
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գլենդելում ընկերություն է հիմնել
2016-2018 թթ. մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամերիկյան Գլենդել քաղաքում այս տարվա հունվարին ընկերություն է հիմնել, որը կոչվում է «Radio House»: Հիշեցնենք, որ մինչեւ նախարար դառնալը՝ 1997-2015 թթ., Ամիրյանը Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր: Նորաստեղծ ամերիկյան ընկերությունը, համաձայն փաստաթղթերի, զբաղվելու է ժամանցային արտադրանքի թողարկմամբ:
«Radio House»-ի նախագահը, տնօրենը, գործադիր եւ ֆինանսական պատասխանատուն, ինչպես նաեւ քարտուղարը նույն անձն է՝ Արմեն Ամիրյանը:
Ընկերությունը գրանցվել է նախկին պաշտոնյայի Գլենդելի տներից մեկում, որը գտնվում է Քեմփթոն ռոուդի վրա: Այս գույքի եւ ընդհանրապես Ամիրյանի ամերիկյան տների մասին 2018 թ. գրել ենք: Հիշեցնենք, որ 2008 եւ 2013 թթ., երբ դեռ Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարն էր, Ամիրյանը մի քանի միավոր անշարժ գույք է ձեռք բերել Գլենդելում: Դրանցից 2-ը առանձնատներ են, որոնցից Քեմփթոն ռոուդի վրա գտնվողը ձեռք է բերվել 820.000 դոլարով, իսկ մյուսի գինը հանրայնացված չէ: Մյուսները մեկ լոտի մեջ են՝ իրար կից խանութ, արագ սննդի կետ ու երկհարկանի շենք. ձեռք են բերվել 1.162.000 դոլարով եւ օտարվել 2018-ի փետրվարին 2.040.000-ով:
Այս առումով նշել էինք, որ Ամիրյանի 2017 թ. պաշտոնի ստանձնման (վերանշանակվել էր) եւ 2018 թ. հրաժարականից հետո ներկայացրած հայտարարագրերում նրա գույքի ծավալը մնացել է նույնը՝ 10 միավոր, չնայած այս փաստաթղթերը կազմելու արանքում նա վաճառել էր իր ունեցվածքի մի մասը:
Հետաքրքիրն այն է, որ մեր հրապարակումից հետո «Google Maps» ծածկել է նախկին նախարարին պատկանող 2 առանձնատների պատկերները, իսկ օտարված գույքի պատկերը հասանելի է: Հասկանալի է, որ «Google Maps»-ում փոփոխություն է արվել Ամիրյանի խնդրանքով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել