
Պատգամավորը բողոքում է օրենքի անկատարությունից. իր վերցրած վարկերը որպես եկամուտ են դիտարկում
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը խորհրդարանի 11 կին պատգամավորներից ամենահարուստն է: Ըստ գույքի եւ եկամուտների նրա հայտարարագրի` 2009 թ. ունեցել է 823 մլն 732 հազ. դրամի, ինչպես նաեւ 466 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ: «Պարզապես ամեն ինչ ներկայացրել եմ, մյուսներից դրանով եմ տարբերվում»,- այսպես արձագանքեց Հերմինե Նաղդալյանն իր եկամուտի վերաբերյալ մեր հարցին:
Միայն դրամով Հերմինե Նաղդալյանը հայտարարագրել է իր տարեկան աշխատավարձը 218 անգամ գերազանցող գումար, գումարած` արտարժույթով ստացված եկամուտը: Պատգամավորի տարեկան աշխատավարձը 3 մլն 780 հազ. դրամ է: Որտեղի՞ց նրան այդքան գումար, երբ Սահմանադրությամբ արգելված է զբաղվել ձեռնարկատիրությամբ: «Դա մեր գործող օրենքի անկատարության հետ է կապված: Վարկով ստացած գումարները, որոնք հետո հետ են վճարվում, մեր օրենքով համարվում են եկամուտ եւ հայտարարագրում ներկայացվում են «եկամուտներ» տողում: Իսկ ծախսերն ու հետ մարումները հայտարարագրում չեն նշվում, դրա համար էլ չի երեւում: Եվ ստացվում է, որ գումարը զուտ եկամուտ է»,- պարզաբանում է Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա` իր հայտարարագրած գումարային եկամուտների մեծ մասը` արտարժույթով եւ դրամով, գոյացել են տարբեր բանկերից կրեդիտ քարտերով ստացված վարկային գումարներից, որոնք նույն ամսում, արտոնյալ պայմաններով մարել է:
Այդ գումարները ներդրել է իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող տնտեսությունները զարգացնելու, աշխատողների աշխատավարձերը վճարելու եւ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:
Սա չի նշանակում, որ Հերմինե Նաղդալյանը վարկերի շնորհիվ է ապրում եւ այլ եկամուտ չունի: Նա պատգամավորների շրջանում հայտնի է որպես «բիզնես լեդի»: Նրան են վերագրվում Սյունիքի մարզի մի շարք ձեռնարկություններ ու օբյեկտներ: Սիսիանի բնակիչները հերթով թվարկում են այն օբյեկտների ու ձեռնարկությունների անունները, որոնք պատկանում են Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն` Էջմիածնի հարկայինի պետ Դավիթ Բեգլարյանին: Թեեւ Հերմինե Նաղդալյանը հերքում է, սակայն մոտ 2 տարի առաջ նա խիստ լարված հարաբերություններ ուներ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Վեճի պատճառը դարձյալ բիզնեսն էր:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 65
Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Հ. Նաղդալյանին ու նրա ընտանիքին է պատկանում Սիսիանի բազալտի եւ գրանիտի քարերի մշակման ձեռնարկությունը, ինչպես նաեւ` քարի հանքը, ասֆալտի գործարանը, Սիսիանի նախկին ավտոպարկը` մոտ 30 ավտոմեքենաներով, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում, հատկապես մոլիբդեն: Սիսիանցիներն ասում են, որ Հերմինե Նաղդալյանին է պատկանում Սիսիանի ոստիկանության հարեւանությամբ գտնվող «Իսրայել Օրի» ռեստորանային համալիրը: «Այդ ռեստորանն ավերակ վիճակում է, ես նոր եմ լսում, որ այն ինձ է պատկանում»,- արձագանքում է Հ. Նաղդալյանը:
Պատգամավորն ասում է, որ գործարար բառի բովանդակությունը իր հետ չի կարող կապ ունենալ, քանի որ ինքն ուղղակիորեն գործարարությամբ չի զբաղվում, սակայն հաստատում է, որ իր ընտանիքին պատկանում է որոշակի սեփականություն, ինչպես նաեւ ձեռնարկություններում արժեթղթեր եւ բաժնեմասեր:
«Մենք ունենք Սիսիանի տարածաշրջանում հայտնի քարհանքը, կամ գրագետ լեզվով ասած` բազալտի վերամշակման արտադրամասը եւ Սիսիանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, որը զբաղվում է բեռնատար եւ ուղեւորատար փոխադրումներով: Մնացած ամեն ինչը, որ ասում են, թե ես ունեմ, դրանք բարի ցանկություններ եւ մաղթանքներ են, այդպես եմ ընդունում»,- ասում է Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորը հերքում է, որ ասֆալտի գործարան ունի, իսկ քարի վերամշակման ձեռնարկության համար քարը գնում է, քանի որ քարի հանք եւս չունի: «Սիսիանում 2 ասֆալտի գործարան կա, որոնք պատկանում են տարբեր մարդկանց, եւ այնտեղ երրորդ գործարան դնելը տրամաբանությանը մոտ չէ»,- բացատրում է Հերմինե Նաղդալյանը:
