HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Օրեր առաջ մաքրված ջրանցքն աղբանոցի է վերածվել (Տեսանյութ)

Լուսանկարում պատկերված է Արմավիրի մարզի Թաիրով համայնքով անցնող ջրանցքը։ Ջրանցքը մաքրվել է օրեր առաջ, սակայն դրանում  կրկին կենցաղային աղբ է, շատ են հատկապես պլաստմասսե շշեր։ Ջրանցք է թափվում նաև Թաիրովի որոշ շենքերի կոյուղաջրերը։ Ջրանցքը ոռոգելի ջուր է հասցնում Փարաքար համայնքի այգիներին և տնամերձերին։

Թաիրով համայնքի բնակիչ Սևակ Ծատուրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս անգամ ջրանցքը բավականին լավ է մաքրվել։

Նա ջրանցքի աղտոտման առաջին պատճառը համարում է այն, որ ջրանցքն օգտագործվում է որպես կոյուղատար։ Սևակը նշում է, որ ջրանցքում կուտակված աղբը միայն նոր թափվածը չէ։ Կարծում է, որ հոսող ջուրը ջրանցքի փակ հատվածներից էլ է աղբ բերել, որոնք մաքրել չի հաջողվել։

«Քանի որ հարակից բնակավայրերի կոյուղին լցվում է ջրատարը, այն շատ արագ աղտոտվում է։ Դա էլ իր հերթին որոշ բնակիչների համար արդարացում է դառնում, որ արդեն աղտոտված ջրատարն աղբ նետեն, ինչը բերում է ներկա վիճակին»,- ասում է նա։

Սևակ Ծատուրյանը նկատել է, որ ջրանցքն առավել շատ աղտոտված է լինում ձմռանը, երբ Երևանյան լճից ջուրը փակվում է, ջրատարում լցված կոյուղաջրերն ու կենցաղային աղբն անշարժ մնում են։

Սևակ Ծատուրյանն ասում է՝ որպեսզի ջրանցքը չաղտոտվի, դրանում առաջին հերթին չպետք է լցվեն կոյուղաջրեր ոչ միայն Թաիրով, այլ նաև մյուս համայնքներից, որտեղով հոսում է ջրատարը։ «Դրանից հետո բնակիչների հետ աշխատանք պետք է տարվի. նրանց բացատրեն, որ աղբ չլցնեն, մի մասը, իհարկե, միայն տուգանվելուց հետո կհասկանան։ Կարծում եմ՝ այս ամենից հետո կունենանք այն վիճակը, երբ երեխաներն ամռանը լողում էին այստեղ»,- նշում է նա։

Ինչու է ջրանցքը կրկին աղտոտվել. պարզաբանում են պատասխանատուները

Թաիրով գյուղն ընդգրկված է Փարաքար համայնքի կազմում։ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում զարմացավ՝ տեղեկանալով, որ ջրանցքը կրկին աղբանոցի է վերածվել։ Լուսանկարները տեսնելուց հետո Մինասյանն ասաց՝ օրեր առաջ են ջրանցքի այդ հատվածը մաքրել, անձամբ հետևել է մաքրման աշխատանքներին։

«Կարծում եմ՝ ջրերը տվել են, հեռվից աղբը հետը բերել է։ Ես անձամբ հետևել եմ մաքրման աշխատանքներին։ Անհնար է մաքրել, հինգ օր հետո այս վիճակը լինի։ Որքան էլ ցանկանան միտումնավոր այս վիճակը սարքել, չեն կարող»,- նշեց Դավիթ Մինասյանը։

Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ջրանցքի՝ Թաիրովով անցնող հատվածը երկու տարի առաջ էր մաքրվել։ Սակայն նա չի թաքցնում, որ տարածքի բնակիչները ևս ջրանցքում կենցաղային աղբ են թափում։

Դավիթ Մինասյանը վստահեցնում է, որ Թաիրովում աղբահանությունը պատշաճ կատարվում է։ «Ամեն օր աղբահանություն կատարվում է, բայց՝ նայած փողոց։ Փողոց կա աղբատար մեքենան շաբաթը երկու անգամ է մտնում։ Համայնքում կան փողոցներ, որ համ փողոցի մեջտեղում, համ ծայրերում աղբամանը տեղադրված է։ Փողոցներ կան, որ միանգամից իրենց տներից են հանում, մեքենան լցնում»,- ասում է նա։

Համայնքի ղեկավարը չգիտի՝ ինչու են բնակիչներն աղբը թափում ջրանցքում։

Դավիթ Մինասյանը կարծում է՝ ջրատարը մաքուր պահելու համար պետք է աշխատանքներ տարվեն ոչ միայն իրենց, այլ այն համայնքների բնակիչների հետ, որտեղով անցնում է ջրանցքը. նրանց պետք է բացատրել, որ դրա մեջ աղբ չլցնեն, որպեսզի ջրի հոսքն էլ իր հերթին այն չտեղափոխի այլ համայնքներ։

Համայնքի ղեկավարը հավաստիացրեց, որ եթե իրենց համայնքի բնակիչները կրկին ջրանցքում աղբ թափեն և այն նախկին տեսքին բերեն, օրենքի ողջ խստությամբ կտուգանվեն։

Դավիթ Մինասյանը նաև պարզաբանեց, որ Թաիրով համայնքի մի շարք շենքերի կոյուղաջրեր միանգամից լցվում են ջրանցք։ Սակայն արդեն սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, որով այդ շենքերի համար կառուցվելու է կոյուղագիծ։ Այդ աշխատանքների կատարման համար շուտով մրցույթ կհայտարարվի։

Ջրանցքի մաքրման աշխատանքները կատարել է «Էջմիածին ՋՕ» ընկերությունը։ ՋՕ-ի «Մուսալեռ» տեղամասի պետ Գալուստ Խաչիկյանը համամիտ չէ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի հետ, որ ջրանցք լցված աղբը հոսող ջուրն է բերել։ «Թաիրովի հատվածում կոյուղի գոյություն չունի, 7-8 բնակելի շենքերի ամբողջ կոյուղաջրերը լցվում են ջրանցք։ Միևնույն ժամանակ ամբողջ բնակչությունն աղբը թափում է ջրանցքում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գալուստ Խաչիկյանը։

Խաչիկյանը պարզաբանում է, որ հոսող ջուրն աղբ չի կարող բերել Թաիրով համայնք, քանի որ Արգավանդ և Փարաքար համայնքների միջև կա բաժանարար ցանց, որտեղ Արգավանդից եկող կեղտը հավաքվում է։

«Ջրանցքը մաքրելուց առաջ համայնքի ղեկավարին ասացի՝ մենք մաքրում ենք, սա տևելու է ընդամենը տասը օր, նորից նույն վիճակն է լինելու»,- ասում է Գալուստ Խաչիկյանը։

Գալուստ Խաչիկյանը պատմում է, որ իր ներկայությամբ ևս Դավիթ Մինասյանը տեղանքի բնակիչներին հորդորել է աղբ չթափել, չաղտոտել ջրանցքը։

Գալուստ Խաչիկյանը ընդգծում է՝ որքան էլ ջրանցքի աղտոտվածությունը տհաճ է, բայց այն ջրամատակարարում ապահովելուն չի խոչընդոտում, ամենակարևորը տիղմն է, որը դուրս են բերել։

Այս ջրանցքի մասին «Հետքը» գրել էր նաև 2016 թվականին։ 

Տեսանյութն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter