HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիան» հետաձգում է կանոնավոր թռիչքները, բայց իրականացնում է հատուկ չվերթներ

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը մինչեւ կորոնավիրուսի տարածումը կանոնավոր փոխադրումներ էր իրականացնում դեպի Ռուսաստան, Եվրոպա ու Մերձավոր Արեւելք, երեկ հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մինչեւ հունիսի 13-ը չի իրականացնի թռիչքներ Երեւան-Լիոն-Երեւան, Երեւան-Թել Ավիվ-Երեւան, Երեւան-Վորոնեժ-Երեւան, Երեւան-Մին. Վոդի-Երեւան ուղղություններով: Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթներն էլ հետաձգվում են մինչեւ հունիսի 30-ը:

Ըստ «Արմենիայի»՝ չեղարկված չվերթների բոլոր ուղեւորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր) առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված եւ ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ուղեւորի դիմումի հիման վրա:

Այդուհանդերձ, այս ընթացքում ավիաընկերությունը կատարել է մի քանի հատուկ թռիչքներ, որոնցից վերջինը մայիսի 23-ի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթն էր: Այս չվերթների նպատակը տվյալ երկրի քաղաքացիներին կամ այդ երկրում բնակվելու իրավունք ունեցողներին համապատասխան ուղղությամբ տեղափոխելն է: 

Երեկ «Արմենիան» հայտարարեց, որ հունիսի 2-ին իրականացնելու է Երեւան-Մին. Վոդի-Երեւան չվերթը: Սա եւս հատուկ չվերթ է: Ավիափոխադրողը նշել է, որ դեպի ռուսական Միներալնիե Վոդի կարող են մեկնել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՌԴ քաղաքացի են եւ գտնվում են Ռուսաստանում։ Ավիաընկերությունը հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է տեղաշարժման ներքին սահմանափակում, եւ իր գալիք չվերթին դեպի ՌԴ կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, ովքեր բնակվում են Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզիայում, Կաբարդինա-Բալկարիայում, Հյուսիսային Օսիայում, Ինգուշեթիայում, Չեչնիայում, Դաղստանում, Կալմիկիայում եւ Կրասնոդարի երկրամասում:

Մյուս կողմից՝ Մին. Վոդի-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) ՀՀ քաղաքացի են եւ գտնվում են ՀՀ-ում։

Բացի հունիսի 2-ի չվերթից դեպի Մին. Վոդի, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի, վաղը «Արմենիան» հատուկ չվերթ է իրականացնելու դեպի ղազախական Կոկշետաու քաղաք:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter