
ԱՀ նախագահական ընտրություններին քվեարկում են նաև ինքնամեկուսացված համայնքների բնակիչները
Այսօր՝ ապրիլի 14-ին ժամը 08:00-ից, մեկնարկել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:
Ապրիլի 12-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Ավելի վաղ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, ինքնամեկուսացվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները (Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն ախտորոշվել է Միրիկ համայնքի բնակչի մոտ):
Երեկ «Հետքի» զրույցում ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանն ասաց, որ եթե ինքնամեկուսացված համայնքի բնակիչները պատրաստակամ լինեն իրենց ընտրական իրավունքներն իրացնել, որևէ սահմանափակում չի լինելու:
Ըստ ԱՀ ԿԸՀ-ի` ժամը 11:00-ի դրությամբ հրապարակած տվյալների՝ քվեարկությանը մասնակցել են նաև ինքնամեկուսացված համայնքների բնակիչները:
Միրիկում քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել 5 ընտրող կամ ընտրողների 4,1 տոկոսը, Ծիծեռնավանքում՝ 11 ընտրող (14.9 տոկոս), Մոշաթաղում` 6 ընտրող (3.3 տոկոս):
14:00 դրությամբ ինքնամեկուսացված համայնքներում քվեարկողների թիվը անփոփոխ էր:
«Հետքը» կապվեց Ծիծեռնավանք համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելու, թե ինչպես են իրենց համայնքում կազմակերպում ընտրությունները: Հարությունյանն ասաց, որ ընտրատեղամասերն ապահովված են անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներով:
«Հիմա փակված ենք, ամեն ինչից կտրված: Ոչ դուրս են գալիս, ոչ էլ՝ ներս: Ոչ մեկ էլ ջերմություն չունի: Այնպես են անում, որ ընտրատեղամասում մարդիկ իրար գլուխ չհավաքվեն: Հանձնաժողովի անդամները ևս իրարից հեռու են: Որոշողը ես չեմ, դրա համար հատուկ մասնագետներ կան»,- ասաց Ծիծեռնավանքի գյուղապետը:
Մեկնաբանել