
Ձախողված մրցաշրջան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց «Եվրո-2008»-ի ընտրական փուլի իր մրցելույթները, որոնք նախատեսված էին 2006 թ.-ին: Մեր թիմն այս տարի անցկացրեց 4 խաղ, իսկ մյուս 10 մրցավեճերը կկայանան հաջորդ տարի:
Հավաքականը 4 խաղերից երեքում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում մերոնք 0-1 հաշվով զիջեցին բելգիացիներին, այնուհետեւ կրկին սեփական հարկի տակ մրցեցին ֆինների հետ. խաղն ավարտվեց 0-0: Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը Բելգրադում 0-3 հաշվով պարտվեց սերբերին: Իսկ այս տարվա վերջին խաղը թիմն անցկացրեց Հելսինկիում, որտեղ նվազագույն հաշվով զիջեց ֆիններին:
Այսպիսով՝ հավաքականը ցույց է տվել հետեւյալ արդյունքը՝ 4 խաղ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությունը՝ 0-5 եւ վաստակած 1 միավոր: Այս ցուցանիշով թիմը զբաղեցնում է «Եվրո-2008»-ի ընտրական փուլի առաջին խմբի 7-րդ հորիզոնականը՝ առաջ լինելով միայն ադրբեջանցիներից: Վերջիններս նույնպես վաստակել են մեկ միավոր, պարզապես Հայաստանի հավաքականին զիջում են գնդակների տարբերությամբ՝ 1 խփած, 8 բաց թողած: Հիշեցնենք, որ առաջին խմբում ընդգրկված են նաեւ Պորտուգալիայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի եւ Ղազախստանի ընտրանիները:
Արդյունքը միանշանակ գոհացուցիչ չէ: Գոհացուցիչ չէ ոչ միայն ձեռք բերած միավորների, այլեւ խաղային որակի առումով:
«Հավաքականի ելույթները գնահատում եմ բնականաբար վատ, քանի որ վաստակած միավորները խոսում են ամեն ինչի մասին: Եթե հավաքականի ակտիվում ընդամենը մեկ միավոր է, այն էլ սեփական հարկի տակ 0-0 հաշվով խաղից հետո, ուրեմն թիմը լավ չի խաղացել»,- ասում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Շոտլանդացի Յան Պորտերֆիլդը թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել այս տարվա օգոստոսի վերջին: Հասկանալի է, որ այս կարճ ժամանակահատվածում մարզիչն արմատական փոփոխություններ չէր կարող կատարել, եւ սխալ կլինի անհաջողության ամբողջ բեռը բարդել նրա վրա: Բայց հարցն այն է, որ թիմն այդպես էլ չցուցադրեց խաղային ձեռագիր, բովանդակային խաղ: Թերեւս բացառություն էր միայն վերջին' Ֆինլանդիա-Հայաստան խաղը, որում մեր ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան: Մերոնք ունեին որոշակի առավելություն, սակայն վարպետության պակասն ու կաշկանդվածությունը բացասական անդրադարձան խաղի ելքի վրա:
Կարեն Գիլոյանի գնահատմամբ' երկու հանդիպումներում մեր ընտրանին իրեն վատ չդրսեւորեց. «Խաղային առումով վատը չէին Բելգիայի հետ երեւանյան եւ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումները: Ֆինների հետ վերջին խաղում մերոնք իսկապես լավ խաղացին: Այնինչ սերբերի հետ հանդիպումը անցկացրին շատ վատ, ֆինների հետ Երեւանում էլ անիմաստ ֆուտբոլ խաղացին»:
Մարզասերն ըմբռնումով կմոտենա հավաքականի պարտությանը, եթե վերջինս զիջի համառ ու լարված պայքարում, ցուցադրի խաղ, որն ունի իմաստ եւ բովանդակություն: Բավական է հիշել 2003-ի Իսպանիա-Հայաստան հանդիպումը, երբ իսպանացիները հաղթեցին 3-0 հաշվով, բայց դրա համար մեծ ջանք ու եռանդ թափեցին: Դա հավաքականի այն ժամանակվա գլխավոր մարզիչ ռումինացի Միխայ Ստոյկիցայի երկրորդ խաղն էր, բայց թիմի ագրեսիվ խաղաոճն արդեն նկատելի էր: Ակնհայտ է, որ այդ հանդիպման եւ Սերբիա-Հայաստան խաղի միջեւ համեմատության եզրեր չկան:
Կարելի է ասել, որ մեր ազգային թիմը վերջին անգամ իսկապես դիտարժան եւ մարտական խաղ ցուցադրել է երկու տարի առաջ՝ 2004-ի նոյեմբերին, երբ Երեւանում 1-1 խաղաց ռումինացիների հետ (չհաշված 2005-ի աշնանը Անդորրայի թույլ ընտրանու դեմ արտագնա հեշտ հաղթանակը՝ 3-0, որն առայժմ վերջինն է մեր թիմի համար):
Այս տարի Հայաստանի հավաքականը անցկացրել է վեց խաղ՝ «Եվրո-2008»-ի ընտրական փուլի վերոնշյալ չորս հանդիպումները եւ տարեսկզբին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում կայացած Ռումինիա-Հայաստան (2-0) եւ Կիպրոս-Հայաստան (2-0) մրցավեճերը: Ու ամենացավալին այն է, որ, պարտվելով վեց խաղից հինգում, հայ ֆուտբոլիստներն այդպես էլ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ոչ մի գոլ չեն խփել, փոխարենը բաց են թողել ինը: Սա խոսում է հարձակման եւ, ընդհանրապես, ամբողջ թիմի թույլ խաղի մասին:
