
Միհրան Մահմուզյան. «Սա կես աղետ չէ, այլ աղետ է»
Ամերիկահայ Միհրան Մահմուզյանն արդեն յոթ տարի բարեգործական ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում: Լոս Անջելեսից հեռախոսով հայտնելով իր անհանգստությունը «Հետքի» հոդվածներում հրապարակված փաստերի առթիվ' նա սեպտեմբերին այցելեց Հայաստան, եղավ Քաշաթաղում: Քաշաթաղի վիճակը նա գնահատեց աղետալի: Ներկայացնում ենք հարցազրույցը Միհրան Մահմուզյանի հետ:
- Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք Քաշաթաղում:
- Եթե չեմ սխալվում' արդեն 6-7 տարի է: Երբ սկսեցինք Բերձորում ծրագրեր անել, այնտեղ աշխատում էր Ալեքսան Հակոբյանը (Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար): Այն ժամանակ շարժ կար մարդկանց մեջ, ժպիտ կար նրանց դեմքերին: Մենք դրա վրա էինք հենվում, դա էր մեզ սատարողը. դա հիանալի էր ու շատ հաճելի:
Մենք աշխատում ենք Գուրգեն Մելիքյանի, բժիշկ Քերոլայն Նաջարյանի հետ. նրանք են մեզ այս տարածք ուղարկողները: Մենք լինում էինք այնտեղ, մենք 3 ծրագիր ենք իրականացրել' գիմնազիայի, պուրակի եւ երեխաների ճամբարի ստեղծում: Հագուստով էլ էինք օգնում' մենք ուղարկում էինք այնքան հագուստ, որքան հնարավոր էր:
- Դուք եղաք Քաշաթաղում, ի՞նչ է փոխվել այնտեղ:
- Շատ հուսահատեցնող է... Ես հնարավորություն ունեցա խոսել մարդկանց հետ, երեխաների հետ: Անգամ երեխաներն էին ասում, որ հնարավորության, շանսի դեպքում նրանք դուրս կգան Բերձորից: Ես կռահում եմ ինչու... Ամբողջ Ղարաբաղն է այդ մասին խոսում, ամեն ընտանիք: Ես եղա 10-12 ընտանիքում' հուսալքություն է. ժողովուրդն ասում է, որ կառավարության խոստումներից որեւէ մեկը չի իրագործվել: Ես տեսա տներ, որտեղ ո՛չ դուռ կա, ո՛չ պատուհան, ո՛չ տանիք, ու գիշերային անձրեւը տուն էր լցվել: Եվ այդ ընտանիքներից շատերն ունեն 4-5 երեխա: Դու ցավ ես տեսնում, ցավ ու հոգս մարդկանց դեմքերին' ապրելու հոգս: Այդ տարածքում ոչ մեկը որեւէ բան չի անում նրանց համար, բացի ինչ-որ կազմակերպություններից, որոնք փորձում են թեթեւացնել հոգսերը:
Իմ տեսածն այն է, որ ոչ մեկը չի մտածում նրանց մասին: Նրանք պարզապես, ուղղակի ապրում են, եւ ոչ մեկը չի մտածում նրանց մասին: Սա իսկապես տխուր է եւ իսկապես հուսահատեցնում է մեզ' նրանց, ովքեր փորձում են անել հնարավորը նրանց կյանքը նորմալ դարձնելու համար:
Մենք շատ ջանքեր ենք թափում մի բան բերելու ԱՄՆ-ից այդ տարածքների մարդկանց կյանքը ավելի լավացնելու համար: Բայց այն, ինչ որ ես տեսա, շատ տխուր էր: Սա կառավարության թերացումն է, հոգսերը թեթեւացնելու գործում պաշտոնյաների թերացումն է. սա՛ է իմ զգացողությունը:
Թվում է' միայն Երեւանն ու Ստեփանակերտն է, որեւէ մեկը չի հոգում մյուսների մասին: Երբ դու տեսնում ես ընտանիք, որն ունի 5 երեխա, եւ ասում են, որ իրենց երեխաները փողոցներում են, որովհետեւ չեն կարողանում ուղարկել դպրոց. ո՞վ է մտածում այս մասին...
- Ձեր կարծիքով' մարդիկ ինչու՞ են լքում Քաշաթաղը:
- Բոլորի հետ խոսեցի, ասում են' որ երեխաներին պահեն: Մեկն ասաց, որ ինքը քիչ թե շատ լավ վիճակում է եւ շատ հայասեր է, դրա համար էլ ինչ էլ լինի, պիտի մինչեւ վերջ գնա: Այլ բան ասաց մի երիտասարդ տղա. «Ես այստեղ եմ ծնվել, մի երեխա էլ եմ ունեցել, կուզեմ, որ երեխաս էլ այստեղ մեծանա եւ այս տարածքին ուրախություն բերի: Ոչ միայն ես եմ այստեղ ծնվել, այլ նաեւ' իմ զավակը. այսպես պետք է մենք հայի ներկայությունը պահենք այս տարածքում: Բայց եթե այսպես շարունակվի, ես ինքս էլ ստիպված կլինեմ թողնել այս տարածքը»:
- Սփյուռքում ի՞նչ են մտածում այս տարածքների մասին:
- Չգիտեմ: Չեմ կարծում, թե գիտեն իրավիճակը, որովհետեւ սփյուռքն առհասարակ Մարիոթ հյուրանոց է գնում, այդ կարգի տեղեր, գյուղեր չեն գնում: Հույս ունեմ' կսկսեն գյուղեր էլ գնալ:
Սա միայն իմ կարծիքը չէ: Իմ եղբայրն է մեկ ամիս առաջ այնտեղ եղել, վերադարձին պատմեց նույն բաները: Նա ասաց. «Միհրան, սա կես աղետ է», եւ երբ ես եղա այնտեղ, ասացի' ոչ, սա կես աղետ չէ, սա աղետ է:
Ինչ էլ լինի, պիտի շարունակենք օգնությունը, անշուշտ, ես չեմ հուսահատվում, մարդիկ կան' ուսուցիչներ եւ այլն, որ շնորհակալ են, բայց ընդհանուր պատկերն է տխուր: Հուսահատվել չկա, պետք է այնպես անենք, որ ժողովուրդն առաջ գնա: Մենք գիտենք, որ այդ շրջանը մեզ համար շատ կարեւոր է, եւ չեմ հասկանում, թե ինչպես կարող է մեր կառավարությունն այդպես անտարբեր լինել:
Մեկնաբանել