
Պաշտոնական թվերի հանելուկը. տնտեսության երկնիշ անկմանը զուգահեռ աշխատավարձերն աճում են
Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196 629 դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9.8 %-ով։ Սա այն պարագայում, երբ նույն ամսում մեր երկրի տնտեսական ակտիվության ցուցանիշը 17.2 %-ով անկում է ապրել։
Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ հաճախ կարելի է հանելուկային ու իրար հակասող ցուցանիշներ գտնել, որոնք չեն տեղավորվում նույն տրամաբանության մեջ։ Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ՝ այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին, երբ երկրում տնտեսությունը անկում է ապրում, նվազում են առևտուրն ու մարդկանց գնողունակությունը, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ աշխատավարձերն աճում են։
Մասնավորապես, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա ապրիլին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը, որը ներառում է նաև հարկերը, կազմել է 196 629 դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 9.8 %-ով։
Մասնավորապես, պետական հատվածի աշխատավարձը կազմել է 163 590 դրամ՝ աճելով 5.1 %-ով, իսկ ոչ պետական հատվածի աշխատավարձը՝ 215 537 դրամ, որն էլ աճել է 12.8 %-ով։
Ընդ որում՝ պարզվում է, որ այս տարվա մարտի համեմատ ապրիլին աշխատավարձերը միջինում բարձրացել են 2.2 %-ով։
Խորը հետազոտական գիտելիքներ պետք չէ անզեն աչքով հասկանալու համար, որ բնակչության մի մասը մարտից սկսած զրկվել է աշխատանքից ու աշխատավարձից։ Ամբողջ տնտեսությունն է այսօր արձագանքում տարածված նոր կորոնավիրուսին (COVID-19)։ Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 17.2%-ով։ Անկում է գրանցվում տնտեսության բոլոր ոլորտներում։
Նվազում է ներքին առևտրաշրջանառությունը։ Եվ այդ ֆոնին՝ պաշտոնական վիճակագրությունը մեզ համոզում է, որ աշխատավարձերն աճել են։ Մինչդեռ աշխատավարձերի աճը պետք է հանգեցներ առևտրի ծավալների աճին, ինչը ըստ նույն պաշտոնական վիճակագրության՝ բոլորովին այդպես չէ։ Ավելին՝ առևտրի ծավալները էապես կրճատվել են։ Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 33.1 %-ով։
Նվազել է նաև ծառայությունների ծավալը՝ 15.9 %-ով։
Միևնույն ժամանակ, գնաճը ցածր մակարդակում է՝ ընդամենը 0.9 %:
Նույն հակասական իրավիճակն է նաև հունվար-ապրիլի կտրվածքով։ Չորս ամիսների հաշվարկով միջին աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 9.3 %-ով։
Վիճակագրական կոմիտեն պարզաբանում է, որ ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկում բացակայում են 9 հազարից ավելի կազմակերպություններում մոտ 31 հազար աշխատողների աշխատավարձի ցուցանիշները, քանի որ COVID-19-ի հետևանքով նրանք ապրիլին գտնվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդում: Ընդ որում, դրանք հիմնականում մինչև 80 000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են:
Այսինքն՝ Վիճոկոմիտեի այս պարզաբանումից կարելի է հետևություն անել, որ ապրիլի աշխատավարձերի վիճակագրությունը թերի է և չի ներկայացնում իրական պատկերը։ Սա արձանագրենք՝ հույս ունենալով, որ հետագայում այս ցուցանիշները իշխանությունների կողմից չեն ներկայացվելու որպես ձեռքբերում։
Առհասարակ, աշխատավարձերի մասին տվյալները կարևորվում են տնտեսական վերլուծություններում, որոնցով փորձ է արվում պարզել բնակչության գնողունակության աստիճանը, եկամուտների միտումները և այլն։ Սակայն, նման վիճակագրությունը, որը ներկայացրել է Վիճկոմիտեն, չի կարող հիմք հանդիսանալ վերլուծությունների համար։
Մեկնաբանել