
Զոլաքար համայնքը 16 միլիոն դրամի վնաս է կրել խողովակների գողության պատճառով
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում ապամոնտաժված և յուրացված խողովակների գործով համայնքին պատճառված վնասը գնահատվել է 16 միլիոն 128 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը։
Քրեական օրենսգրքի 177-րդ 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի գողության հատկանիշներով հարուցված քրեական գործով մինչ այս պահը մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։
Իսկ Զոլաքար համայնքի հողը համայնքապետ Արման Ղազարյանի եղբորը վաճառելու և նրա կողմից հեռահաղորդակցության օպերատորին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ մեր հրապարակումը ուսումնասիրվում է Գլխավոր դատախազությունում։ Այս մասին տեղեկացանք դատախազության հանրային կապերի բաժնից։
«Հետք»-ը մայիսին գրել էր Զոլաքար համայնքի ոռոգման համակարգից 1.8 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անհետացման մասին։ Գյուղացիների պնդմամբ, խողովակներն ապամոնտաժել և յուրացրել է գործող համայնքապետ Արման Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն էլ մեղքը բարդում է նախորդ համայնքապետի վրա։
Հունիսին էլ գրեցինք, որ համայնքի ղեկավարի եղբորն է օտարվել համայնքային հողը, որն էլ այն վարձակալության է տրամադրել կապի օպերատորին։ Այդ ամենի արդյունքում համայնքը զրկվել է լրացուցիչ եկամուտներ ստանալուց։
Մեկնաբանել