
100 հազար դրամ տուգանք. Գագիկ Ծառուկյանը ոսկու կորզման ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացրել են մասնակի ստուգում: Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, պարզվել է, որ ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։
Այդ պահանջը սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերը և նախատեսվող գործունեության տեսակները, այն է` ընդերքօգտագործման բնագավառում` մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում և (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ներառյալ՝ պոչամբարներ կամ պոչատարեր:
Նշանակվել է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով։ Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության (ստանալու) դեպքում։
Մղարթի հանքավայրը 2006թ.-ից շահագործում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը՝ 66 %-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանում և արտերկրում բազմաթիվ բիզնեսների սեփականատեր, միլիարդատեր Գագիկ Ծառուկյանինն է:
Մնացած 34 %-ը 2018 թվականից Սամվել Ծառուկյանինն է, որը նույնպես գրանցված է Առինջում, ինչպես Գագիկ Ծառուկյանը և, ենթադրաբար, վերջինիս ազգականն է:
Հանքաքարի արդյունահանումը կատարվում էր բաց եղանակով: Բացահանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա՝ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ:
Հանքավայրը, սակայն, երկրորդ տարին է՝ չի շահագործվում, քանի որ ընկերությունը դիմել էր այն ընդլայնելու համար. տեղում պաշարները սպառվել էին, իսկ նոր նախագիծը դեռևս փորձաքննությունների փուլում է:
Համաձայն նախագծի՝ լեռնաարդյունահանման աշխատանքների կատարման համար կընդլայնվի շահագործվող համար 1 բացահանքը և կբացվի նոր՝ համար 2 բացահանքը: Հանքաքարի արդյունահանումը կկազմի տարեկան 100 000 տոննա: Այդ նպատակով կվերազինվի պիլոտային հանքահարստացման ֆաբրիկան, կնախագծվի և կկառուցվի նոր պոչամբար նախկինում կառուցված ջրահավաք ավազանների տեղում:
Մղարթում հանքարդյունաբերական գործունեություն ծավալող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն որևէ նշանակալի ներդրում կամ համայնքի զարգացմանն ուղղված ծրագիր չի իրականացրել: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում հայտարարել էր Մղարթ գյուղի վարչական ղեկավար Ավագ Մուսինյանը: Հանրային լսումներին համայնքի ներկայացուցիչները պայման են առաջադրել, որ ընդլայման համաձայնություն կտան, եթե ընկերությունն օգնի լուծել գյուղում խմելու ջրի հարցը:
Մեկնաբանել