
«Քննիչներն ասում են, որ գյուղապետին կալանքի կվերցնեն»
«Քննիչները ասեցին, որ մի երկու-երեք օրից գյուղապետին կալանքի կվերցնեն, և որ գործը լրիվ նորմալ է ընթանում. մալադեց մեր քննիչներին, ասում են, որ էս գործը ոչ մի ձևով փոխել չի լինի, էս անչափահաս էրեխու հետ կատարված գործողություն է»,- այսօր «Հետքին» ասաց Գագիկը՝ հարթաշենցի 14-ամյա Կարինեի (անունը փոխված է) հորեղբայրը, երբ արդեն դուրս էր եկել ոստիկանության քննչական բաժնից:
Կարինեն այսօր ոստիկանության քննչական բաժնում հոգեբանի օգնությամբ ցուցմունք է տվել: «Ես ներսում չէի, որ լսեի՝ ինչ պատմեց. մենակ էրեխուն ու հոգեբանին ներս թողեցին: Բայց քննիչները ասեցին, որ մի երկու հոգի են մնացել, իրենց էլ լսեն, ու երևի էս երկու օրը էդ հարցերը կլուծվեն»,- ասում է Գագիկը:
«Հետքի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Նարինե Ավանեսյանը նշել էր, որ իրենք Կարինեի ծնողներին փաստաբան են առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, թե փաստաբան ունեն:
Այսօր Գագիկն ասաց, որ աղջիկը դեռևս փաստաբան չունի: Իսկ փաստաբանական ծառայություններից չօգտվելու պատճառը, նրա խոսքով, փաստի ակնհայտ լինելն է: «Մենք գործ չենք սարքում, որ փաստաբան ունենանք,- նշում է նա:- Մենք փաստը ունենք, դրա համար էլ փաստաբան չունենք»:
Աղջկա հարազատներն առայժմ գոհ են քննիչների աշխատանքից, բայց եթե գործի ընթացքը առաջացնի փաստաբանի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն, ապա Կարինեն, հորեղբոր խոսքով, «փաստաբան էլ կունենա»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, 8-րդ դասարանցիների դասին երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ, իսկ 14-ամյա Կարինեին հանձնարարել է հետևել իրեն: Ինչպես պատմում է Կարինեի հորեղբայրը, իր զարմուհու դասընկերուհիներից մեկը բանալու անցքից նայել է և, տեսնելով Կարինեի հետ կատարվածը, օգնության է կանչել ուսուցիչներին: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն:
Մեկնաբանել