
Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ՝ Հայաստանում կա՞ն այրված ռուսական ԹԱՕ սարքերից, թե ոչ
Վերջին օրերի ընթացքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այրվել են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնց միացված են եղել կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ երկու հրդեհների արդյունքում մահացել է կորոնավիրուսով 5 հիվանդ, որոնք միացված են եղել այդ սարքերին, մոտ 500 հոգի էլ տարհանվել է։
Հետագայում պարզվել է, որ դրանք եղել են ռուսական «Ուրալի գործիքաշինական գործարան» ԲԸ արտադրության «Ավենտա-Մ» ԹԱՕ սարքերը (ТУ 9444-004-07509215-2010)։
Երեկ «Ռոսզդռավնադզոր»-ն արգելել է 2020 թ. ապրիլի 1-ից հետո արտադրված «Ավենտա Մ» սարքերի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում, քանի որ դրանք եղել են հրդեհի բռնկման պատճառ թե՛ Մոսկվայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում։
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ տեղյակ չէ՝ Հայաստանում կա՞ն արդյոք այդ նույն ընկերության արտադրության ԹԱՕ սարքեր, թե ոչ։
«Թե արհեստական շնչառության ինչպիսի սարքեր են օգտագործվում մեր հիվանդնաոցներում, ցավոք, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ մենք վերջերս գնահատում ենք արել, թե թվաքանակը քանիսն է, և ձեռք են բերվել լրացուցիչ արհեստական շնչառության սարքեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք օգտագործել»,- ասաց փոխնախարարը։
Նշենք, որ «Հետք»-ը վերջերս անդրադարձել էր Հայաստանում առկա ԹԱՕ սարքերին, մասնավորապես այն սարքերին, որոնք առանձնացված են կորոնավիրուսով հիվանդների համար։ Պարզել էինք, որ Առողջապահության նախարարությունն այդ սարքերն արտադրած ընկերության, երկրի և տարեթվի մասին որևէ տեղեկություն չունի, քանի որ մինչ օրս դրանց գույքագրում չի իրականացրել։ «Երկու ամիս պետք է սպասեք, որ գնանք, ինվենտարիզացիա անենք»,- մեզ հայտնել էին ԱՆ-ից։
Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի բուժման համար, ընդհանուր առմամբ, առանձնացված է 205 ԹԱՕ սարք, որից 120-ն ապրիլի 8-ին Չինաստանն է ուղարկել։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նշած՝ կորոնավիրուսի 15-օրյա կրկնապատկման տեմպի և ԹԱՕ սարքերին միացված մարդկանց տոկոսի պահպանման դեպքում հունիսի 23-ին Հայաստանում կօգտագործվի մոտ 100 ԹԱՕ սարք։
Գլխավոր լուսանկարը՝ © Պոլինա Պետրենկո /ТАСС
Մեկնաբանել