
Կեղծ հայկական օդանավերը տարիներով ծառայել են Կոնգոյի նախագահին ու բանակին եւ կլորիկ գումարներ աշխատել
Հայաստանի անունը հերթական անգամ հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցներից մեկում, որը հրապարակվել է վերջերս՝ հունիսի 2-ին: Փորձագետներն այս անգամ պարզել են, որ հայկական գրանցման տակ թռչող օդանավերը ծառայություններ են մատուցում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարական զինուժին՝ զենք-զինամթերք եւ ռազմական անձնակազմ տեղափոխելով: Իրականում, սակայն, դրանցից մի քանիսը հայկական գրանցումից դուրս բերված են եղել, ինչը նշանակում է, որ ինքնաթիռների վրա ՀՀ գրանցման առկայությունն անօրինական է:
ՀՀ գրանցում կրող օդանավերը ծառայել են կոնգոլեզյան բանակին
Քաղաքացիական պատերազմների միջով անցած ԿԴՀ-ի արեւելքում զինված միջէթնիկական բախումները շարունակվում են մինչ օրս: 2003-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 1493 բանաձեւը, որով բոլոր երկրներին արգելվում է զենք-զինամթերք մատակարարել Կոնգոյի արեւելքում գործող տեղական եւ օտարերկրյա զինված խմբավորումներին: Էմբարգոն, սակայն, չի վերաբերում երկրի կառավարական զինուժին (FARDC) եւ Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ MONUSCO-ին: Այդուհանդերձ, էմբարգոյի հայտարարումը չի դադարեցրել զենքի մուտքը երկրի արեւելյան լարված տարածաշրջաններ՝ Կիվու եւ Իտուրի: 2004-ին ընդունված 1533 բանաձեւով էլ ԱԽ-ն ձեւավորել է ԿԴՀ-ի հարցով պատժամիջոցների կոմիտե, որի փորձագետներն ամեն տարի հանդես են գալիս կոնֆլիկտ(ներ)ի մասին զեկույցներով, ինչի հիման վրա էլ ընդունվում են նոր բանաձեւեր եւ պատժամիջոցներ:
ՄԱԿ-ի փորձագետները հունիսի 2-ին հրապարակած եւ 2019 թվականի իրենց աշխատանքն ամփոփող զեկույցում, մասնավորապես, ներկայացրել են, թե ինչպես են օտարերկրյա քաղաքացիական ավիաընկերություններն աջակցում Կոնգոյի կառավարական ուժերին: Ըստ փորձագետների՝ 2012 թ. ի վեր քաղաքացիական 6 բեռնատար ինքնաթիռներ, որոնցից 5-ն ունեցել են հայկական, իսկ 1-ը՝ սուդանական գրանցում, տեղափոխել են Կոնգոյի զինուժի անձնակազմն ու բեռը: 6-ն էլ կապ ունեն հայկական ավիացիայով հետաքրքրվողներին քաջ հայտնի Վահրամ Սիմոնյանի հետ, ով ծննդով Շիրակի Վահրամաբերդ գյուղից է, սակայն ՌԴ քաղաքացի է:
Սիմոնյանի աֆրիկական գործունեության եւ նրան առնչվող այլ մութ պատմությունների մասին «Հետքը» նախկինում էլի է գրել:
- Ի՞նչ էր անում հայկական EK-76592 ինքնաթիռը Դարֆուրի կոնֆլիկտային գոտում
- Հայ ավիատորներից ոմանք կրակի հետ են խաղում
- Հայերի արկածներն աֆրիկացի ծովահենների երկրում. կառավարությունն անհոգ է, իրականությունը՝ մտահոգիչ
- Զեկույց. հայկական օդանավերը զենք են առաքել Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմում
- Կոնգոյում կործանված ինքնաթիռի վրա ՀՀ գրանցում կար, բայց իրականում այն հայկական չէր
- Կոնգոյում կործանված ՀՀ գրանցումով ինքնաթիռից առաջ եւս մեկ հայկական օդանավ էր ավիապատահարի մեջ հայտնվել այդ երկրի բանակի կազմում
