
Ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. նոր նախագիծ
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:
Արդարադատության նախարարությունը նաև նախատեսում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։
Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և փոխկապակցված գործերի քննության ենթաբաժիններ։
Արդարադատության նախարարությունը մշակել է չափանիշներ Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար։ Մասնավորապես՝ այդ դատարանների դատավոր չի կարող նշանակվել
- այն անձը, ով լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով։ Կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվել է էական կարգապահական խախտման հիմքով կամ ում կայացրած դատական ակտի վերաբերյալ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտ։
- այն դատախազը, քննիչը նախկին դատախազը կամ նախկին քննիչը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, դասային աստիճանի, պաշտոնի կամ զինվորական կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կամ պաշտոնից ազատում, գերատեսչական կրծքանշանից զրկում, հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով կամ հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով։
- Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող լինել այն հետաքննիչը, օպերլիազորը, նախկին հետաքննիչը կամ նախկին օպերլիազորը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը կամ 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով, պաշտոնի կամ կոչման իջեցում մեկ աստիճանով։
- Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող լինել այն փաստաբանը կամ նախկին փաստաբանը, ով վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների, տուգանք կամ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում կարգապահական տույժերից մեկը։
Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվելու է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:
«Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաև փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում և օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը:
Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար այլ դատավորների համեմատությամբ նախատեսվելու է ավելի բարձր աշխատավարձ:
Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլև Վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ:
Առաջարկվում է նաև բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:
Մեկնաբանել