
Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (լրացված)
Խորհրդարանը 87 ձայներով զրկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Փակ-գաղտնի քվարկությանը մասնակցել էր միայն խորհրդարանական մեծամասնությունը:
Ըստ ԱԱԾ քննչական վարույթում քննվող գործի` «Երևան շին» ՓԲԸ նախագահ Վազգեն Պողոսյանը կաշառք է տվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին` վաստակավոր շինարար կոչմանն արժանանալու համար, վերջինիս ընկերությունում կատարված խուզարկության ժամանակ էլ հայտնաբերվել են հաշվետվություն վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ:
Ըստ գլխավոր դատախազի` այդ հաշվետվության մեջ եղել են փաստաթղթեր` 17914 ընտրողի հաշվով 40% կորստով վերնագրով, որտեղ գրված է Ծառուկյանի հանձնարարությամբ Լ. Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, ակտիվիստներին վճարվելիք գումար` 34 միլիոն 388 հազար դրամ և այլն:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում չընդունեց իրեն մեղսագրվող ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը` այն որակելով շինծու: Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Ազգային անվտանգության ծառայություն` հարցաննության:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն: Հարցի քննարկումն այսքանով ընդհատվեց, քանի որ մեկնարկեց հայտարարությունների ժամը:
Լրացում 18:00
Հայտարարությունների ավարտից հետո խորհրդարանը քննարկեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել է 87-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել:
Նման պայմաններում արդեն կարող է Գագիկ Ծառուկյանը քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Վարույթ իրականացնող մարմինը կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Իսկ Գագիկ Ծառուկյանն ազատությունից կզրկվի, թե ոչ, կորոշի դատարանը:
Լուսանկարները` Անի Սարգսյանի:
Մեկնաբանել