
Ախթալայի հանքափորները. իրականություն (լուսանկարներ)
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողների անունից օրերս լրատվամիջոցներին ուղղված բաց նամակում հեղինակները հայտնել էին. «Մենք՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցներս, հայտնում ենք, որ մեր իրավունքները պաշտպանված են օրենքի սահմաններում և բողոքելու ոչ մի առիթ երբևիցե չենք ունեցել: Սակայն մեր անունը պախարակում են մի խումբ մարդիկ` ելնելով իրենց սեփական շահերից»:
Բաց նամակի այս և այլ հայտարարությունների հետքերով «Հետքը» մարտի 8-ին շրջայց է կատարել «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականությունը հանդիսացող Ախթալայի թիվ 215, 305 և 240 փակ հանքերում, զրուցել է հանքափորների հետ և ուսումնասիրել է նրանց աշխատանքային պայմանները: Նամակում իրենց հասցեին ուղղված մեղադրանքների հետ կապված «Հետքի» հարցերին պատասխանել են նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը և նրա եղբայր Վազգեն Խաչիկյանը:
Նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, ով դատապարտվել է մանկապղության համար, Ախթալայի աշխատավորների տքնաջան աշխատանքով ստեղծված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի շահույթներն օգտագործել է իր անձնական նպատակներով, իսկ նրա կինը` Մադլեն Թաշճյանը աշխատաքային նորմալ պայմաններ չի ստեղծում ԼՀԿ-ի աշխատողների համար:
Ախթալայի 3 հանքերն էլ իրենց հարող տարածքներով գտնվում են անբարեկարգ վիճակում: Հնամաշ աշխատանքային հագուստներով հանքի մոտ կանգնած Ախթալայի ԼՀԿ-ի հանքափորները, ովքեր պատրաստվում էին մտնել հանք, հիշեցնում էին ցնցոտիավոր մուրացկանների: Հանքափորներն ասացին, որ իրենց աշխատանքային վերջին հագուսը ստացել են 2010 թ.-ի սկզբներին, իսկ երկարաճիտ կոշիկները ստացել են 6 ամիս առաջ: Հանքափորներից շատերը իրենց մաշված տնային հագուստով էին պատրաստվում մտնել հանք: Հակասանիտարական վիճակում էին մեր այցելած 3 հանքավայրերի 3 բաղնիքները: Դրանք հանք մտնող բանվորների համար ծառայում էին նաև որպես հանդերձարաններ: Բաղնիքների պատերը բորբոսնած էին, խողովակները` ժանգոտած, ջրի ծորակները` առանց ցնցուղների: Երևում էր հանքափորների լողանալուց հետո լողասենյակները չէին մաքրվում:
Մեր այցելության պահին լողասենյակները հագեցած էին գարշահոտությամբ: Ակնհայտ է, որ հանքերի բաղնիքները տարիներ շարունակ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից մատնված են եղել անուշադրության, այստեղ վերջին 30 տարիներին վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել:
Տարեկան 7,5 միլիարդ հասույթ ստացող «Մեթըլ Փրինս»-ի սեփականատերն այսօր էլ զլանում է հանքափորների համար աշխատանքնային նորմալ պայմաններ ստեղծելու գործում:
«Մեթըլ Փրինսի» թիվ 305 հանքում փետրվարի 25-ին զոհված 22-ամյա Գարիկ Աղջյանի հանքափոր ընկերները հայտնի պատճառներով խուսափեցին պատասխանել անփորձ հանքափորի մահվան իրական պատճառների մասին «Հետքի» հարցերին, սակայն միաձայան դժգոհեցին իրենց աշխատանքնային վատ պայմաններից:
«Փակ հանքերը ծանր վիճակում են և մեր կյանքի անվտանգության համար լուրջ սպառնալիք են»,- ասացին նրանք: Հանքափոր Անդրանիկ Կոնինյանն էլ իրենց աշխատանքային պայմանների մասին ասաց. «Ոնց տեսնում եք, սենց ա էլի մեր աշխատանքային և բաղնիքային պայմանները, ահագին լավ չի»: Թե ինչու նորմալ աշխատանքային պայմաններ չեն պահանջում ղեկավարությունից, Անդրանիկն ասաց. «Որ պահանջում ենք, ի՞նչն է փոխվում»: «Բա ի՞նչ անենք, եթե զրույց տանենք, ո՞նց զրից անենք, եթե ուզում ես երեխայիդ համար հացի փող տուն տանես, պետք է հանդուրժես»,- ասաց հանքափորներից մեկը, ով խուսափեց հայտնել իր անունը:
Թիվ 240 հանքում էլ հանքափորներն ասացին, որ բոլոր հանքափորներն էլ դժգոհ են: Հանքափոր Ռաֆիկ Պողոսյանն էլ նշեց, որ հանքում աշխատում է ամիսը 100 հազար դրամ աշխատավարձով:
Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների աշխատանքային պայմանների տպավորիչ դրսևորումներ են «Հետքի» լուսանկարները:
Հ.Գ. Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ու Վազգեն Խաչիկյանի հարցազրույցները կհրապարակենք մի փոքր ավելի ուշ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել