
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից
Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ այսօր իր նկատմամբ բոլոր տեղի ունեցած գործողությունները համարում է որպես քաղաքական:
«Իմ ելույթից հետո է եղել այս ամենը, եթե ելույթից առաջ լիներ, գուցե ասեի՝ 50/50»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ Ծառուկյանը հայտարարել է, որ Կառավարության կազմը 100 %-ով պետք է հրաժարական տա, և, ըստ էության, նա նկատի ունի իր այդ հայտարարությունը։
«Կան սարքած թղթեր, ամեն ինչ, ինչ եղել է իմ հայտարարությունից հետո, քաղաքական եմ համարում»,- կրկնեց Ծառուկյանը՝ լրագրողների այլ հարցերի չպատասխանելով և առաջարկելով դիմել իրավապահ մարմիններին։
Նա ԱԱԾ շենքի դիմաց հավաքված ցուցարարներին հորդորեց տուն գնալ։
Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում էր մոտ 10 ժամ: Նրան հրավիրել էին հարցաքննության՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից Առինջում գտնվող իր առանձնատան խուզարկությունից հետո:
Մեկնաբանել