
Այս գիշեր Ադրբեջանը կրակել է Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով
Այս գիշեր Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով կրակոցներ է արձակել: Հրաձգային զինատեսակներ են կիրառվել, կրակոցների ընդհանուր թիվը 120 է: Այս մասին Իջևանում հրավիրված ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` հակառակորդը կրակոցներ է արձակել ոչ միայն մարտական գործողությունների սահմանային ուղղությամբ, այլ նաև Տավուշի ողջ սահմանում, այդ թվում` Նոյեմբերյանի ուղղությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ու նախիջևանյան հատվածի ուղղությամբ:
Ամփոփելով կրակոցների թիվը՝ Հովհաննիսյանն ասաց, որ լարվածությունը նվազել է:
«Այս պահին ըստ էության հանգիստ է, կրաոցներ չկան»,- ասաց նա:
Խոսելով վիրավորների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ մեկ զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Արցախում ևս գիշերը կրակոցներ են հնչել, սակայն, ըստ Հովհաննիսյանի, լարվածություն ընդհանրական իմաստով չկա:
Հովհաննիսյանի խոսքով` Ադրբեջանը նախորդ գիշերը տեղեկատվական տարբեր կեղծ լուրեր է փորձել տարածել հայաստանցի բաժանորդների շրջանում` հեռախոսներին լատինատառ կեղծ հաղորդագրություններ ուղարկելով սահմանային իրավիճակի մասին: Հովհաննիսյանն ասաց, որ բջջային օպերատորները իրավիճակը շտկում են:
Մեկնաբանել