
Անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է նաև Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքների վարչական տարածքներում
Արցախի Հանրապետության պարետի ապրիլի 14-ի որոշմամբ ապրիլի 15-ից` ժամը 00:01-ից, անձանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Շահումյանի շրջանի Քարվաճառ, ինչպես նաև՝ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայքների վարչական տարածքներում:
«Հետքը» փորձեց հասկանալ, թե ինչու են անձանց ազատ տեղաշարժը սահմանափակում Վերին Հոռաթաղում, Կոճողոտում և Հաթերքում, քանի որ մինչև այս պահը Մարտակերտի շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հաստատվել:
Արցախում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ համայնքներում կան ինքնամեկուսացված անձինք:
«Այն համայնքներն են, որտեղից մենք ունենք մեկուսացված, կամ՝ տեղում ունենք ինքնամեկուսացված: Դրանով պայմանավորված՝ վերահսկողությունը առողջապահական առումով ավելի ուժեղացնելու որոշում է կայացրել պարետը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ապրիլի 12-ին, Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն: Պարետատան ղեկավարման համար Բակո Սահակյանը պարետ է նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:
Մեկնաբանել