
Առանց հողի կատեգորիան փոխելու հէկի ջրահավաք ավազան են կառուցել․ ինչպե՞ս է Կուրթանի հողն օտարվել
Լոռու մարզում գտնվող Գարգառ գետի վրա 2005-2007 թվականներին հիդրոէլեկտրակայանի ջրահավաք ավազան է կառուցվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման։ Բացի դրանից, «Տիրակալ» ՍՊԸ-ին հողի նկատմամբ սեփականության իրավունքը տրամադրվել է կասկածելի հանգամանքներում։ Իսկ ընկերության բաժնետոմսերի առյուծի բաժինը պատկանում է «Ինեկոբանկ»-ի խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանին։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2019 թվականի հոկտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում: Պարզել է, որ Կուրթան գյուղում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ գործառնական նշանակության հողամասում, առանց օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է հէկի ջրահավաք ավազան։ Համայնքի ղեկավարը վերոնշյալ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել։ Այս և նույն համայնքում այլ խախտումների համար Գյուլագարակի համայնքապետը տուգանվել է 150 հազար դրամով:
Այցելեցինք Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի այն հատվածը, որտեղ, ըստ Տեսչական մարմնի, առանց հողի կատեգորիայի փոփոխման, հէկի ջրահավաք ավազան է կառուցվել։ Կուրթանից Հնեվանք վանական համալիր տանող ճանապարհի սկզբնամասի ձախ հատվածում՝ Գարգառ գետի վրա է կառուցված ջրահավաք ավազանը։ Պարզեցինք, որ ջրահավաք ավազանը պատկանում է «Տիրակալ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Կուրթան» հիդրոէլեկտրակայանին։
Հէկը կրում է համանուն գյուղի անունը՝ «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայան: Շահագործման է հանձնվել 2006 թվականին: «Տիրակալ» ՍՊ ընկերության 93.5 % բաժնետոմսերի սեփականատերը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանն է։ Մնացած 5 %-ը պատկանում է Ռոբերտ Վիրաբյանին, իսկ 1.5 %-ը՝ Երջանիկ Մանուկյանին: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է։
Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև ասել, թե ի՞նչ հիմքով է «Տիրակալ» ՍՊԸ-ն գետի վրա կառուցել ջրահավաք ավազանը։ Մհեր Գևորգյանը մեր բազմաթիվ հարցերին պատասխանել է 1-2 բառով։ Նշել է, որ ավազանի հողը սեփականության իրավունքով պատկանում է «Տիրակալ» ՍՊԸ-ին, սակայն չի պատասխանել ամենակարևոր հարցին՝ ի՞նչ հիմքով է հողի վրա այդ ավազանը կառուցվել։
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք «Տիրակալ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Գրիգորյանին և խնդրեցինք ասել՝ ընկերությունն ի՞նչ իրավունք ունի հէկի ջրահավաք ավազանի հողի նկատմամբ, արդյո՞ք փոխվել է հողի կատեգորիան։ Մխիթար Գրիգորյանը մեզ է տրամադրել ջրահավաք ավազանի, դրա հողի և կից կառուցված օպերատորի տնակի նկատմամբ սեփականության վկայականի լուսապատճեն։ Վկայականում, որպես անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ, նշված է․ «Կուրթան փհէկ-2-ի գլխամասային հանգույցի և հավաքվող ջրավազանի, օպերատորների տնակի սեփ․ իրավ․ գրանց․ վկ․ N1205880 16․11.05 թ․ շին. և թույլտվություն, N01 12.04.07թ․, շին.-ն շահագործման փաստագրման ակտ 23.04.07 թ․ աշխատանքային նախագիծ»։ Վկայականում բացակայում է գույքի կադաստրային ծածկագիրը, որը գույքը նույնականացնելու առանցքային տվյալն է։ Որպես հողամասի նպատակային նշանակություն՝ վկայականում գրված է «արդյունաբերական», իսկ օգտագործման նպատակը՝ «հէկի սպասարկման»։ Վկայականի վերջին էջում նշված է․ «Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04/10/2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում»։
Կադաստրի պատասխանը հարցերն ավելի է խորացնում
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզի ուսումնասիրությամբ պարզվում է, որ հէկի ջրահավաք ավազանն արտացոլված չէ քարտեզում, քարտեզում չկա նաև օպերատորների տնակը։ Ջրահավաք ավազանի արբանյակից արված լուսանկարով և տեղանքը ֆիքսող կադաստրային քարտեզից արված քաղվածքով դիմեցինք Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ հիմքով է սեփականության իրավունք տրամադրվել։
«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված տվյալներով կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այն համապատասխանում է «Տիրակալ» ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Կուրթանի փհէկ-2, գլխամասային հանգույց և հավաքվող ջրավազան, օպերատորի սենյակ անվամբ անշարժ գույքին, վկայական 2332855։ Իրավունքը ձեռք է բերվել համայնքի ղեկավարի 11/11/2005 թ.-ին կայացրած թիվ 27 որոշման, 11/11/2005 թ.-ին կնքված 3460 վարձակալության պայմանագրի, 13/12/2004 թ-ի թիվ 1 շինարարության թույլտվության, 05/11/2005 թ-ի թիվ 1 ավարտական ակտի, 12/04/2007 թ-ի թիվ 01 շինարարության թույլտվության, 23/04/2007 թ.-ի թիվ 01 ավարտական ակտի ինչպես նաև հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04/10/2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում»,- ասված է Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Ֆերդինանդ Կարայանի պատրաստած տեղեկանքում։
Ինչպե՞ս է հողի սեփականատեր դարձել «Տիրակալ» ՍՊԸ-ն
«Հողային օրենսգրքում» 2006 թ.-ի մայիսի 23-ին փոփոխություն է կատարվել, որը համայնքային հողերի սեփականաշնորհման նոր հնարավորություն է տվել։ Ըստ փոփոխության 3-րդ կետի՝ մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական անձանց սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր և շինություններ, այդ թվում` կիսակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աստիճանից: «Տիրակալ» ՍՊԸ-ն 2005 թ.-ի նոյեմբերի 11-ին Կուրթան համայնքից հողամաս է վարձակալել, դրա վրա շինություն կառուցել և հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ Ամեն բան սահուն կլիներ և տրամաբանական, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ ի՞նչ կատեգորիայի հող է վարձակալել «Տիրակալ» ՍՊԸ-ն Կուրթան համայնքից։ Ո՛չ Գյուլագարակ համայնքի ղեկավարը, ո՛չ «Տիրակալ» ՍՊԸ-ի տնօրենը, ո՛չ Կադաստրի կոմիտեն տեղեկություններ չեն տրամադրել հողի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ։ Ըստ Տեսչական մարմնի ձեռքի տակ առկա տվյալների՝ հողը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ գործառնական նշանակության է։ Ահա այս հանգամանքն է անկյունաքարայինը։ Իսկ գյուղատնտեսական հողի նշանակությունը հէկի ջրահավաք ավազան կառուցելու համար պետք է փոփոխվեր ոչ թե արդյունաբերականի, այլ էներգետիկայի։ Էներգետիկայի հողի կատեգորիայի դեպքում այն անհնար կլիներ սեփականաշնորհել՝ օգտվելով «Հողային օրենսգրքում» կատարված փոփոխությունից։ Իսկ հողի նշանակությունը փոփոխելու համար պետք է լիներ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն։
Այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը տրվել է վարձակալության, վրան շինություն է կառուցվել, ապա «Հողային օրենսգրքում» կատարված փոփոխության ուժով սեփականաշնորհվել է որպես արդյունաբերական (առանց կատեգորիայի օրինական փոփոխման փաստաթղթերի առկայության)։ Եվ այս պայմաններում հասկանալի է Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի՝ տեղեկություններ չտրամադրելու վարքագիծը, քանի որ նույն Մհեր Գևորգյանը 2005 թվականին հանդիսացել է Կուրթան համայնքի ղեկավարը (այդ ժամանակ գյուղը դեռ չէր խոշորացվել), ով ի պաշտոնե պետք է վերահսկեր, որպեսզի համայնքի հողերն ըստ նպատակային նշանակության օգտագործվեին, իսկ ապօրինի հողօգտագործումը պետք է կասեցներ։
Այս ամենի հետևանքով համայնքը զրկվել է հողի վաճառքից և հողի նպատակային նշանակության փոփոխման արդյունքում գոյացող եկամուտներից։ Իսկ թե ինչ ծավալի վնաս է կրել համայնքը, պետք է իրավապահները պարզեն, ինչպես նաև իրավական գնահատական տան այդ ժամանակվանից մինչ օրս համայնքը ղեկավարող Մհեր Գևորգյանի գործողություններին։
Մեկնաբանել