Հատկապես Հայաստան-Ֆինլանդիա եւ Սերբիա-Հայաստան խաղերում մերոնց հարձակման գիծը կատարելապես ձախողվեց: Ֆինների հետ մրցավեճում միակ վտանգավոր պահը պաշտպան Եղիշե Մելիքյանի հեռահար ուժեղ հարվածն էր, որը հետ մղեց դարպասապահը: Զարմանալի է, որ բարձրահասակ ֆինների ու պնդակազմ սերբերի դեմ մերոնք իրենց գրոհները փորձում էին զարգացնել եզրերից կատարված օդային երկար փոխանցումներով, որոնք հասցեագրվում էին համեմատաբար ցածրահասակ Էդգար Մանուչարյանին: Նկատելի է, որ շոտլանդացի մարզիչը բրիտանական ֆուտբոլ է փորձում ներմուծել Հայաստան: Այնինչ հայկական ֆուտբոլին խորթ են ուժային կոշտ պայքարի եւ օդային երկար փոխանցումների վրա հիմնված խաղը: Մենք չունենք բարձրահասակ, կոշտ պայքարի սովոր ֆուտբոլիստներ, ում միջոցով կարելի է խաղ կազմակերպել: Հայ ֆուտբոլիստները սովոր են տեխնիկական հնարքներով, կարճ ու միջին տարածության փոխանցումներով հագեցած խաղի:
Սակայն մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի կարծիքով' բրիտանական ոճին հարիր հեռահար փոխանցումները երբեմն արդարացնում են իրենց: «Ինչպես տեսանք Ֆինլանդիա-Հայաստան խաղում, օդային երկար փոխանցումների շնորհիվ մեր ֆուտբոլիստները մի քանի անգամ լավ դիրքերում հայտնվեցին: Եթե ամբողջ խաղի ընթացքում հինգ-վեց այդպիսի լավ փոխանցում լինի, դրանք կարելի է նյութականացնել, ու ի վերջո քանակը կվերածվի որակի: Այսօրվա ֆուտբոլը հեռահար փոխանցումների ֆուտբոլ է, խաղացողների արագությունները այնքան են մեծացել, որ իրար դեմ դժվար է պայքարել այդ հատկանիշով: Ֆուտբոլիստները փորձում են երկար փոխանցումներով լրացնել այն, ինչը չի հաջողվում ֆիզիկապես: Մերոնք լավ տեխնիկա ունեն, բայց արագ չեն խաղում, եւ դա կարելի է լրացնել այսպիսի փոխանցումներով: Կարծում եմ, որ հեռահար փոխանցումները կարող են հագեցնել ու ամբողջացնել մեր խաղը»,- ասում է Կարեն Գիլոյանը:
Այս տարվա ելույթներից հետո լայնորեն սկսեցին խոսել այն մասին, որ հավաքականը ճգնաժամ է ապրում: Սակայն 2006 թ.-ի ձախողված մրցաշրջանը թերեւս ճգնաժամի շարունակությունն է միայն: Կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվեց դեռեւս 2004-ին, երբ մեր ընտրանին ներգրավվեց աշխարհի 2006 թ.-ի առաջնության ընտրական փուլին: Թիմն աչքի ընկավ գլխավորապես թույլ ու անվստահ խաղով, ինչը շատ բաներով պայմանավորված էր գլխավոր մարզիչներ ֆրանսիացի Բեռնար Կազոնիի ու հոլանդացի Հենկ Վիսմանի անբավարար աշխատանքով:
«Արարատ-73-ի» ավագ Հովհաննես Զանազանյանը դեռ այն ժամանակ իր հարցազրույցներից մեկում ասել էր հետեւյալը. «Մեր հավաքականի կորիզը կազմող տղաները մեծացել են, իսկ նրանց հետեւից եկողներ, նրանց փոխարինողներ չունենք Կարծիքս այն է, որ առաջիկա մի քանի տարիներին մենք ուժեղ հավաքական չենք ունենա» ( «Ֆուտբոլ+» շաբաթաթերթ, 08.09.2004 ) :
Այսօր ունենք շնորհալի երիտասարդներ, որոնք խաղում են հավաքականում' Ռոբերտ Արզումանյան, Սամվել Մելքոնյան, Աղվան Մկրտչյան, Լեւոն Պաչաջյան, Էդգար Մանուչարյան, Վալերի Ալեքսանյան: Նրանցից, սակայն, դեռեւս միայն Արզումանյանն է իր կայուն խաղով հաստատվել թիմի հիմնական կազմում:
Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ հավաքականը շատ քիչ ընկերական խաղեր է անցկացնում: Պաշտոնական խաղերի առիթով է հիմնականում կոլեկտիվը հավաքվում եւ միասնական մարզումներ անցկացնում: Մեր թիմը իր պատմության 14 տարիների ընթացքում անցկացրել է 96 խաղ, որոնցից 64-ը պաշտոնական, 32-ը ընկերական հանդիպումներ են եղել:
Եվ ի վերջո հավաքականի խնդիրներն ավելի մտահոգիչ են դառնում այն պարզ պատճառով, որ 2007-ի աշնանը «Եվրո-2008»-ի շրջանակներում պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրանիները: Ու որքան էլ խոսվում է սպորտը քաղաքականությունից հեռու պահելու մասին, աներկբա է, որ այս սկզբունքային խաղերին քաղաքական հնչերանգ է տրվելու:
Մեկնաբանել