
Բանկերի հարկերը մոտ 13%-ով աճել են առաջին եռամսյակում. վարկանիշն՝ ըստ առանձին բանկերի
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի 17 առևտրային բանկերը պետական բյուջե են վճարել ընդհանուր առամամբ 12.5 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով:
Առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում 12-ը բանկեր են։ 17 բանկերից 5-ի վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամը։
Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) տվյալները, բանկերի շարքում խոշորագույն հարկատուն «Ամերիաբանկն» է։ Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում «Ամերիաբանկը» զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը՝ վճարելով մոտ 1 մլրդ 527 մլն դրամի հարկեր, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 163 մլն դրամով կամ 11.9%-ով։
Բանկային ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ»-ն է։ Վճարել է մոտ 1 մլրդ 490 մլն դրամի հարկեր և խոշորների ցանկում զբաղեցրել 26-րդ տեղը։ Բանկի հարկերն աճել են 420 մլն դրամով կամ 39.3%-ով։
Երրորդ խոշոր հարկատուն «Հայբիզնեսբանկն» է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 1 մլրդ 234 մլն դրամի հարկեր, որը մոտ 43 մլն դրամով կամ 3.3%-ով կրճատվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Խոշորների ցանկում 32-րդ տեղում է։
Հաջորդում է «Ինեկոբանկը», որն այս անգամ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։ Բանկի հարկերն աճել են 109.2 մլն դրամով կամ 10.8%-ով։
Հինգերորդ խոշոր հարկատու բանկը Արդշինբանկն է, որը այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 41-րդ տեղում է։Վճարել է 1 մլրդ 79 մլն դրամի հարկերը, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է 49.3 մլն դրամով կամ 4.4%-ով։
Ընդ որում՝ 2019թ.-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էին ընդհանուրի 5%-ը:
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակում հարկերի աճ է գրանցել բանկերից 12-ը, իսկ 5-ը անկում է գրանցել։
Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։
Այսպիսով, ստացվում է, որ բանկերի վճարած հարկերը կազմել են խոշոր հարկատուների ընդհանուր հարկերի 5.1%-ը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որին հաջորդում են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները։
Մեկնաբանել