
Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. կբացվեն նաև նախակրթարանները
Կառավարությունը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջովին գործարկել հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, ինչպես նաև բացօթյա պատմամշակութային վայրերը: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում նշեց պարետ Տիգրան Ավինյանը:
«Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները: Սակայն շեշտեմ, որ սահմանափակումների բոլոր թուլացումները ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնելու է համապատասխան տույժերի և տուգանքների: Մեր գործարար համայնքը կանոնները պահելը պետք է դիտարկի որպես մրցակցային առավելություն, քանի որ պատասխանատու կազմակերպությունը զերծ է մնում պատասխանատվության ենթարկվելուց և իր աշխատակիցների վարակվելուց, և արդյունքում գործունեությունը որոշակի ժամանակով դադարեցնելուց»,- նշեց փոխվարչապետը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնները խախտողներին ոստիկանությունը տուգանելու է: Պարետը շեշտեց, որ դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված:
Մեկնաբանել