
Ավելի մոտ ճշմարտությանը
«Դու կարող ես լինել ճիշտ, կարող եմ ես լինել սխալ, բայց միասին մենք կարող ենք ավելի մոտ լինել ճշմարտությանը»,- ասել է գիտնական Կարլ Փոփերը (1902-1994): Գիտնականի այս միտքը վերաբերում էր բանավեճերի կարեւորությանը:
2004 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Մելիսա Բրաունի առաջարկությամբ ստեղծվեց առաջին ուսանողական բանավիճային ակումբը: Սկզբնական շրջանում ակումբի անդամները մոտ 20 հոգի էին, սակայն, որոշ ժամանակ հետո ուրիշ համալսարաննների ուսանողներ նույնպես ընդգրկվեցին եւ նույնիսկ իրենց բուհերում ստեղծեցին ակումբներ:
Ակումբների անդամներն այժմ հնարավորություն ունեն շփվել եւ կապ պաշտպանել նաեւ նոր ստեղծված կայքի միջոցով' www.debate.am: Կայքը ներկայացվեց ուրբաթ օրը Ամերիկյան համալսարանում կայացած հավաքին:
«Մեր նպատակն էր, որպեսզի բանավեճային արվեստն ավելի լավ ծանոթ լինի ուսանողներին: Շատ կարեւոր է, որ ուսանողները կարողանան զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, արագ վերլուծելու եւ կողմնորոշվելու կարողությունները»,- ասում է տկն Բրաունը:
![]() |
![]() |
Բանավեճերը սկսվում են գարնան եւ աշնան ամիսներին' ամեն ուրբաթ: Սովորաբար ամեն տարի մոտ 40 հանդիպումներ են կազմակերպվում: Ցանկացած ուսանող կարող է ընդգրկվել ցանկացած բանավեճում, առաջադրել իր թեման կամ հայտնել իր կարծիքը: ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ստեփան Խզրթյանն արդեն մեկ տարի ուսանողական բանավեճերի ակումբների մասնակից է: Նրա կարծիքով բանավեճի ընթացքում մշակվում է յուրահատուկ մտածելակերպ:
«Ցանկացած հարցին արդեն նայում եմ ոչ թե ուղղակի, այլ փորձում եմ այն դիտարկել տարբեր անկյուններից, քանի որ ավելի հեշտ է դիմացինին հակադրվել տարբեր ուղղություններով: Իմ խոսքն ավելի հղկված է, ավելի տրամաբանական է, բացի այդ ես կարողացա հաղթահարել հանդիսատեսի դիմաց ելույթ ունենալու վախը: Այդ կարողությունը մեզ դարձնում է ավելի ուժեղ դիմացինին հաղթելու համար»,- ասում է Ստեփանը:
![]() |
![]() |
Բանավեճերի թեմաները բազմազան են' տնտեսական, քաղաքական, փիլիսոփայական, նայած թե տվյալ բանավեճային խմբերն ինչպիսի գիտելիքների պաշար ունեն:
www.debate.am կայքի հեղինակները ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն են:
«Նորեկ բանավիճողները կարող են կայքում կարդալ ինչու՞ եւ ինչպե՞ս բանավիճել: Բայց, իհարկե, մենք չենք կարող տալ բոլոր հարցերի պատասխանները, ամեն մեկն ինքը պետք է որոշի իր ռազմավարությունը եւ ոճը: Կայքի նպատակը չէ սովորեցնել բանավիճելու արվեստ: Բանավիճել չի նշանակում միայն կանգնել եւ ասել այն մտքերը, որոնք այդ պահին կծագեն ձեր մտքում: Կան հստակ կանոններ եւ ուղեցույցներ, բայց ամեն մեկը պետք է փնտրի իր ոճը: Մենք միայն փորձեցինք վիրտուալ ցանցով կապել բոլոր ուսանող բանավիճողներին»,- ասում է կայքի համահեղինակ Նարինե Մանուկյանը:
Մեկնաբանել