
Առաջարկվում է կառավարության, նախարարական կոմիտեների նիստներն անցկացնել հեռավար
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ արդարադատության նախարարությունն առաջարկում է կառավարության, նախանիստերի, նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել նաև հեռավար՝ առցանց հարթակի միջոցով: Նախարարությունն ընդգծել էլ, որ դրանով կապահովվի նաև նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ, հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով»,-որպես հիմնավորում նշել է Արդարադատության նախարարությունը։
Նշենք, որ այժմ Կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը և նախանիստը անցկացվում են Կառավարության վարչական շենքում:
Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավորությունը էականորեն ավելանում է: Արդյունքում՝ կիրառվել է սահմանափակումներ՝ անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու համար:
«Անհրաժեշտություն է առաջացել նշված սահմանափակումների կիրառմանը զուգընթաց ապահովել աշխատանքի բնականոն ընթացքը՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով, ապահովելով հնարավոր սոցիալական, տնտեսական, ֆինանսական խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները»,-նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը։
Մեկնաբանել