
«Վաշինգտոնի հոգեւորականը տարբերվում է Հայաստանի հոգեւորականից»
Այս տարի Վաշինգտոնում տոնել են հայ համայնքի կազմավորման 77-ամյակը: Մինչեւ Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոնում հայեր ապրել են, սակայն համախմբված հայ համայնք չի եղել: Հայերն այստեղ համախմբվել են թուրքական ջարդերից հետո: Հայերի երկրորդ մեծ հոսքը Վաշինգտոն սկսվել է Հայաստանի անկախությունից հետո:
Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոն եկող հայերը տարբերվում են Կալիֆոռնիա կամ այլ նահանգներ գնացողներից: Ըստ քահանայի` Վաշինգտոն գնում են կրթված մարդիկ, որոնք անմիջապես աշխատանք են գտնում, թեեւ` ժամանակավոր: Վաշինգտոն քաղաքում, ինչպես նաեւ կից Մերիլենդ եւ Վիրջինիա նահանգներում այս պահին ապրում է 10-12 հազար հայ: Պատմական Հայաստանից եկածները հիմնականում արվեստագետներ են եւ արհեստավորներ: Զբաղվում են կոշկակարությամբ, նկարչությամբ եւ այլն: Հայաստանից եկածները հիմնականում բիզնեսմեններ են եւ ֆինանսական ոլորտում են աշխատում: Շատ է Համաշխարհային բանկում աշխատող հայերի թիվը: Հովսեփ քահանա Կարապետյանն ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցին սփյուռքում երկու դեր ունի` իբրեւ մշակույթը, լեզուն պահող եւ հոգեւոր սնունդ տվող: Իրենք էլ հենց այդ առաքելությունն են իրականացնում Վաշինգտոնում:
Սփյուռքի գրեթե բոլոր եկեղեցիներն ունեն կից կառույցներ, որտեղ տեղակայված են կիրակնօրյա դպրոցը եւ գործող տարբեր խմբակները: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորում է մոտ 80 երեխա: Նրանց 95%-ը Հայաստանից է: Կիրակնօրյա դպրոցում դասերն անցկացվում են շաբաթը մեկ անգամ: Երեխաները սովորում են հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն: «Սփյուռքում եկեղեցու դերը կարեւոր է, որովհետեւ եկեղեցին միակ տեղն է, որտեղ ժողովուրդը հաճախ է այցելում: Գալով Վաշինգտոն` հայերը փորձում են հայկական ինչ-որ բան գտնել, եւ առաջին կապող օղակը հենց եկեղեցին է: Իզուր չէ, որ երբ հայերը գալիս են այստեղ եւ սոցիալապես անկայուն են լինում, անմիջապես եկեղեցի են գալիս, որ իրենց ուղղորդենք, օգնենք, որ ոտքի կանգնեն»,- ասում է քահանա Կարապետյանը:
Ամերիկայի թեմում ընդունված է, որ յուրաքանչյուր մկրտված մարդ, եթե եկեղեցու անդամ է եւ ցանկանում է լիարժեք մասնակցել եկեղեցու գործերին, որոշումների կայացման գործընթացին, պետք է եկեղեցուն տուրք վճարի: Այդ տուրքը կոչվում է տրատու, իսկ վճարողները` եկեղեցու տրատու անդամներ: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նույնպես ունի իր տրատուն` տարեկան 200 դոլար: Եկեղեցին ունի մոտ 300 տրատու անդամ: Սփյուռքում, հատկապես Վաշինգտոնում, եկեղեցու մեծությունը որոշվում է ոչ թե կառույցի չափերով, այլ տրատու անդամների թվով: Վաշինգտոնի եկեղեցին համարվում է «միջին մեծության» եկեղեցի, իսկ Բոստոնի եկեղեցին համարվում է «մեծ եկեղեցի», քանի որ մոտ 700 տրատու անդամ ունի: Փոքրերն ունեն 80-100 տրատու անդամ: Հավաքված գումարը ծախսվում է եկեղեցու կարիքների համար, ինչպես նաեւ` որպես օգնություն հատկացվում է սոցիալապես անապահով հայ ընտանիքներին:
Տեր Հովսեփն ասում է, որ Վաշինգտոնի հայերն ունեն նույն խնդիրները, ինչ տեղացիները: Իբրեւ հոգեւոր հովիվ արդեն 4 տարի է, ինչ Վաշինգտոնում է եւ հայերի հետ կապված լուրջ միջադեպերի կամ խնդիրների չի հանդիպել: «Այդ ընթացքում 2-3 դեպք է եղել, երբ հայերին բռնել են, եւ ես գնացել եմ բանտ, որ բարեխոսեմ, ինչ- որ չափով օգտակար լինեմ: Վաշինգտոնում հայերը կարգապահ եւ օրենք հարգող են: Վատ երեւույթներն ավելի շատ տարածված են Կալիֆոռնիա եւ հարակից նահանգներում: Փոքր հանցագործություններ այստեղ լինում են, բայց Ամերիկայում հանցավոր խմբավորումներում հայերի մասնակցությունը նոր երեւույթ էր մեզ համար, որ մի քանի ամիս առաջ ի հայտ եկավ (նկատի ունի հայկական հանցավոր խմբավորումն ու դրա պարագլուխ «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանին, ում հոկտեմբերին ձերբակալել էին Լոս Անջելեսում- Գ. Բ.)»,- ասում է Հովսեփ քահանա Կարապետյանը:
Այս տարի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին պատրաստվում է մեծ շուքով նշել Հայաստանի անկախության 20-ամյակը: Տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու համար եկեղեցուն կից ստեղծվել է մշակութային հանձնաժողով: Միջոցառումները կազմակերպվելու են հայ համայնքի եւ Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Քահանա Կարապետյանի ասելով` միջոցառումների առանցքում երեխաներն են լինելու, քանի որ ավագ սերունդը քիչ թե շատ գիտի Հայաստանի մասին, հիմա ավելի կարեւոր է, որպեսզի երեխաները կրթվեն: «Դա կարեւոր է, որովհետեւ երեխայի ծնողները, լինելով հայեր, աշխատանքի, զբաղվածության պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին հայկական ոգով դաստիարակել: Կա մի քանի պատճառ` երեխան գնում է ամերիկյան դպրոց, նրա բոլոր ընկերները ամերիկացիներ են, հայոց լեզուն չի օգտագործվում, իսկ տանը, եթե հայերեն խոսեն էլ, ապա 1-2 ժամ»,- ավելացնում է Հովսեփ քահանա Կարապետյանը:
Նրա ասելով` եկեղեցին փորձում է քաղաքականությունից զերծ մնալ եւ չխառնվել հայաստանյան իրադարձություններին: Տեր Հովսեփն էլ չի ցանկանում եկեղեցական քաղաքական գործիչ լինել: Եկեղեցու դերը պատկերացնում է միայն հոգեւոր սնունդ տալու եւ դեպի Քրիստոս առաջնորդելու մեջ: Բայց քանի որ ազգային եկեղեցին է, փորձում են պատմության, մշակույթի միջոցով հայերին կրթել, որպեսզի շարունակեն հայ մնալ: «Եթե եկեղեցին մտնի քաղաքականության մեջ, իր իմաստն ու դերը կկորցնի: Եկեղեցին իր դերից չպետք է իջնի եւ մասնակցի քաղաքական գործընթացներին: Բացի այդ, մենք շատ հեռու ենք Հայաստանից: Դուք ապրում եք Հայաստանում, ձեր աչքերով տեսնում եք իրականությունը, իսկ այստեղ այլ ձեւով ենք այդ ամենի մասին իմանում: Դժվար կացության մեջ կհայտնվի եկեղեցին, եթե քաղաքական հարցեր շոշափի եւ խառնվի Հայաստանի անց ու դարձին»,- ասում է Տեր Հովսեփ քահանան: Նա համամիտ է, որ Հայաստանում հոգեւորականների մի մասը զբաղվում է քաղաքականությամբ:
Հոգեւոր հովվի կարծիքով` Հայաստանում եկեղեցին փորձում է իրեն վերագտնել, կորցրած արժեքները վերականգնել: Պատմականորեն Հայ Առաքելական եկեղեցին միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին: Տեր Հովսեփը կարծում է, որ այսօր այդ ազգային հատկանիշները կորել են: «Այստեղի հեգեւորականն ու Հայաստանի հոգեւորականը տարբերվում են իրարից: Հայաստանի հոգեւորականը դեռ սովետի ժամանակվանից ծիսակատար քահանա է եղել: Մեկը եկել, ասել է` Տեր հայր, արի մեր մեռելին թաղի, կամ մկրտություն են արել, վերջում էլ քահանայի գրպանը գումար են դրել եւ ճանապարհել են: Կամաց-կամաց փոխվում է, բայց հիմնականում այդ տեսակետը դեռ կա նաեւ ժողովրդի մեջ: Եթե այստեղ ես պիտի ամուսնության կարգ անեմ, մի քանի անգամ հանդիպում եմ զույգի հետ, նույնը նաեւ այլ դեպքերում: Հայաստանում դա չկա, ճիշտ է` հոգեւորականը հեռացված է ժողովրդից»,- ասում է Տեր Հովսեփը:
Միեւնույն ժամանակ նա հորդորում է լրագրողներին եւ Հայաստանի քաղաքացիներին, որ 2-3 հոգեւորականի վատ արարքով եկեղեցու անունը չվարկաբեկեն, քննադատեն այդ հոգեւորականների անձը, ոչ եկեղեցին, որովհետեւ եկեղեցին ավելի վեհ գաղափար է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել