վաղարշյանի թեկնածությունները: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ: Աշխատել է նաև գլխավոր դատախազությունում, 2015 թվականից գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:
Ավետիսյանի հայրը 2008-2016 թվականներին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարած Դավիթ Ավետիսյանն է: Մարտի մեկի զոհերի հարազատները սակայն վրդովվել են այս առաջադրման առնչությամբ: Ավետիսյանը պնդում է` ընտրվելու պարագայում շահերի հնարավոր բախման դեպքում չի մասնակցի այն գործերի քննությանը, որոնց ներքո լինի իր հոր ստորագրությունը: Իսկ առհասարակ Ավետիսյանն ընդգծում է` չի պատրաստվում արդարացնել դատական համակարգի առկա խնդիրները, նաև դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազ:
Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Խունդկարյանը այն քիչ դատարանների նախագահներից էր, որը այս տարվա փետրվարին խորհրդարանում մասնակցեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի խորհրդարանական լսումներին, ելույթով հանդես եկավ, պատասխանեց մասնակիցների հարցերին:
Խունդկարյանը դատական համակարգում աշխատանքի շուրջ 20 տարվա փորձ ունի, նախ աշխատել է տնտեսական դատարանում, ապա Վերաքննիչ քաղաքացիական, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում որպես դատավոր, ապա` նախագահ: Վաստակավոր իրավաբան է:
Հանրապետության նախագահն էլ արդեն երկրորդ անգամ առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, վերջինս իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ:
Նախորդ առաջադրումը նախագահը կատարել էր 2019 թվականի մայիսի 15-ին: Այն ժամանակ Վաղարշյանի թեկնածությունը հինգերորդ մերժվածն էր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղը համալրվեց Վահե Գրիգորյանի թեկնածությամբ:
Տեղեկացնենք նաև, որ մեկ այլ մերժված թեկնածու` Գոռ Հովհաննիսյանը, հայտնել էր, որ նախագահի գրասենյակից ևս մեկ անգամ առաջարկել են ներկայացնել իր թեկնածությունը, սակայն ինքը մերժել է: Իր որոշումը Հովհաննիսյանը բացատրել էր հետևյալ կերպ` երեք դատավորների պաշտոնից ազատումը հակասահմանադրական է, ուստի չի կարող իրեն թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական ճանապարհով թափուր մնացած տեղի համար:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր:
Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:
Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության:
Սահմանադրության համաձայն` ՍԴ դատավորի թափուր պաշտոն լինելու դեպքում իրավասու մարմինները երկամսյա ժամկետում թեկնածու են ներկայացնում խորհրդարան, որից հետո պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կատարում են իրենց ընտրությունը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ ՍԴ դատավորների ընտրության հարցով կարող է արտահերթ նիստ հրավիրվել: Վերջինս հիշեցրեց, որ առաջադրումների ժամկետը լրանում է օգոստոսի 26-27-ին, հետևաբար խորհրդարանը կարող է և ՍԴ դատավորների ընտրություն կատարել աշնանային նստաշրջանի ընթացքում: Այժմ արտահերթ նիստ հրավիրելու դեպքում պատգամավորները պետք է հետ կանչվեն արձակուրդից:
Տեղեկացնենք նաև, որ այնուամենայնիվ պատգամավորները արձակուրդից սահմանված ժամկետից ավելի շուտ կվերադառնան, քանի որ հայտնի է` արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է, հետևաբար հրավիրվելու է հատուկ նիստ` այդ օրակարգով:
Մեկնաբանել