
«Եղնիկների» գնդացրորդը. հայրենիքը նրան զրկել է կրթությունից (վիդեո)
Ձյունը զինվորներից մեկի թարթիչների վրա հասցնում եմ լուսանկարել: Մտքումս զորամաս գալու ամբողջ ճանապարհին էլ, այստեղ էլ` «Եղնիկների» դիրքերում շրջելիս Տիգրան Վարյանն էր: 19 տարեկանում նա այստեղ զոհվեց փետրվարի 29-ին: Ես միշտ բանակում մահացածների մասին գրում եմ՝ զոհվեց, որովհետեւ ինչպիսի մահով էլ նրանք մահացած լինեն, միեւնույն է՝ նրանք զոհվել են ծառայության ընթացքում:
Տիգրանի զոհվելու առաջին վարկածը ինքնասպանությունն է, 2-րդը` սպանությունը: Առայժմ մանրամասներ չենք կարող ներկայացնել. քննությունը դեռ չի ավարտվել: Զորամասում զինվորները չեն խոսում այս դեպքի մասին, սպայական կազմն էլ է հրաժարվում խոսել, ինչ-որ մեկնաբանություններ տալ: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Տիգրանի մահվան հանգամանքներին:
«Եղնիկների» դիրքերից մեկում ծանոթացա Տիգրան Վարդանյանի հետ: Նա պատմեց, որ երրորդ դասարանից իրեն տնօրենը դպրոցից հեռացրել է: Ես չէի հավատում, նորից եմ հարցնում՝ բայց ի՞նչ ես արել, որ տնօրենը հեռացրել է: Ասում է` չար երեխա եմ եղել: Բայց երրորդ դասարանում բոլորն էլ չար են, ի՞նչ պետք է արած լիներ Տիգրանը: Նրան խոսեցնելու համար սկսում եմ պատմել, թե իմ դասընկերների հետ ինչեր ենք արել դպրոցում, եւ այդ չարություններից մեկի պատճառով տնօրենն ինչպես ինձ ապտակեց:
Տիգրանը լսում ու ծիծաղում էր, սակայն նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե հատկապես որ արարքի համար են իրեն հեռացրել դպրոցից:
Տիգրանը մոր հետ ապրում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Դպրոցից հեռացվելուց հետո մոր հետ այգի է մշակել, և ապրել են դրանով: Այդպես էլ դպրոց չի գնացել, ու հիմա Տիգրանը տառերի մի մասը չի հիշում: Նա կարդալ չգիտի:
Ես Տիգրանի ընկերոջը՝ Անդրեասին, ով բժշկական քոլեջն է ավարտել, հորդորեցի, որ գոնե դիրքերում եղած ժամանակ նրան կարդալ ու գրել սովորեցնի: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է երրորդ դասարանցուն հեռացնել դպրոցից «չար» լինելու պատճառով: Իսկ այդ գյուղում, դպրոցի տնօրենից բացի, ուրիշ մարդ չի՞ եղել, որւեէ մեկը չի՞ հետաքրքրվել այդ տղայի ճակատագրով: Մարզպետարանում կրթության վարչություն կա, երեխաների իրավունքներով զբաղվող կառույց կա, Զինկոմիսարիատ կա, որը դպրոցում պետք է հաշվառի տղաներին: Պետական ոչ մի մարմին չի՞ անհանգստացել, որ դպրոցից «անհետացել է» 9 տարեկան մի տղա:
Տիգրանը լավ է կրակում. նա լավագույններից է Պաշտպանության բանակում: Գնդացրորդ Տիգրանը թիկնեղ է, իսկ գնդացիրն էլ` ծանր` 67 կգ: Նա զորմասի լավագույն զինվորներից է: Խոսելիս «բաց» է. ասում է այն, ինչ մտածում է:
Տիգրանը նման չէ կրթություն ստացածներին, ասպիրանտուրա ավարտածներին, որոնք վախենում են սեփական կարծիքն արտահայտել: Նրա մեջ այնքան հայրենիք կար այս ձյունածածկ դիրքում: Իսկ հայրենիքը նրան նույնիսկ տառաճանաչ չի դարձրել:
Տիգրանը զորացրվելուց հետո Ռուսաստան չի մեկնելու, զինվորներից մի քանիսը հենց այդպիսի պատասխան էին տալիս, երբ հարցնում էի՝ ի՞նչ եք անելու զորացրվելուց հետո: Տիգրանի պատասխանի մեջ նույնիսկ զարմանք կար, եւ ասաց, որ գնալու է մոր հետ իրենց հողը մշակելու:
Մեկնաբանություններ (20)
Մեկնաբանել