
Զոհվածի մայրը պիտի կարողանա անվճար կրթություն ստանալ. Սոֆիա Հովսեփյանի օրենսդրական առաջարկը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկում է զոհված (մահացած) զինծառայողների կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողների ծնողների, այրիի, չամուսնացած քույրերի և եղբայրների` պետական բուհերում ուսումն իրականացնել բյուջեի միջոցների հաշվին:
Պատգամավորը նման նախաձեռնությամբ հանդես գալու որոշում է կայացրել, երբ ապրիլյան պատերազմի մասնակիցներից երեքի մայրերը բուհ ընդունվելու և ուսման վարձը վճարելու խնդիրներ են ունեցել:
«Երբ հարցում արեցի, հասկացա, որ մինիմալ է պետական բուհերում նման շրջանակների դիմորդների քանակը: Նախագիծն ընդունվելու պարագայում առավելագույնը պետության համար տարեկան հինգ միլիոն դրամ ծախս է լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց Սոֆիա Հովսեփյանը:
Պատգամավորը հիշեցրեց` առաջիկայում հեռակա ուսուցման կարգը հանվելու է բուհական կրթությունից, ինչը նշանակում է, որ նախագծով առաջարկվող թիրախ խմբերի դիմորդների թիվը առկա ուսուցման համակարգում չի կարող ավելին լինել, քան հիմա կա հեռակա ուսուցման համակարգում:
«Եթե գնանք մոտիվացնելու ճանապարհով, այդ գումարը չի գերազանցի տասը միլիոն դրամը: Այս պահին կա երեք ծնող, որոնք դիմել են բուհական կրթության համար: Գիտեք, շատերը չեն դիմում, բայց չպիտի՞ զոհվածի մայրը չկարողանա կրթություն ստանալ»,- ասաց պատգամավորը:
Հովսեփյանը նախագծի վերաբերյալ խոսել է թե՛ ԿԳՄՍ նախարարության, թե՛ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ և երկու գերատեսչությունից էլ ողջունող արձագանք ստացել:
Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում` նախատեսելով օրենքի 67-րդ հոդվածը խմբագրել այսպես. «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, զոհված, մահացած զինծառայողների` մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, այրու, չամուսնացած քույրերի և եղբյարների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Լուսանկարը` Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել