
Փեթակներ` անիվների վրա
Կարլեն Ճաղարյանը սովետական տուրիստական ավտոբուսները վերածել է մեղուների կացարանի։ Ավտոբուսի նստարանների փոխարեն գունավոր փեթակներն են, իսկ դրսից՝ յուրաքանչյուր փեթակի համար առանձնացված պատուհանը, որից մեղուն ներսուդուրս է անում։
Գորիսեցի 32 տարվա մեղվաբույծ-մեղվապահ Կարլեն Ճաղարյանը 140 մեղվափեթակ ունի, որոնցից 120-ը տեղավորել է 3 ավտոբուսում։
Երկու ավտոբուսները քաղաքից 20-22 կմ հեռավորություն վրա են՝ տարբեր վայրերում։ Փեթակներով լի երրորդ ավտոբուսն է պատրաստվում ճանապարհ ընկելու։
Կարլեն Ճաղարյանի գործը մի քանի անգամ հեշտացել է, քանի որ մեղվափեթակները մի վայրից մյուսը տեղափոխելու համար այժմ մեծ ջանքեր չի գործադրում: Ավտոբուսին ամրացված փեթակները կարողանում է տեղափոխել նախընտրած վայր։
Ավտոբուսում ամսվա ընթացքում մի քանի անգամ կարողանում է օդափոխության համակարգ միացնել. ներսում մեղվաբույծը իր համար եւս սենյակ ունի:
«Ուզում ա արեւ ըլի, ուզում ա անձրեւ, քո աշխատանքին չի խանգարում, դու քո գործը կարողանում ես անել: Մեղվաընտանիքը, երբ ավտոբուսում է, կարողանում ես քիչ ժամանակահատվածում շատ աշխատանք կատարել, Էն ժամանակ մեքենան պիտի բարձեի 20 բանվորի հետ, որ տեղափոխեմ, իսկ հիմա միայն վարորդներն են տեղափոխում»,- ասում է Կարլեն Ճաղարյանը։
«Սրանք մեղվաընտանիքի համար «լյուքս սենյակներ են», ոչ անձրեւ է տեսնում, ոչ արեւ, ոչ ձյուն, ոչ մի բան նրանց չի խանգարում, դուրս են գալիս, գնում, էլի հետ գալիս։ Ես էլ ցանկացած եղանակի կարող եմ նրանց հյուր գնալ», - ասում է Կ. Ճաղարյանը։
«Մեղուները հավատարիմ կենդանիներ են, միշտ տալիս են ավելին, քան ստանում են: Մեղվի հետ աշխատող մարդն էլ բարի է լինում, չարություն չի ունենում, միշտ ուզում է մեղր տալ ուրիշին. սա կենդանուց է փոխանցվում»,- ասում է մեղվաբույծը։
Կարլեն Ճաղարյանը փեթակները չի հանելու ավտոբուսից, ձմռանը դրանք կկանգնեցնի բարենպաստ վայրում։
Մեղվաբույծն ամեն տարի 1-1,5 տոննա մեղր է քամում։ Նա գովում է իր մեղրը: «Ասում եմ ՝ տարեք, ստուգեք, եթե գտնենք, որ անարատ չի մեղրը, շաքարի բաժին կա, ապա 100 կգ մեղրով տուգանք կվճարեմ», - կատակում է մեղվապահը։
Զրույցի վերջում մեղվապահն անդրադառնում է այս օրերին հաճախ քննարկվող թեմային՝ կորոնավիրուսին: Ասում է՝ պահպանում է բոլոր կանոնները, հետո ծիծաղելով ավելացնում՝ վարակը մեղվապահների վրա չի ազդում, որովհետեւ մեղրը բոլոր տեսակի վիրուսներից պաշտպանում է:
«Իմ երեխեքից ոչ մեկը չգիտի՝ հիվանդանոցն ինչ բան է, ցավը ինչ բան է», - ասում է Կարլեն Ճաղարյանը։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել