
Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է Հայաստանի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նշենք, որ այն ստեղծվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների միաձուլման արդյունքում։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նորաստեղծ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» միջոցով բացառվելու է երկու ՓԲԸ-ների նույնանման գործառույթների իրականացումը։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2019 թվականի ֆինանսների նախարարությունում և կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների, կառուցվածքները, ռեսուրսները, դրանց կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը։ Արդյունքում որոշվել է այս երկու ՓԲԸ-ները միաձուլել՝ ստեղծելով նոր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա մարտին։ Դրա միակ բաժնետերը Էկոնոմիկայի նախարարությունն է։
Մեկնաբանել