
Սասուն Միքայելյանը պատրաստ է վայր դնել մանդատը, եթե մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը
Խորհրդարանական ծեծկռտուքից չնայած արդեն մի քանի օր է անցել, սակայն այդ միջադեպին խորհրդարանի ղեկավարությունը որևէ իրավական գնահատական չի տվել, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ շարունակում է բոյկոտել նիստերը:
Ծեծկռտուքի մասնակիցներից Սասուն Միքայելյանը ելույթով հանդես եկավ` ասելով, որ պատրաստ է մանդատը վայր դնել, եթե մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը:
«Էսօր իմ համար սուրբ ա և Ալենի մայրը, և Էդմոնի մայրը, և նստածներիդ բոլորիդ մայրը, ես զինվոր եմ եղել: Էդմոնի եղբայրը, ես չգիտեմ ինքը ոնց ա մտածում, էն ինչ անվանել ա էս ամբիոնից Էդմոնը Ալենին, առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի ախպերը գրել ա իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով, երիտասարդ, քո մայրը իմ համար սուրբ ա, բայց քո խոսքերի համար եթե ներողություն չխնդրես, բոլորդ էլ գիտեք իմ անցած ուղին, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից»,- ասաց Միքայելյանը:
Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց իր որդիներին և մարտական ընկերներին որևէ քայլ չձեռնարկել:
«Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ»,-ասաց նա` կոչ անելով Էդմոն Մարուքյանի եղբորը իրենից ներողություն խնդրել:
«Էս դահլիճում դեպք ա պատահել, ես գիտեմ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի` ինձ կերան, սպանին… Էն ինչ էս դահլիճում ա կատարվել, իր մեղքով ա կատարվել, եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցությունները իրենց գործը շարունակեն, եթե տղա ա էդքան թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- եզրափակեց նա:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը.
«Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ կարևոր օրակարգերը թողած, էն ժամանակը որի համար մեզ վճարում եք, որ կարևոր խնդիրները լուծենք, մենք էդ ժամանակը մեղմ ասած վատնում ենք էսպիսի բաների վրա»,- ասաց նա` խոստանալով իրենից կախված ամեն ինչ անել` ճիշտ գծից չշեղվելու համար:
«Ես երկու օր մտածել եմ էն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասեցի, ինչ հնչեց, միգուցե եթե իմ բառապաշարի մեջ մի քիչ ավելի զուսպ լինեի, միգուցե բանը չհասներ նրան, որ էսօր Սասուն Միքայելյանը ստիպված չլիներ նման ելույթ ունենար: Չգիտեմ` այդ պատճառահետևանքային կապն ինչքանով է ճիշտ, բայց ամեն դեպքում ես ինքս ամեն ինչի մասին փորձում եմ իմ մեղքի բաժինը տեսնել, ու բոլորին էլ նույն կոչն եմ անում»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Քննարկումը եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մենք արդեն դատապարտել ենք տեղի ունեցած միջադեպը, դատապարտել ենք այն, որ տրվել ենք սադրանքի, մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելը և կոնֆլիկտներ հրահրելը»,- ասաց Մակունցը:
Ըստ Մակունցի` յոթերորդ գումարման խորհրդարանի աշխատանքները սկսելուն պես Էդմոն Մարուքյանը մի քանի կոնֆլիկտ է հրահրել:
«Ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի վեցին երդմնակալությունից հետո կոնֆլիկտ հրահրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ, Էդմոն Մարուքյանը, ով էր այն պատգամավորը, ով մոտ երկու շաբաթ առաջ Գևորգ Պապոյանին անդընդհատ ընդհատում էր և ի վերջո սպառնալիք հնչեցրեց` ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու, Էդմոն Մարուքյանը: Ով էր այն պատգամավորը, ով Ռուբեն Ռուբինյանի` վարման կարգով ելույթի ժամանակ իր նստած դիրքից իջել էր դեպի աստիճաններ` խանգարելով խոսել և կոնֆլիկտ էր հրահրում, Էդմոն Մարուքյանը, ով էր այն պատգամավորը, ում Մխիթար Հայրապետյանին կոչով էր դիմել` հարգանքով խոսել, ոչ թե դու-ով, այլ դուք-ով, Էդմոն Մարուքյանը: Ով էր այն պատգամավորը, որը Սուրեն Գրիգորյանին դիմում էր` ով ես դու արա ոճով, Էդմոն Մարուքյանը: Ով էր այն պատգամավորը, ով սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին, և հիմա մենք ունենք իրավիճակ, երբ իր եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի հասցեին»,- ասաց Մակունցը:
Մակունցը վստահեցրեց` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես իրենք են պնդում, զոհ չէ, նրանք կոնֆլիկտի հրահրող կողմ են:
«Այս ամենը հարթելու համար մենք գտնում ենք, որ քաղաքական հետևանք պետք է ունենա, այդ հետևանքի մասին հայտարարեց Սասուն Միքայելյանը, այո, քաղաքական հետեւանք պետք է լինի, և իր առաջարկով պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին` մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, եթե միժամանակ մանդատները վայր դնեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը և սա է քաղաքական հետևանքը»,-եզրափակեց Մակունցը` հավելելով, որ սպասելու են «Լուսավոր Հայաստանի» պատասխանին:
Մեկնաբանել