
Ամերիկացի իրավապաշտպանները դատական հայց են ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմ
Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU) և մի շարք այլ կազմակերպություններ հինգշաբթի օրը՝ հունիսի 4-ին դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դեմ, որտեղ նշվում է, որ պաշտոնատար անձինք խախտել են Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարների սահմանադրական իրավունքները՝ կիրառելով հատուկ միջոցներ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։
Հունիսի 1-ին ոստիկանները ցուցարարներին դուրս էին մղել Լաֆայեթ զբոսայգուց և Սպիտակ տան դիմաց գտնվող հրապարակից՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Ցույցի ցրումից հետո Թրամփն անցել է հրապարակով, որպեսզի Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվի մոտակա եկեղեցում։ Այդ պահից սկսած Սպիտակ տան հարակից տարածքը հանրության համար փակ է։
Հայցը ներկայացվել է «Black Lives Matter D.C.» խմբի և առանձին ցուցարարների անունից, որոնք Մինեապոլիսում մահացած Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո հանդես են եկել ոստիկանական բռնության և ռասիզմի դեմ։ Արդեն մեկ շաբաթից ավելին է, ինչ նմանատիպ բողոքի ցույցեր են ընթանում ամերիկյան բազմաթիվ քաղաքներում։
Իրենց հայցում իրավապաշտպանները, բացի Թրամփից, մեղադրել են նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին և պաշտպանության նախարար Մարկ Էսպերին։ Ինչպես նշում է ինքը՝ Բարը, հենց նա է հրամայել ցրել բողոքի ցույցը, որպեսզի ընդարձակվի Սպիտակ տան հարակից տարածքների անվտանգության օղակը։ ACLU-ն այն անվանել է «ցուցարարների վրա համակարգված և չհրահրված հարձակում»։
Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության
Մեկնաբանել