«Հետքի» աղբյուրը, ով նախկինում եղել է ՄԱԿ-ի ԱԽ փորձագետ, դեռ 2016-ին հայտնել էր, որ Սիմոնյանը գործունեություն է ծավալում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում, որտեղ 2015 թ. հիմնել է «South Airlines Co.» անունով ընկերություն: Հիշեցնենք, որ Հայաստանում Վ. Սիմոնյանի ավիաընկերություններն էին «Սաութ Էըրլայնզը» (հիմնադրվել է 2000 թ.), «Վ-Բերդ-Ավիան» (2006 թ.) եւ «Սկիվա Էյրը» (2011 թ.), որոնց բոլորի գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է: Այս ավիաընկերությունների անուններով Սիմոնյանը ընկերություններ է հիմնել այլ երկրներում եւս, մասնավորապես՝ Սեյշելներում, ԱՄԷ-ում, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում, որոնք էլ նրա տարբեր պատվիրատուների հետ գործարքներն իրականացնողներն են եղել:
Իսկ հայկական ընկերությունները ստեղծվել են մի նպատակով՝ օդանավ շահագործող ներկայանալու եւ ինքնաթիռները մեր երկրում գրանցելու: Բայց նկատենք նաեւ, որ «Սաութ Էըրլայնզի» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունն ավարտվել/դադարեցվել է 2016-ի հոկտեմբերին, «Վ-Բերդ-Ավիայինը»՝ 2011-ի օգոստոսին, իսկ «Սկիվա Էյրինը»՝ 2017-ի մարտին:
Սիմոնյանի՝ ՀՀ-ում գրանցված օդանավերը շահագործվել են արտերկրում, գլխավորապես՝ Աֆրիկայում: Մեր աղբյուրը 2016-ին փոխանցել էր, որ Կոնգոյի բանակը օգտագործում է Սիմոնյանի 2 օդանավերը՝ 1 հատ «Ան-72» (հայկական գրանցումը՝ EK-72903) եւ 1 հատ «Իլ-76» (EK-76992): 2016-ին գրել էինք, որ EK-72903-ը գրանցված է հայկական «South Airlines»-ի անվամբ, իսկ EK-76992 համարով ինքնաթիռը այն ժամանակ արդեն դուրս էր բերվել ՀՀ օդանավերի ռեգիստրից:
Եվ ահա ՄԱԿ-ի փորձագետները պարզել են, որ ոչ միայն այս, այլեւ եւս 3 ինքնաթիռ, որոնք Սիմոնյանը շահագործել է կոնգոլեզյան բանակի համար, իրենց իրանի վրա փաստացի կրել են ՀՀ գրանցում, բայց դրանցից մի քանիսն իրականում հայկական չեն եղել, ավելի կոնկրետ՝ հայկական ռեգիստրից դուրս բերված են եղել: Փորձագետները նաեւ նշել են, որ Սիմոնյանի օդանավերի անձնակազմի անդամների մի մասը եղել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի: Զեկույցի հեղինակները զրուցել են Սիմոնյանի հետ, ով հայտնել է, որ 2012-ից ծառայություններ է մատուցում կոնգոլեզյան կառավարական բանակին (FARDC):
Սիմոնյանն ու գործընկերը խախտել են Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները
Փորձագետները ձեռք են բերել Շարժայում գործող «South Airlines Co.»-ի (սեփականատերն ու գլխավոր տնօրենը Վ. Սիմոնյանն է) պայմանագրերը Կոնգոյի մայրաքաղաքում գրանցված «Zaabu International»-ի հետ: Հենց «Zaabu»-ի միջոցով է հայազգի ավիատորը ծառայություններ մատուցել կոնգոլեզյան բանակին: Ընդ որում՝ նա այս ընկերության խորհրդի անդամ է:
Սակայն այստեղ էական է այն հանգամանքը, որ, ըստ զեկույցի, Կինշասայում հիմնադրված «South Airlines Co.»-ն եւ «Zaabu International»-ը խախտել են Կոնգոյին վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 3 բանաձեւերի պահանջները, որոնք վերաբերում են օդանավերի գրանցմանը, օդանավ շահագործողի վկայականներին, օդաչուների լիցենզիաներին եւ ուղեւորափոխադրումների կանոններին:
Այժմ տեսնենք, թե ինչպես են նախկինում մեր երկրում գրանցված օդանավերը հայտնվել Կոնգոյում ու ապօրինի շահագործվել ՀՀ ազգային EK նիշով:
EK-72101. նախագծողը տեղեկություն չի ունեցել օդանավի մասին
Այս «Ան-72-100» ինքնաթիռը Հայաստանում գրանցված էր «South Airlines»-ի անունով: Օդանավը Կոնգո էր տեղափոխվել 2012-ի հոկտեմբերին՝ Սիմոնյանի եւ «Zaabu International»-ի գործարքի արդյունքում: Մինչ այդ ինքնաթիռը դուրս չէր գրվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, այսինքն՝ այն պարզապես վարձով հանձնվել էր կոնգոլեզյան կողմին ու շահագործվում էր հայկական փաստաթղթերով, ինչն ավիացիայում սովորական պրակտիկա է:
Ինչպես արդեն գրել ենք, Կոնգոյի բանակի կողմից օգտագործվող EK-72101-ը 2013 թ. նոյեմբերի 1-ին Գոմայից Կինշասա թռիչքի ժամանակ Կիսանգանի քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել (խափանվել էր հիդրավլիկ համակարգը), որի ընթացքում դուրս էր եկել վազքուղուց ու հրդեհվել: Անձնակազմը չէր տուժել: Իր հերթին տեղական radiookapi.net-ը (MONUSCO-ի ռադիոն) հայտնել էր, որ օդանավում եղել է 15 ուղեւոր՝ քաղաքացիական անձինք եւ զինվորականներ, ովքեր եւս չէին տուժել: Այդուհանդերձ, ինքնաթիռն այլեւս անպիտան էր դարձել:
Ավիացիոն ֆորումներից մեկին հղում տալով՝ գրել էինք, որ EK-72101-ն ընդգրկված էր դրա նախագծող Անտոնովի կոնստրուկտորական բյուրոյի (Ուկրաինա) «սեւ ցուցակի» մեջ եւ թռչելու իրավունք չուներ: Ուկրաինական կողմը ՄԱԿ-ի փորձագետներին հայտնել է, որ այս ինքնաթիռը թողարկվել է Խարկովի ավիագործարանում 1987-ին, իսկ 2002-ին «Անտոնով» ձեռնարկությունը (նախկին կոնստրուկտորական բյուրոն) երկարացրել է դրա թռիչքային ռեսուրսը մինչեւ 5000 թռիչքային ժամ կամ 5000 թռիչք, որը վավեր է եղել մինչեւ 2003-ի սեպտեմբեր: Դրանից հետո ինքնաթիռը պետք է կապիտալ վերանորոգում անցներ: Բայց ըստ ուկրաինական կողմի՝ 2003-ից հետո «Անտոնովը» որեւէ աշխատանք չի տարել այս բորտի վրա եւ ոչ էլ երկարացրել է դրա ռեսուրսը, հետեւաբար իրենք տեղյակ չեն դրա տեխնիկական վիճակի, թռիչքային պիտանիության, գործունեության ու տերերի մասին (տես ստորեւ):
Նշենք, որ օդանավերի ռեսուրսի երկարացումը, որպես կանոն, կատարվում է նախագծող բյուրոյի ծրագրով (երբեմն նաեւ մասնակցությամբ), եւ համապատասխան աշխատանքների իրականացումից հետո հենց բյուրոն է որոշում՝ երկարացնե՞լ ռեսուրսը, թե՞ ոչ: Բայց կոնկրետ EK-72101-ի պարագայում «Անտոնովն» անտեղյակ է եղել այս բորտի հետագա ճակատագրից:
EK-72903. կործանված ինքնաթիռի վրա հայկական գրանցումն անօրինական էր
2012-ի հոկտեմբերին եւս մեկ օդանավ՝ հայկական EK-72903 գրանցումով «Ան-72»-ը, վարձակալությամբ հանձնվել է «Zaabu International»-ին: Պայմանագիրը կնքվել է հայկական «South Airlines»-ի գլխավոր տնօրեն ներկայացած Վ. Սիմոնյանի եւ կոնգոլեզյան ընկերության գլխավոր տնօրեն Իվ Լուբամբի Իդիի (Yves Lubambi Idi) միջեւ: Հետաքրքիր է, որ Սիմոնյանը, ըստ ՀՀ պետռեգիստրի, երբեք էլ չի եղել Երեւանում գրանցված «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (2006-ից դրա տնօրենը բալահովիտցի Սամվել Հարությունյանն է): Բայց սա միակ ուշագրավ կետը չէ:
Այսպես՝ չնայած իբրեւ վարձատու հանդես է եկել հայկական «South Airlines»-ը, պայմանագրում ներկայացվել են դրա Շարժայի մասնաճյուղի՝ «South Airlines Co.»-ի բանկային տվյալները «Sharjah Islamic Bank»-ում, ինչից կարող ենք ենթադրել, որ վարձակալությունից ստացված գումարները Հայաստան գալու փոխարեն գնացել են Շարժա (տես ստորեւ):
Ընդ որում՝ ինքնաթիռի մեկ թռիչքային ժամի վարձակալությունը գնահատվել է 1650 դոլար, որի մեջ չեն մտել հարկերն ու տուրքերը, այսինքն՝ դա եղել է Սիմոնյանի մաքուր եկամուտը: Առաջին ամսվա համար (70 թռիչքային ժամի կտրվածքով) Վ. Սիմոնյանը 115.500 դոլար կանխավճար է վերցրել: Ավելորդ չէ ասել, որ օդանավը Կոնգոյում շահագործվել է 7 տարի՝ մինչեւ 2019-ի աշուն: 2012-ի հոկտեմբերին պայմանագիր կնքելուց հետո դրա գործողության ժամկետը երկարացվել է 2013-ին, 2015-ին, 2017-ին ու 2018-ին: Վերջին թարմացումից հետո այն պիտի գործեր մինչեւ 2020 թ., բայց բանը դրան չհասավ՝ 2019-ին օդանավն աղետի ենթարկվեց:
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 10-ին այս «Ան-72»-ը երկրի արեւելյան Գոմա քաղաքից արեւմուտք՝ Կինշասա թռչելիս ընկել էր Կոնգոյի կենտրոնական տարածաշրջանի անտառների վրա: Օդանավը մայրաքաղաք էր տեղափոխում երկրի նախագահի զրահապատ մեքենան: Աղետի հետեւանքով զոհվեց 8 հոգի՝ 4 հոգուց բաղկացած անձնակազմը (Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ղազախստանի քաղաքացիներ), ինչպես նաեւ նախագահականի 4 աշխատակից, ովքեր ուղեկցում էին մեքենան:
Բայց այստեղ կա մեկ այլ շատ կարեւոր դետալ. այս ինքնաթիռը 2016-ի մայիսին հանվել էր ՀՀ օդանավերի ռեգիստրից, ինչը նշանակում է, որ այն այլեւս չպիտի կրեր EK-72903 գրանցումը: Ի պատասխան փորձագետների նամակի՝ Վահրամ Սիմոնյանը հայտնել է, որ այս բորտը, ինչպես նաեւ եւս 3 ինքնաթիռ (EK-32400, EK-72425, YI-BAT) ինքը վարձակալությամբ հանձնել է «Zaabu International»-ին, ով գործել է պետության շահերից: Ըստ ավիատորի՝ օդանավերը օգտագործվել են բացառապես Կոնգոյի նախագահի եւ բանակի (FARDC) կարիքների համար ու միայն այդ երկրի սահմաններում:
Սիմոնյանը նշել է, թե քանի որ ռազմական, մաքսային եւ ոստիկանական ծառայությունների կողմից կիրառվող օդանավերը համարվում են պետական, իսկ պետական օդանավերի շահագործումը կարգավորվում է պետության կողմից վերահսկվող եւ պահպանվող հատուկ եւ կոնֆիդենցիալ ռեժիմով, ապա ինքը չի կարող տրամադրել փորձագետների հայցած ինֆորմացիան: Հավելել է, որ կործանված ինքնաթիռի տեխսպասարկումն իրականացվել է համապատասխան մասնագետների կողմից կանոնների պահպանմամբ: Սիմոնյանը նշել է նաեւ, որ ուղեւորների, բեռի եւ երրորդ անձանց ապահովագրությունը շահագործողի պատասխանատվության ներքո է:
Ինչպես տեսնում ենք, ոչ մի խոսք չկա հայկական EK-72903 գրանցումը անօրինական կրելու մասին: Բայց մինչեւ Սիմոնյանի պատասխանը, ՄԱԿ-ի փորձագետների հարցմանն արձագանքել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն: Վերջինս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության միջոցով փորձագետներին հայտնել է, որ այս «Ան-72»-ը Հայաստանում գրանցվել էր 2005-ի ապրիլին. սեփականատեր էր հաշվառվել ԱՄԷ-ում գրանցված «South Airlines Co.»-ն, իսկ շահագործող՝ հայկական «South Airlines»-ը: Սակայն օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը գործել է մինչեւ 2013-ի փետրվար, դրանից հետո թարմացում չի կատարվել, այլ կերպ ասած՝ օդանավը թռչելու իրավունք չուներ: 2016-ի մայիսին էլ այն հանվել է (ապագրանցվել է) հայկական ռեգիստրից սեփականատիրոջ դիմումով: Հայկական կողմը նաեւ հայտնել է, որ Սիմոնյանը նախկինում Հայաստան է ժամանել Շարժա-Երեւան կամ Դուբայ-Երեւան թռիչքներով ու վերջին անգամ ՀՀ-ից դուրս է եկել 2018-ի դեկտեմբերին:
EK-72903-ի վերաբերյալ եւս փորձագետները տեղեկություններ են խնդրել դրա նախագծող եւ արտադրող երկրից՝ Ուկրաինայից: Ըստ վերջինիս տրամադրած ինֆորմացիայի՝ այս օդանավն արտադրվել է 1987-ին Խարկովի ավիագործարանում: Շահագործման սահմանաչափը (ռեսուրսը) մինչեւ առաջին կապիտալ վերանորոգումը եղել է 5000 թռիչք, 5000 թռիչքային ժամ կամ օրացուցային 7 տարի: Սրանցից մեկի լրանալու դեպքում ինքնաթիռը պետք է կապիտալ վերանորոգվեր: Իսկ ընդհանուր ռեսուրսը նախատեսված է եղել 15.000 թռիչք, 15.000 թռիչքային ժամ կամ 20 տարի: Ուկրաինացիները հայտնել են, որ արտադրվելուց հետո բորտը շահագործվել է խորհրդային, ապա ռուսական ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն 1997-ից հետո ռուսական օդուժը չի դիմել նախագծող «Անտոնովին»՝ ինքնաթիռի ռեսուրսի երկարացման համար: Ըստ այդմ՝ ուկրաինական կողմը որեւէ տեղեկություն չի ունեցել ինքնաթիռի տեխնիկական վիճակի, դրա վրա կատարված աշխատանքների, թռիչքային պիտանության եւ վավեր վկայականների մասին: Սակայն Ուկրաինայի ֆիսկալ ծառայության տվյալներով՝ Սիմոնյանի EK-72903 եւ EK-72425 գրանցումներով ինքնաթիռները 2004, 2006, 2007, 2010 եւ 2012 թթ. ժամանակավորապես ներկրվել են Ուկրաինա, ապա կրկին արտահանվել: Ըստ էության, օդանավերը Ուկրաինա են տեղափոխվել տեխսպասարկում անցնելու համար, սակայն, ինչպես ասվեց, «Անտոնով» ձեռնարկությունը դրանցից տեղյակ չի եղել (տես ստորեւ):
EK-76992 (YI-BAT). կեղծ գրանցումով օդանավի արկածները
2013-ի հունիսին Սիմոնյանի արաբական «South Airlnes Co.»-ն եւ «Zaabu International»-ը ստորագրել են «Իլ-76ՏԴ» տիպի օդանավի վարձակալության պայմանագիր (տես ստորեւ):
Օդանավը Կոնգո էր տեղափոխվել 2013-ի մարտին: Այն գրանցված էր Հայաստանում որպես EK-76992, սակայն, ըստ ավիացիոն տեղեկատուների, դրա շահագործողը ոչ թե Սիմոնյանի տեղական 3 ավիաընկերություններից մեկն էր, այլ «Հայք Ավիան», որի ինքնաթիռները եւս Աֆրիկայում աշխատելու փորձ ունեին:
EK-76992-ի շահագործումից ստացված եկամուտները կրկին հոսել են արաբական Շարժա՝ Սիմոնյանի տեղական ընկերության հաշվեհամարին: Սիմոնյանն ու «Zaabu»-ի գլխավոր տնօրենը պայմանագիր են կնքել 1 տարով, սակայն այն հետո երկարաձգվել է: «Իլ-76»-ի մեկ թռիչքային ժամի վարձակալությունը գնահատվել է 2000 դոլար, որի մեջ չեն մտել հարկերն ու տուրքերը: Առաջին ամսվա համար (70 թռիչքային ժամի կտրվածքով) Վ. Սիմոնյանը 140.000 դոլար կանխավճար է վերցրել: Նկատենք նաեւ, որ այս օդանավը Կոնգոյի նախագահական աշխատակազմի եւ բանակի կարիքների համար շահագործվել է մինչեւ 2019 թ.:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ՄԱԿ-ի փորձագետներին հայտնել է, որ հայկական քաղավիացիայում օգտագործվող բոլոր «Իլ-76»-երը ռեգիստրից դուրս են գրվել մինչեւ 2014-ի տարեվերջ (դրանց հետագա շահագործումը արգելվել էր): Այսինքն՝ հասկանալի է, որ 2015-ի հունվարի 1-ից ոչ մի քաղաքացիական «Իլ-76» չէր կարող ՀՀ գրանցում ունենալ: Այնինչ վերոնշյալ օդանավը Կոնգոյում շարունակել է կրել EK-76992 գրանցումը առնվազն մինչեւ 2017-ի ամառ, ինչն անօրինական էր: Այնուհետ բորտը ստացել է Իրաքի գրանցում՝ YI-BAT: Բայց պարզվում է՝ սա կեղծ գրանցում է:
Այսպես՝ Սիմոնյանի հայկական «South Airlines»-ը 2014-ի ընթացքում ունեցել է «Իլ-76ՏԴ» օդանավ (սեփականատերն արաբական «South Airlines Co.»-ն էր), գրանցումը՝ EK-76778, որը հետո տեղափոխվել է Իրաք ու գրանցվել իբրեւ YI-BAC: Վերջինիս շահագործող է դարձել իրաքյան «Al-Rafidain Falcon» ընկերությունը: Իմանալով այս մասին՝ փորձագետները YI-BAT-ի վերաբերյալ դիմել են այս օպերատորին, սակայն վերջինս հայտնել է, որ ինքը նման գրանցումով ինքնաթիռ չունի: Ավելի ուշ ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցչությունն էլ հաղորդել է, որ իրենց օդուժը ժամանակին ունեցել է 16 հատ «Իլ-76», սակայն 1991-ին Իրանը դրանցից 15 հատը տեղափոխել է իր տարածք, եւ Իրաքում մնացել է միայն մեկը, որը չի շահագործվում:
1977-ին արտադրված եւ իրաքյան կեղծ գրանցում ստացած «Իլ-76ՏԴ»-ն Կոնգոյում խնդիրների է բախվել 2019-ի հունիսին, երբ 2 անգամ դրա վրա հրդեհ է բռնկվել: Դրանից հետո ԿԴՀ քաղավիացիոն իշխանությունները «Zaabu International»-ին արգելել են շահագործել բորտը, ու այդ մասին տեղյակ են պահել Իրաքի գործընկերներին, որոնք, փաստորեն, որեւէ կապ չունեին այս օդանավի հետ:
«Zaabu»-ն խնդրել է հանել արգելքը, սակայն քաղավիացիոն իշխանությունները պատասխանել են, որ ընկերությունը խախտել է Կոնգոյի օրենքները: Իսկ երբ 2019-ի հոկտեմբերին աղետի ենթարկվեց EK-72903-ը՝ դառնալով 8 հոգու մահվան պատճառ, Կոնգոյի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի ցուցումով քաղավիացիայի պատասխանատուները հետաքննություն են սկսել, որպեսզի, ի թիվս այլ հանգամանքների, բացահայտեն Կինշասայում գրանցված «South Airlines Co.» եւ «Zaabu International» ընկերությունների կողմից հավանական օրինախախտումները: Այս երկուսի օդանավերի թռիչքները Կոնգոյում դադարեցվել են:
Առաջին լուսանկարում՝ Կոնգոյի կառավարական բանակի (FARDC) զինվորները պարեկություն են անում Իտուրի նահանգում. 25.02.2015 (MONUSCO/ Abel Kavanagh)
Մեկնաբանել