
Շրջակա միջավայրի նախարարություն, ընդունե´ք, որ պատասխան չունեք մեր հրապարակմանը
Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է «Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ» հոդվածին՝ մեզ մեղադրելով «խեղաթյուրված» տվյալներ հրապարակելու մեջ:
Նախարարությունից, իհարկե, պատասխան ակնկալում էինք: Ցանկալի էր, որ գոնե հոդվածը հրապարակելուց հետո պատասխանեին ամենակարեւոր հարցին՝ Արարատյան դաշտի խորքային հորերը կոնսերվացնելու եւ փականային ռեժիմի բերելու աշխատանքներն իրականացնելու համար ինչպե՞ս են ընտրվել հենց այդ ձկնաբուծական տնտեսությունները: Սա վիճակահանությամբ լուծվող հարց չէ, բայց նախարարության «պատասխանը» կրկին շրջանցում է, թե ինչ սկզբունքով են ընտրվել հենց այդ օբյեկտները:
Ոլորտի բոլոր մասնագետները պնդում են, որ 2019թ.-ի խնայված ջրի ցուցանիշ չեն կարող համարվել 2016թ.-ից չգործող ձկնաբուծարանին կամ գործարանին երբեւէ տրված խորքային հորի ջրառի տվյալները, 2014թ.-ին եւ դրանից էլ առաջ ցամաքած խորքային հորերի երբեւէ ունեցած ջրտվության տվյալները: Նախարարությունն ա՞յլ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ, եթե ունի, պետք է ներկայացներ իր պատասխանում:
Դուք չեք պարզաբանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ երկրի ղեկավարները 2019թ.-ին խնայված ջրաքանակի մասին իրարից շատ տարբեր թվեր են ներակայացրել, դա իմ՝ լրագրողի՞ս խեղաթյուրումն է:
Հոդվածում ներկայացրել եմ հատվածներ քննված քրեական գործից, որտեղ անուն առ անուն հիմնավորվել է, որ նույնիսկ ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) ունեցող ձկնաբուծական տնտեսություններում առկա է թույլատրված չափաքանակից ավելի, որոշ դեպքերում՝ կրկնակի ջրառ: «Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձկնաբուծական նպատակով հորատված որոշ հորատանցքերի կառուցվածքներն արհեստականորեն մեծացված են, որի հետեւանքով ստացված ջրաելքերը զգալիորեն գերազանցում են ՋԹ-ով տրամադրված ջրաքանակը...»,- արձանագրվել է քննության արդյունքում:
Չեք պատասխանում՝ արդեն վերացրե՞լ եք այդ անօրինականությունը, եւ դրա արդյունքում որքա՞ն ջուր եք խնայվել: Պարզե՞լ եք, թե փոքր ձկնաբուծարաններն ինչպես են իրացնում իրենց աճեցրած ձուկը: Նրանք ասում են, որ վաճառում են խոշորներին, իսկ խոշոր ձկնաբուծարանները որպես սեփական արտադրանք են ցույց տալիս եւ այդ քանակի չափով ջուր պահանջում ձեզնից:
Ստացվում է, որ նախարարությունը միեւնույն քանակի ձուկ աճեցնելու համար կրկնակի ջուր է տրամադրում՝ մեկը փոքր ձկնաբուծարանին ձուկ աճեցնելու համար, խոշորին՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Դուք ջրախնայողությունն արել եք ձուկն աճեցնող փոքր ձկնաբուծարանից 0,5 լ/վրկ ջուր կրճատելով եւ դա որպես ցուցանիշ եք ներկայացնում, սակայն չեք ասում, թե ինչ եք արել խոշոր ձկնաբուծարաններում անօրինականությունը կանխելու համար:
Մեր հրապարակման մեջ ներկայացրել ենք քննված քրեական գործից մի հատված, որտեղ ասվում է, որ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն Սիս գյուղում շահագործում է 10 խորքային հոր, որից 5-ի համար ՋԹ ունի, եւ հորերից ոչ մեկը ջրաչափ չունի: Հետագա քննչական գործողությունների ժամանակ այլեւս անդրադարձ չկա գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ձկնաբուծարանին: Ակնկալում էինք, որ նախարարությունն, ի վերջո, կպատասխանի, թե ինչ եղան այդ 5 անօրինական հորերը՝ լուծարվեցի՞ն, կոնսերվացվեցի՞ն կամ գուցե օրինականացվեցի՞ն:
Եթե չեք պատասխանում այս հարցերին, ուրեմն ընդունեք, որ պատասխան չունեք մեր հրապարակմանը: Եթե նախարարությանը հաջողվել է 2019թ.-ին, օրինակ, 50 լ/վրկ ջուր խնայել, ավելի ազնիվ կլինի ասել, որ այդքան է խնայվել, ոչ թե 3010 լ/վրկ ջուր կամ տպավորություն գործելու համար չասել՝ «այն ավելին է, քան Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները»:
Հասկանում ենք, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի թեման շատ ցավոտ է, խոցելի, սակայն ուռճացված ցուցանիշներ հորինելն այս դեպքում լավագույն լուծումը չէ: Ի վերջո, խնայված ջրաքանակի ծավալը կգնահատեն Արարատյան դաշտի գյուղերում բնակվողները՝ ոռոգման ջուր կունենա՞ն այս տարի եւ որքա՞ն:
Մենք հոդվածում ներկայացրել ենք բացառապես փաստեր, որոնք վերցրել ենք պաշտոնական փաստաթղթերից եւ մեր եզրակացությունները կատարել ենք այդ փաստերը համադրելով: Նախարարության հրապարակած տեքստում «խեղաթյուրված» փաստարկների հերքումը չկար։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել