
Անդրանիկ Քոչարյան. «Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և մեր հարցերին պատասխանելու համար»
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը օր առաջ պետք է գա ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով:
Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` շուրջ երկու ժամ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի` հանձնաժողովի հետ տեսակապով ունեցած հանդիպումից հետո:
«Ես մի բան կարող եմ ասել էսօրվա հանդիպումից հետո` Յուրի Խաչատուրովը ունի երկու օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և մեր հարցերին պատասխանելու համար: Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք էնքան կարևոր են, որ ես անում եմ այս հայտարարությունը»,-ասաց Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով` նախկին նախարարին լսելուց հետո հանձնաժողովի անդամները կոնկրետ հարցեր ունեն Յուրի Խաչատուրովին` բանակցային գործընթացի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ չի եղել որևէ նախկին կամ գործող պաշտոնյա, որը հրաժարվել է գալ հանձնաժողով, միակ հրաժարվողը եղել է Յուրի Խաչատուրովը:
«Պատահական չէ, որ ԱԳ նախկին նախարարին լսելուց հետո ես հայտարարում եմ, որ Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի` հանձնաժողով գալու»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով կազմակերպել հանդիպումը:
«Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց իրեն լսելու»,-ասաց նա:
Քոչարյանը հիշեցրեց, որ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ծառայություն մատուցած զինվորականները ևս եկել են հանձնաժողով, և տրամաբանական է, որ պատերազմի ժամանակ երկրի թիվ մեկ զինվորականը համարվող ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած նույնպես հյուրընկալվի հանձնաժողովում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գոհ էին արդյոք Էդվարդ Նալբանդյանի պատասխաններից, Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար հարցերն են կարևոր, իսկ պատասխանները համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է հունիսի 4-ին:
Մեկնաբանել