
Կիեւ-Երեւան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան են վերադառնում ՀՀ քաղաքացիները
Ինչպես ապրիլի 25-ին հայտարարել էր Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, այսօր Կիեւից Երեւան է ժամանում ուկրաինական «SkyUp» ավիաընկերության օդանավը (նախատեսված 150 հոգու համար), որը հատուկ չվերթով հայրենիք է տեղափոխում ՀՀ քաղաքացիներին: Հետադարձ թռիչքով Ուկրաինա են տեղափոխվելու այդ երկրի այն քաղաքացիները, ովքեր ներկայում գտնվում են Հայաստանում: ՀՀ-ից Ուկրաինա վերադարձողների հարցերով իր հերթին զբաղվում է մեր երկրում Ուկրաինայի դեսպանությունը:
Չնայած նախատեսվել էր, որ «SkyUp»-ի ինքնաթիռը «Զվարթնոցում» վայրէջք է կատարելու Երեւանի ժամանակով 18:50-ին, օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ այն ուշանալու է: Ըստ այդմ՝ վայրէջքը հաշվարկված է 20:59-ին:
Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքն էլ հուշում է, որ այս պահին ուկրաինական ինքնաթիռը գտնվում է Սեւ ծովի երկնքում եւ շրջանցում է Ղրիմը (վերջինիս երկինքը թռիչքների համար միջազգայնորեն փակ է, սակայն ռուսական փոխադրողներն օգտագործում են այն):
Երեւան-Կիեւ հետադարձ թռիչքն այս պահին նախատեսված է 21:50-ին:
Հիշեցնենք, որ սա Կիեւ-Երեւան-Կիեւ երկրորդ հատուկ չվերթն է, որը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում իրականացնում է «SkyUp»-ը: Առաջինը եղել է մարտի 25-ին: Այդ օրը Կիեւից Երեւան էր վերադարձել 60 հոգի (ճնշող մեծամասնությունը՝ ՀՀ քաղաքացիներ), իսկ Երեւանից 92 հոգի մեկնել էր Կիեւ:
Հայաստան վերադարձած ուղեւորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Այսինքն՝ հենց «Զվարթնոց» օդանավակայանից նրանք տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր, որտեղ կեցության ծախսերն ապահովում է ՀՀ կառավարությունը:
Մեկնաբանել