
«Հայաստանի ապագան ոչ թե բիզնեսի, այլ գիտության ու տեխնիկայի մեջ է»
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Վարդանյանը, չնայած 80-ամյա տարիքին, շարունակում է դասավանդել հարազատ բուհում' Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում (ԵՊՏՀ): Դատելով մանկավարժ-գիտնականի արտաքինից' դժվար է ասել, որ նա արդեն իսկ 80 տարեկան է (ծնվել է 1926թ. նոյեմբերի 29-ին): Գաղտնիքը Լեւոն Վարդանյանի կենսասիրության ու առողջ ապրելակերպի մեջ է:
Իր մանկության մասին խոսելիս Լեւոն Վարդանյանը հարկ է համարում սկսել ծնողներից: Ու տեղափոխվում է 1915-ի Արեւմտյան Հայաստան' Բիթլիսի վիլայեթի Խոշգյալդի գյուղ:
«Գյուղի գրեթե բոլոր բնակիչները հայեր են եղել, չնայած փոքրաթիվ քրդեր էլ են ապրել: Հորս մայրը' Ձյունիկ տատը, ջարդերի ժամանակ աղջկա շորեր է հագցրել 10 տարեկան որդուն' Եղիշեին, ու կարողացել փրկել նրան: Տատիս երկու ավագ որդիները մինչ այդ մահացել էին ինչ-որ հիվանդության պատճառով: Մայրս եղել է հարեւանի աղջիկը ու տատիս դուր է եկել, եւ նա փրկել է նաեւ մորս, որը կորցել էր հորը»,- պատմում է Լեւոն Վարդանյանը:
Ռուս զինվորների օգնությամբ գաղթականները հասել են Արեւելյան Հայաստան, այնուհետեւ շարժվել դեպի Թիֆլիս, անցել Կովկասը եւ 1920-ին հաստատվել Կուբանի երկրամասում' Կրասնոդարում: Մի քանի տարի անց երիտասարդ Եղիշեն արդեն ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում քաղաքում: Ու պատահական չէր, որ հետագայում նա դարձավ կուսակցական եւ պետական գործիչ, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ ( 1947-1952թթ. ) ու դեպուտատ:
1926-ի նոյեմբերի 29-ին մշեցի Վարդանյանների ընտանիքը համալրվեց երկրորդ արու զավակով' Լեւոնով, հետագայում ծնվեցին եւս երկուսը: Իսկ 1930-ին Վարդանյանները Կրասնոդարից տեղափոխվեցին Երեւան:
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Լեւոնը շատ էր ուզում օդաչու դառնալ, մեկնել ճակատ:
«1942-ին 9-րդ դասարանում բժշկական հանձնաժողով էինք անցնում: Այդ ժամանակ հասակս ընդամենը 148 սմ էր, դրա համար էլ չկարողացա ընդունվել օդաչուական դպրոց,- աշակերտական տարիներն է հիշում Լեւոն Վարդանյանը,- մինչեւ վեցերորդ դասարանը գերազանցիկ էի, հետո էլ լավ էի սովորում, բայց երբեմն քիմիայից երեքներ էի ստանում: Տատս ուզում էր, որ բժիշկ դառնամ, բայց հայրս կողմնակից էր, որ ինժեներական կրթություն ստանամ, դառնամ արտադրության աշխատող»:
Այդպես էլ եղավ. Երեւանի Խ. Աբովյանի անվան դպրոցն ավարտելուց հետո 1944-ին Լեւոնն ընդունվեց Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ( ԵՊՃՀ ) մեխանիկայի ֆակուլտետ, որն ավարտեց հինգ տարի անց:
«1949-ին 4 հոգով գնացինք Լենինգրադ' ասպիրանտուրայում սովորելու: Դեռ չէի ավարտել, երբ գրադարանում ծանոթացա մի հայ տղայի հետ: Անունը Ժորես էր, ազգանունը' Անանյան: Թիֆլիսահայ էր, սովորում էր Լենինգրադի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ժորեսի միջոցով ծանոթացա նրա քրոջ' Էլզայի հետ, ով Թիֆլիսից եկել էր եղբոր մոտ' սովորելու»,- պատմում է Լեւոն Վարդանյանն ու հիշում, թե ինչպես հետո Էլզան հիվանդացավ եւ վերադարձավ Թբիլիսի, իսկ ինքը, 1953-ին ավարտելով ասպիրանտուրան, եկավ Երեւան: «Լենինգրադից վերադառնալուց հետո նամակագրական կապ էինք պահպանում: Հետո մեր ընտանիքները ծանոթացան, եւ 1954-ին ամուսնացանք»: ( Այսօր պարոն Վարդանյանն ու տիկին Էլզան ունեն երեք որդի, չորս թոռ եւ մեկ ծոռ ):
