
Վալանսի քաղաքապետը Ֆրանսիայի իշխանություններին եւ միջազգային հանրությանը կոչ է արել չհանդուրժել Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիան
Ֆրանսիական Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի պատճառով։
«Հուլիսի 12-ից Ադրբեջանը հարձակողական գործողություն է սկսել Հայաստանի Տավուշի մարզում, որի մարզկենտրոն Իջևանը 1995 թվականից ի վեր մեր երկվորյակ քաղաքն է:
Ռազմական այս գործողությունը հիշեցնում է մեզ այս սահմանամերձ տարածքում խաղաղության փխրունության մասին, որը վտանգում է նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատերազմը նշեց որպես լուծում այս հակամարտության կարգավորման համար: Անցած մի քանի ժամվա իրականությունը մեզ ստիպում է մտածել, որ հենց ռազմական տարբերակն ընտրվեց՝ բացահայտորեն հարձակվելով Հայաստանի վրա:
Ես այսօր իմ մտահոգությունն եմ հայտնում մեր հայ ընկերների և Իջևանի բնակչության համար։ Ուզում ենք նրանց հավաստել մեր աջակցությունը:
Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և միջազգայնորեն հաստատված և ճանաչված սահմանների այդ խախտումը:
Հուսով եմ, որ մեր ազգային իշխանությունները արագորեն կպահանջեն Ադրբեջանից դադարեցնել իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, և հուսով եմ, որ միջազգային հանրությունը խիստ կգործի այդ ագրեսիայի դեմ, որը կարող է խախտել Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայուն հավասարակշռությունը:
Մեր երկրի անգործությունը՝ իբրեւ հավասարակշռող ուժ, հանդուրժողականության ազդանշան կլինի անընդունելի ագրեսիայի հանդեպ»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ, որը տարածել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Մեկնաբանել