
Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար
Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է հիմնանորոգել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) հատկացվող վարչական շենքը։
Նշենք, որ վարչական այդ շենքը նախկինում հատկացված էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին։ Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կոմիտեն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն դրամ հատկացնել։
Նախագծում նշված է, որ շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում և դրա հիմնանորոգման համար հետագայում հատկացվելու է 444 միլիոն դրամ։ Վարչական շենքի մակերեսը 1634 քմ է։
«Ներկայումս հիմնանորոգման ենթակա գույքը դեռևս չի ընդունվել պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և չի ամրացվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, սակայն պայմանավորված հիմնանորոգման հրատապությամբ, նախատեսվում է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,-նախագծում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Մեկնաբանել