Ասպիրանտուրան ավարտելուց հետո Լեւոն Վարդանյանը սկսեց դասավանդել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետեւ աշխատանքի անցավ «Հայէլեկտրամեքենա» գործարանում, իսկ հետո կրկին վերադարձավ բուհ: 1972-ը հիշարժան դարձավ նրա համար: Այդ տարի Վարդանյանին շնորհվեց տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի կոչում: Նույն թվին պոլիտեխնիկականում նա ձեւավորեց «Մեքենաշինական արդյունաբերության տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնը եւ դարձավ դրա վարիչը: 1983-ին Լեւոն Վարդանյանին շնորհվեց ՀԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում: Գիտական եւ մանկավարժական գործունեությանը զուգահեռ դոկտոր, պրոֆեսոր Վարդանյանը զբաղվում էր նաեւ հասարակական աշխատանքով:
Լեւոն Վարդանյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, որոնք նվիրված են Հայաստանի մեքենաշինական ձեռնարկությունների արտադրության բազմաթիվ խնդիրների, արտադրության կազմակերպման առաջավոր ձեւերի ուսումնասիրություններին:
1984-1991թթ. Լեւոն Վարդանյանը ղեկավարում էր Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը' ԵրԺՏԻ-ն, որը հետագայում վերանվանվեց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան (ԵՊՏՀ): Լեւոն Վարդանյանի անվան հետ են կապվում բուհի կայացումն ու ինքնահաստատումը: Վարդանյանի ռեկտորության տարիները համընկան արցախյան շարժման, երկրաշարժի ու անկախ պետականության կազմավորման հետ, բայց ԵրԺՏԻ-ն շարունակեց առաջնընթացն ու որակական աճը:
80-ամյա մանկավարժն ասում է, որ չի հոգնել դասավանդելուց ու այսօր էլ սիրով գնում է համալսարան:
«Հաճելի է, երբ առավոտյան համալսարան մտնելիս քեզ բարեւում են պահակը, հավաքարարը, ոստիկանը: Նկատում ես, որ քո ուսանողների մեջ խելոք ու տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք կարողանում են իրենց տեղը գտնել գիտության մեջ ու կյանքում: Եվ այդ ամենը տեսնելով' չես շտապում թողնել բուհը: Բայց երբ որ իմ ոլորտում ավելի լավ երիտասարդ մասնագետներ կգան, ես կթողնեմ գործս: Իսկ այդ մասնագետները կան, պարզապես նրանք ինչ-ինչ պատճառներով չեն գալիս համալսարան»,- ասում է Լեւոն Վարդանյանը:
Փորձառու գիտնական-մանկավարժը սիրով է կիսվում այսօրվա մեր գիտության ու կրթության, երկրի ու ընտանիքի մասին իր հայացքներով:
«Հայաստանի ապագան ոչ թե բիզնեսի, այլ գիտության ու տեխնիկայի մեջ է: Մեր երկիրը սովետական տարիներին բարձրագույն կրթություն ստացածների թվով (1000 մարդու հաշվով ) առաջինն էր Միությունում: Մենք ուժեղ երկիր էինք արդյունաբերական ոլորտում, իսկ այսօրվա լքված ու կիսավեր գործարանների տեսքը տխրեցնում է: Մեր գիտական պոտենցիալը հեռանում է այստեղից, աշխատանք գտնում արտերկրում ու էլ չի վերադառնում: Ճիշտ է, ուրախալի է, որ մեր ասպիրանտներն ու գիտնականները աչքի են ընկնում դրսում, բայց մյուս կողմից Հայաստանը կորցնում է նրանց»,- ցավով փաստում է Լեւոն Վարդանյանը' պատճառաբանելով երկրի սոցիալ-տնտեսական ոչ բավարար վիճակը:
Ընտանիքի, գիտության ու կրթության իր եռանկյունին Լեւոն Վարդանյանը ներկայացնում է այսպես. «Առաջինն ինձ համար, իհարկե, ընտանիքն է: Ընտանիքը երկրի հիմքն է: Եթե ընտանիքը ամուր եղավ, երկիրն էլ կայուն կլինի: Մեր ազգի, հայ ընտանիքի սովորույթներն ու ավանդույթները, մեր ժողովրդի ստեղծած մշակույթը անչափ կարեւոր արժեքներ են, եւ դրանք պետք է միշտ պահպանենք: Իսկ կրթությունն ու գիտությունը, ես կասեի, հավասարազոր են ու իրար, նաեւ' ընտանիքին լրացնող ... Սրանք երկրի հիմնասյուներն են»:
Մեկնաբանել