
Սկսվել են սոցիալական աջակցության երկու ծրագրերով նախատեսված վճարումները
Այսօրվանից սկսվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին աջակցության գումարի վճարումները։
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նշենք, որ չորորրդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում։ Առավել մանրամասն՝ հղումով։
«Չորրորդ ծրագրի շահառուների ցանկը թարմացվում է, այն վերջնական չէ։ Եվ եթե դուք այս պահին ձեր անունը կայքում չգտնեք, որոշ ժամանակ անց նորից փորձեք՝ օրվա վերջում, վաղը կամ մյուս օրը»,-նշեց Զարուհի Բաթոյանը։
Իսկ վերցերորդ ծրագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ այս ծրագրերին դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:
Նախարարը տեղեկացրեց, որ քաղաքացիները online.ssa.am կայքի միջոցով կարող են անհրաժեշտ անձնական տվյալները լրացնել՝ հասկանալով արդյոք հանդիսանում են այդ ծրագրերի շահառու, թե ոչ։ Եթե նրա տվյալները համապատասխանեն այդ ծրագրին, շահառուն նաև կտեսնի այն բանկը, որին փոխանցված է աջակցության գումարը։ Այդ բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում քաղաքացին կարող է ստանալ աջակցության գումարը։
«Որևէ այլ ծրագրով այս պահին վճարումներ դեռևս չեն իրականացվում։ Նորից ուզում եմ հիշեցնել, որ գրանցման անհրաժեշտություն չկա»,-ասաց Զարուհի Բաթոյանը։
Նախարարը ընդգծեց, որ եթե քաղաքացիները online.ssa.am կայքից օգտվելիս խնդիր կունենան, չեն կարողանա տեղեկատվություն ստանալ, կարող են զանգահարել նոր գործարկված թեժ գծին՝ 011 300 114 հեռախոսահամարով։
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել