HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ոչ բժշկական դիմակների արդյունավետությունը ցածր է, ձեռնոցները մեծացնում են վարակման վտանգը. ԱՀԿ

Այսօր սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել տարբեր տեսակի, ձևի, գույնի դիմակների վաճառքի առաջարկներ։ Դրանք ոչ բժշկական դիմակներ են, որոնց արդյունավետությունը, ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության, ապացուցված չէ։ Ինչևէ, դրանք երբեմն կարող են «ֆիզիկական պատնեշ» լինել հանրային վայրերում։ Ովքե՞ր պետք է կրեն բժշկական դիմակներ, ինչպե՞ս ճիշտ կրել և մաքրել ոչ բժշկական և բժշկական դիմակները, արդյունավե՞տ է արդյոք ձեռնոցների կիրառումըթե ոչ. ներկայացնում ենք ԱՀԿ պարզաբանումները։

Ոչ բժշկական դիմակները հաճախ են մարդիկ օգտագործում հանրային վայրերում, սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ շատ քիչ վկայություններ կան։ Այս մասին օրերս հայտնել է ԱՀԿ-ն։

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս դրանց համատարած օգտագործումը հանրային վայրերում՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Այնուամենայնիվ, դրանք կարող են ծառայել որպես լրացուցիչ ֆիզիկական պատնեշ այն վայրերում, որտեղ վերահսկողական միջոցառումներ իրականացնելու կարողությունները սահմանափակ են և առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն պահպահնելը՝ անհնար, ինչպես օրինակ՝ հանրային տրանսպորտում, խանութներում կամ այլ մարդաշատ վայրերում։ Այդ պատճառով ԱՀԿ-ն առաջարկում է այդ դեպքերում գոնե կրել ոչ բժշկական դիմակներ։

Ոչ բժշկական կամ գործվածքներով դիմակները, ըստ ԱՀԿ-ի, կարող են մեծացնել COVID-19-ով վարակվելու հավանականությունը, եթե դիմակն աղտոտվել է կեղտոտ ձեռքերով, կամ մարդը դրան հաճախ է դիպել, դրել դեմքի, գլխի այլ մասերի վրա, այնուհետև՝ նորից բերանին և քթին:

Բացի այդ, ոչ բժշկական դիմակները ոչ ճիշտ ընտրված կտորի, հումքի պատճառով, կարող են դժվարեցնել շնչառությունը, վնասել դեմքի մաշկին և «ստեղծել պաշտպանվածության կեղծ զգացում»՝ նվազեցնելով այլ պաշտպանիչ միջոցառումների՝ սոցիալական հեռավորության, ձեռքերի ախտահանման և հաճախակի լվանալու կանոնների կատարումը։

Այդ պատճառով, ԱՀԿ-ն մանրամասներ է ներկայացնում, թե ինչից պետք է կարված լինեն ոչ բժշկական դիմակները, և ինչպես պետք է դրանք ապահով կրել։ Օրինակ, եթե այն չի կեղտոտվել կամ թրջվել, ապա կրկնակի օգտագործման համար պետք է դնել մաքուր պլաստիկ տոպրակում և փակել։ Եթե դիմակն աղտոտվել է, ապա այն պետք է լվալ օճառով կամ լվացող այլ միջոցներով՝ 60 աստիճանից ոչ սառը ջրում։ Տաք ջուր չլինելու պարագայում, դիմակնորը կարելի է լվալ սենյակային ջերմաստիճանի օճառաջրում, ապա մոտ մեկ րոպե եռացնել այն կամ մեկ րոպե թողնել 0.1 %-անոց քլորի լուծույթում, ապա լվանալ հոսող ջրի տակ։ Կարևոր է ունենալ սեփական դիմակ ու ոչ մի դեպքում չկրել ուրիշինը։

Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն հայտնում է, որ բժշկական դիմակները կարող են պաշտպանել մարդկանց վարակից, ինչպես նաև՝ կանխել արդեն վարակակիր մարդուց հիվանդության տարածումը, նույնիսկ եթե նա դեռ որևէ ախտանշան չունի։ Դիմակները պետք է ամուր հպվեն դեմքին՝ չթողնելով լայն անցքեր։

Ըստ ԱՀԿ խորհուրդների՝ բժշկական դիմակներ պետք է կրեն՝

  • Բոլոր բուժաշխատողները
  • Կորոնավիրուսի ցանկացած, նույնիսկ՝ աննշան սիմպտոմ ունեցող մարդիկ
  • Մարդիկ, որոնք խնամում են կասկածելի կամ հաստատված COVID-19 վարակակիրներին՝ առողջապահական հաստատություններից դուրս
  • 60 տարեկանից բարձր տարիքի մարդիկ
  • Մարդիկ, անկախ տարիքից, որոնք ունեն որևէ այլ հիվանդություն

Բժշկական դիմակները նվազագույնը եռաշերտ են, պատրաստվում են սինթետիկ, ոչ կտորային նյութերից և ունեն հատուկ ֆիլտրող շերտ։ Դրանք լինում են տարբեր հաստության և ունենում են ֆիլտրման և ջրակայունության տարբեր աստիճաններ։

Բժշկական դիմակ-ռեսպիրատորները լինում են տարբեր տեսակի և տարբեր պաշտպանիչ հատկություններով, օրինակ՝ FFP, FFP2, FFP3, N95, N99։ Սրանք նախատեսված են բուժաշխատողների համար, որոնք օգնություն են տրամադրում կամ շփվում են COVID-19 ունեցող մարդկանց հետ։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նախքան դիմակների կրումը և դրանից հետո մաքրել ձեռքերը սպիրտ պարունակող նյութով կամ լվանալ օճառով։

Ինչ վերաբերում է ձեռնոցներին, ապա ԱՀԿ-ն հայտնում է, որ խորհուրդ չի տալիս օգտագործել ձեռնոցներ հանրային վայրերում, քանի որ դա կարող է մեծացնել վարակման վտանգը. այն կարող է «ինքնաաղտոտվել» կամ, հպվելով տարբեր մակերեսների, իր վրայի կեղտը փոխանցել ուրիշներին։

«Շատ կարևոր է նշել, որ դիմակները պետք է օգտագործվեն՝ միայն որպես ընդհանուր կանխարգելիչ ռազմավարության մաս։ Դիմակն ինքն իրենով չի կարող պաշտպանել COVID-19-ից. մարդիկ պետք է հնարավորինս հաճախ լվանան ձեռքերն ու միմյանցից առնվազն 1 մետր հեռավորություն պահեն»,- ասված է ԱՀԿ հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter