
Միջպետական ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածներում առաջարկվում է գովազդային վահանակներ տեղադրել. նոր նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է գովազդային վահանակների տեղադրման համար նոր վայրեր հատկացնել։
Նման որոշման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է թույլատրել միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների օղակաձև երթևեկելի հատվածների հողային հատվածներում գովազդային վահանակներ տեղադրել։ «Նախագծով հնարավորություն կստեղծվի ճանապարհներին գովազդ տեղադրելու գործընթացին մասնակից (գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր) իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար ընդլայնել գործունեության մասշտաբը, ինչը կբերի նաև պետական բյուջեի մուտքերի ավելացման»,-հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների վրա կա շուրջ 9 շրջանաձև երթևեկելի հատված։ Նախնական կանխատեսումներով՝ պետական բյուջեի մուտքերը տարեկան էապես կավելանան, ինչպես նաև այդ տարածքները կբարեկարգվեն գովազդային վահանակ տեղադրող կազմակերպությունների ֆինանսական միջոցների հաշվին:
Լուսանկարը՝ utfsib.am-ից
Մեկնաբանել