Պատգամավորը 2009 թ. ձեռք է բերել նաեւ 3 անշարժ գույք` 2 շենք-շինություն եւ մեկ հողամաս: Այս առնչությամբ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ 2 բնակարանները գտնվում են Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշ 14/3 հասցեում: Բնակարանները գտնվում են անավարտ բնակելի շենքում, իսկ այն գնել են կոոպերատիվից: Տիկին Նաղդալյանի ասելով` բնակարանները գնել է աղջիկների համար` որպես օժիտ:
Նշենք, որ վերը նշված հասցեի անավարտ 13 հարկանի շենքում բնակարաններ գնած քաղաքացիները վերջերս մեծ աղմուկ էին բարձրացրել: Նրանք բողոքում էին, որ իրենց գնած բնակարանները «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը վերավաճառել է այլ մարդկանց, որոնց թվում է նաեւ պատգամավորի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը: Ըստ քաղաքացիների` նա այդ շենքում գնել է 14 բնակարան: Իսկ 2009-ին ձեռք բերված հողամասի առնչությամբ պատգամավորը պարզաբանեց, որ այն գտնվում է Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ եւ իրենց է պատկանել դեռեւս խորհրդային տարիներից, պարզապես նոր են գրանցման ձեւակերպումներն արել:
Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում գործարարների առկայությանը խորհրդարանում: Ըստ նրա` գործարարությամբ զբաղվող պատգամավորները շատ ժամանակ են կորցնում իրենց անձնական բիզնեսով զբաղվելու համար եւ քիչ ժամանակ են տրամադրում պատգամավորական եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելուն:
«Սա քաղաքական որոշման խնդիր է: Վերջին տարիներին խոսվել է, որ հնարավորինս կրճատվի գործարարների մուտքն Ազգային ժողով: Կարծում եմ` ժողովրդավարական համակարգի կայացման ճանապարհին սա էլ է գործընթաց, որ քայլ առ քայլ կատարվում է»,- պատասխանում է պատգամավորը` մոռանալով, որ երկրի հիմնական օրենքով` Սահմանադրությամբ, պատգամավորին արգելված է զբաղվել բիզնեսով:
Հերմինե Նաղդալյանի կարծիքով, ժամանակին գործարարների մուտքը խորհրդարան վատ արդյունք չի տվել, նույնիսկ հակառակը` դրական է եղել, որովհետեւ շատ գործարար պատգամավորներ իրենց տնտեսագիտական գիտելիքները ծառայեցրել են օրենքների կատարելագործմանը, ավելի լուրջ եւ խորապես ուսումնասիրված առաջարկներ են ներկայացրել ԱԺ:
«Չեմ ուզում գործարար պիտակը վատ ձեւով ներկայացվի, որովհետեւ գործարար պատգամավորները բավականին ներդրում են ունեցել քաղաքական դաշտի կայացման եւ օրենքների կատարելագործման համար: Բայց, այնուամենայնիվ, ժամանակի շունչ եւ թելադրանք կա: Ամեն ինչում փորձում ենք ծայրահեղության մեջ ընկնել: Կայացած ժողովրդավարական երրներում էլ այնպես չէ, որ մարդուն ասում են` դու իրավունք չունես արժեթուղթ, բաժնեմաս ունենալու, եւ որեւէ գործարանի բաժնեմաս չի կարող լինել քո ընտանիքի սեփականությունը»,- ավելացնում է Նաղդալյանը:
Երբ հարցրինք, թե գործարար պատգամավորները կոնկրետ ի՞նչ ներդրում են ունեցել օրենսդրական բարեփոխումների ոլորտում, երբ ամբողջ տարվա ընթացքում ընդամենը մի քանի նիստի են մասնակցում, Հերմինե Նաղդալյանն ասաց, թե դա իմ դիտարկումն է եւ չի ցանկանում «ծանրանալ դրա վրա»: Սակայն նշեց, որ պրոֆեսիոնալ Ազգային ժողովի կայացման գործընթացն առաջ է գնում, եւ շատ խնդիրներ առաջիկայում կլուծվեն:
«Երբ ասում ենք, որ գործարարները քաղաքականության մեջ քիչ լինեն, առաջին հերթին խոսում ենք պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվելու մասին, հետո այն նեգատիվ երեւույթների, որոնք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ժամանակի խնդիր է, կգա մի պահ, որ կունենանք մի քաղաքական մարմին, որտեղ կլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ»,- ավելացնում է ոչ պակաս գործարար պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել