HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Իշխանությունները չկարողացան լիովին ապահովել դատարանի բնականոն գործունեությունը

Արտակարգ դրության ժամանակ, ինչպես սահմանված է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ հոդվածով, չի կարող խոչընդոտվել դատարանների բնականոն գործունեությունը: Սակայն, Կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված, ԲԴԽ-ն դատավորներին հրահանգեց հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի կամ առցանց դատավարություն իրականացնել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածներ կիրառելով:

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վերոհիշյալ հանձնարարականներից  առաջ, 2020 թ. մարտի 20-ին հրապարակվեցին Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում : Սույն փաստաթղթի 5-րդ կետում ասվում է. «Քանի որ մոտիկ անձնային կոնտակտը նպաստում է վիրուսի տարածմանը, համապատասխան բոլոր մարմինները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Նման մոտեցման անհրաժեշտությունն առաջնային է հատկապես ազատազրկման վայրերի գերբնակեցման պայմաններում։ Դրանից բացի՝ իշխանություններն ավելի շատ պետք է օգտվեն մինչդատական կալանքի այլընտրանքներից, պատժի ժամանակահատվածի կրճատումից, վաղաժամ ազատումից եւ պրոբացիայից ...»։ 

Քրեական գործերով մասնագիտացված փաստաբաններին խնդրեցինք ներկայացնել, թե որքանո՞վ է երաշխավորված դատարանների բնականոն գործունեությունն այս օրերին,  դատարաններին որքանո՞վ է հաջողվում իրականացնել ԲԴԽ-ի որոշումը եւ ԵԽ-ի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հրապարակած սկզբունքները:

Հայկ Ալումյան. Դատարանների աշխատանքը պայմանականորեն պետք է բաժանել երկու մասի. դատարանները կանոնավոր իրականացնում են գրասենյակային աշխատանքները, թղթաբանությունը, դատական ակտեր են հրապարակում եւ այլն: Այս մասով բնականոն գործունեությունն ապահովված է:

Դատարանի բնականոն գործունեությունն ապահովված չէ դատաքննությունների մասով եւ առավել վտանգավոր է, որ քրեական գործերով ապահովված չէ: Առավել եւս այն քրեական գործերով, որոնցով կալանքի տակ գտնվող անձինք կան: Սա արդար դատաքննության իրավունքի խախտում է, իսկ այդ խախտումը միայն կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածով չէ պայմանավորված: Առհասարակ, Հայաստանում դատաքննության ողջամիտ ժամկետները համատարած խախտվում են, իսկ դա արդար դատաքննության բաղադրիչներից մեկն է:

Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակաշրջանում դատավարություններ գրեթե տեղի չեն ունենում, բացառությամբ խափանման միջոցի հետ կապված հարցի քննությունը: Առանց այդ էլ դատական համակարգը գերծանրաբեռնված է այն աստիճանի, որ քրեական գործերի քննությունը երբեմն տեւում է 3-5 տարի, իսկ քաղաքացիական եւ վարչական գործերը կարող են քննվել 10 եւ ավելի տարի: Հիմա, երբ դատավարություններ տեղի չեն ունենում, այդ գործերը կուտակվելու են եւ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, թե դատավորները հետագայում ինչպես են հաղթահարելու այդ ամենը: Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում, մեզ մոտ դատավորների քանակն առնվազն պետք է կրկնապատկվեր, իսկ հիմա նույնիսկ այդ միջոցը բավարար չի լինի հաղթահարելու ստեղծված վիճակը: Ենթադրենք, թե ապրիլի 12-ից դադարեցվեց արտակարգ դրությունը, եւ դատավորները վերսկսեցին  աշխատանքը: Այդ օրը, եթե որոշեն դատական նիստեր նշանակել, հունիս ամսից շուտ չեն նշանակելու:

Այս օրերին կալանավայրերում քննչական գործողություններ իրականացնելու մասին շատ քիչ եմ լսել, որովհետեւ քննիչն էլ է վտանգ զգում: Դա էլ իր հերթին խնդիր է, որովհետեւ մարդուն մեկուսացնում են, բայց նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացնում: Կալանքի տակ գտնվողների իրավունքները խախտվում են, այդ հանգամանքով պայմանավորված, շատ երկրներում կալանավորներին ազատ են արձակում:

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի որոշմանը՝ կողմերի համաձայնությամբ, ցանկացած էլեկտրոնային միջոցով դատաքննություն իրականացնելու կամ հետաձգելու հարցին, դատաքննության կողմը իրավունք ունի մտածելու, որ իր առողջական վիճակը կարող է վտանգված լինել: Նա կարող է պահանջել, որ պետությունը վտանգը չեզոքացնելու համար ստուգի դատաքննության մասնակիցներին, դատարանների աշխատակիցներին, ախտահանի դատարանի տարածքը, որից հետո նրանք վստահ կարող են գնալ աշխատանքի: Բայց եթե երաշխիք չեն կարող տալ, որ նիստերի քարտուղարը, կարգադրիչը, դատավորը առողջ են, դահլիճում գտնվող իրերն անվտանգ են՝ չեն կարող դատարան գնալ: Դատավորը պետության անունից է հանդես գալիս՝ եթե պետությունը թերանում է՝ դատավորը չի կարող բարձրաձայնել այդ մասին: Քաղաքացին կարող  է ասել՝ պետությո՛ւն, կա՛մ ապահովիր անվտանգությունը, որ գնամ դատարան, կա՛մ հետաձգիր դատաքննությունը:

Ինեսսա Պետրոսյան. Իմ մասնակցությամբ մի գործով Լոռու մարզի դատարանում հեռավար դատաքննություն իրականացվեց: Դատախազը չէր ներկայացել, իսկ ես միջնորդել էի այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառել իմ պաշտպանյալի նկատմամբ,  ինչը ենթակա էր անհապաղ քննության: Նաեւ միջնորդեցի viber-ով կապվել եւ լսել դատախազի կարծիքը: Մինչ այդ, դատախազը երկու շաբաթ ժամանակ էր խնդրել կարծիք հայտնելու համար, սակայն այդ օրը չպատասխանեց դատարանի զանգին: Քանի որ մրցակցային դատավարություն է եւ երկու կողմերը պետք է ներկայացնեն իրենց տեսակետները, դատարանը հարկադրված մեկ շաբաթով հետաձգեց նիստը: Այս դեպքով դատախազությունն անտեսեց ԲԴԽ-ի  որոշումը՝ նիստն անցկացնել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով, եւ դատարանը բավարարեց իմ միջնորդությունը:

Ընդհանրապես կա՛մ պաշտպաններն են դիմում դատական նիստը հետաձգելու համար, կա՛մ դատախազները չեն ներկայանում, եւ այդ հիմքով դատական նիստերը հետաձգվում են: Հասկանալի է, որ բոլորն էլ անհանգստանում են իրենց առողջության համար: Նիստերը տեղի են ունում, երբ միայն կալանքին վերաբերվող հարցեր են քննվում: Այդ դեպքերում, հիգիենայի կաննոները պահպանվում են, դատարաններում ամեն տեղ ախտահանիչներ են դրված, մենք  պաշտպանիչ միջոցներ ենք վերցնում մեզ հետ, փորձում ենք հեռավորություն պահպանել նիստերի ժամանակ:

Կալանավայրեր այցելություններն անուսափելի են, բայց փորձում ենք նվազագույնի հասցնել: Մուտք գործելուց առաջ բուժաշխատողները ջերմաչափում են իրականացնում, որից հետո թույլ են տալիս մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ: Բայց այստեղ խնդիր եմ տեսնում. մենք պետք է մեր պաշտպանյալների հետ մարտավարություն քննարկենք, ներկայանանք նրանց՝ պաշտպանություն ստանձնելու համար, մեր գործողությունները համաձայնեցնենք նրանց հետ եւ այլն: Հետեւաբար, հարկադրված ենք լինում կալանավայրեր գնալ: Մեր այցելությունները խիստ վտանգավոր են, վարակվելը ռեալ է, սակայն արդյունավետ պաշտպանությունը չպետք է տուժի այս դեպքում: Լավ կլինի, որ արդարադատության նախարարն անդրադառնա այս հարցին եւ միգուցե սենյակ առանձնացնի, որպեսզի հեռավար տարբերակով կարողանանք աշխատել մեկուսացված անձանց հետ: Միաժամանակ, ապահովի գաղտնիությունը, որպեսզի կարողանանք աշխատել:

Արտակարգ դրության ժամանակահատվածում առձեռն փաստաթղթաշրջանառություն տեղի չի ունեում, բոլորն ակտիվացրել են էլեկտրոնային հասցեները: Մենք բոլոր գրությունները, անգամ վճռաբեկ բողոքները, սկանավորված տարբերակով ենք ուղարկում դատարան: Սա երկուստեք էականորեն հեշտացրել է աշխատանքը եւ ցանկալի է, որ պրակտիկա դառնա:

Լիպարիտ Սիմոնյան. Պարետի որոշման հավելվածի 69.10 կետով փաստաբանական գործունեությունը թույլատրվում է բացառապես առցանց կամ հեռավար եղանակով: Քրեական գործերով հեռավար դատաքննություններ իրականացնել հնարավոր չէ: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող պաշտպանյալներիս հետ նույնպես չեմ կարող առցանց կամ հեռահար եղանակով շփվել, եթե գաղտնիությունը չերաշխավորվի:

Փոխարենը դատարանները կարող են միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձանց կալանքի տակ չպահել, թեկուզեւ նկատի ունենալով ԵԽ-ի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հրապարակած սկզբունքները: Ես հաճախ եմ սոցցանցում գրում՝ պաշտպանյալներիս ազատեք, որ քրեակատարողական հիմնարկ չգնամ: Կալանավորելու իմաստ չեմ տեսնում բոլոր այն դեպքերում, երբ անձինք նախկինում դատապարտված չեն եղել, ունեն ընտանիք, քրեական գործում առկա չէ որեւէ փաստական տվյալ գործի քննությանը խոչընդոտելու կամ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու մասին, դեպքի վերաբերյալ տվել են մանրամասն ցուցմունքներ, ունեն մշտական բնակության վայր եւ այլն:

Դատավորները խափանման միջոցի հարցը քննելիս նույնիսկ անտեսում են Դատախազության կոլեգիայի 12.06.2018թ-ի որոշումը՝ ոչ մեծ կամ միջին ծանրության (մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող) հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն դատարան ներկայացվի միայն այն դեպքում, երբ բացակայում են վերը թվարկված հանգամանքները:

Դատարաններն անտեսում են նաեւ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները:

Մամուլը տեղեկացրեց, որ ԱՄՆ տեղական իշխանության մարմիններն ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, որպեսզի կանխարգելեն մարդաշատ բանտերում եւ կալանավայրերում կորոնավիրուսի բռնկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter