
Մետաղական հանքարդյունահանում իրականացնողները միջոցառումներ են ձեռնարկել, սակայն չեն դադարեցրել աշխատանքները
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մետաղական հանքարդյունահանում իրականացնող ընկերությունները միջոցառումներ են ձեռնարկել, սակայն չեն դադարեցրել աշխատանքները։
Ինչպես են աշխատում հանքարդյունահանողները
Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագորող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, համաձայն զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, փետրվարի դրությամբ ուեցել է 1121 աշխատող։
Մեր հարցմանն ի պատասխան, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը հայտնում է, որ ընկերությունում արգելվել են բոլոր տեսակի դասընթացները, հնարավոր կուտակումներով մի վայրում գտնվելը, իսկ հատուկ ախտահանիչ նյութերի միջոցով ախտահանվում են աշխատակիցներին տեղափոխող փոխադրամիջոցները, գրասենյակները, ընկերության ողջ ստորաբաժանումները՝ ներսից ու դրսից։ Հերթափոխից առաջ և հետո ախտահանվում են նաև հանքուղիները ու աշխատանքային տեխնիկան։
Որոշ միջոցառումների մասին ընկերություններն իրենց սոցիալական ցանցերում նաև հաղորդագրություններ են տարածել։
Նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումը ընկերության աշխատակիցների շրջանում կանխելու նպատակով մի շարք նմանատիպ և այլ միջոցառումներ է ձեռնարկել նաև ամենամեծ հանքարդյունահանողը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Փետրվարի վերջի դրությամբ՝ ունի 4 571 աշխատող։ Այստեղ վարակի հնարավոր տարածման կանխարգելման նպատակով մինիմալի է հասցվել ընկերության աշխատակիցների միջև անմիջական շփումը և փաստաթղթաշրջանառությունը․ կապի և ՏՏ ոլորտի սպասարկումն իրականացվում է հեռահար տարբերակով, փաստաթղթերը շրջանառվում են էլեկտրոնային տարբերակով, աշխատակիցների մի մասն անցել է հեռահար աշխատանքային ռեժիմի (նախնական մինչև մարտի 31-ը), մեկ այլ մասին (ներառյալ ռիսկային խմբերին) տրամադրվել է վճարովի արձակուրդ:
Ժամանակավորապես կասեցվել է ընկերության ճաշարանի գործունեությունը, սակայն սառը սնունդ պատրաստող արտադրամասը շարունակելու է գործել և ապահովել աշխատակիցներին փաթեթավորված և բոլոր սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխանող սննդով։
Հավելյալ վերահսկողություն իրականացնելու նպատակով պատվիրվել են ժամանակակից ջերմային դետեկտորներ (тепловизор) և լազերային ջերմաչափեր, որոնք նախատեսվում է տեղադրել և կիրառել անցակետերում, բացահանքի նախամուտքի անցումային կամրջակի հատվածում, ինչպես նաև այլ անհրաժեշտ վայրերում:
«Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործած Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը մարտի 18-ին հայտնել է, որ ընկերությունն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այստեղ փետրվարի վերջի դրությամբ աշխատում է 998 մարդ։
Սակայն ընկերությունը, կոնորավիրուսի պանդեմիայի պայմաններում, աշխատողներին հորդորել է հնարավորինս անցնել հեռահար աշխատանքային ռեժիմի (վերաբերում է այն ստորաբաժանումներին, որոնք ունեն ժամանակավոր հեռահար աշխատելու հնարավորություն)՝ համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Հայաստանում երկու խոշոր՝ Սոթքի ոսկու և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հաքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ» խմբի ընկերություններն աշխատում են ողջ ծավալով, սակայն նույնպես վարակը կանխարգելելու միջոցառումներ են ձեռնարկում։ Խմբի ընկերություններից «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմց շահագործվող Սոթքի հանքավայրում և Արարատի ոսկու կորզման գործարանում աշխատում է 1 586 մարդ, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ 1 082։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը, ոչ թե արտակարգ դրություն հայտարարվելու օրվանից են միջոցառումները ձեռնարկել, այլ դեռևս մարտի 1-ից, երբ Հայաստանում արձանագրվեց առաջին վարակվածության դեպքը։ Ընկերությունն այդ օրվանից սկսել է ախտահանիչ նյութերի գնումներ կատարել և հակավիրուսային գործողություններ իրականացնել։
«Բոլոր աշխատողները ստանում են դիմակներ, ձեռնոցներ, բժշկական բրիգադները 24-ժամյա ռեժիմով աշխատում են․ ամեն առավոտ գործի գալուց և տուն ճանապարհելուց բոլորի ջերմությունը չափվում է․ եթե որևէ մեկն իրեն լավ չի զգում անմիջապես բժիշկ է կանչվում, հետազոտում են»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Երևանյան գրասենյակը թեթևացված ռեժիմով է աշխատում՝ համեմատաբար մեծ տարիքով անձինք, հղի կանայք տնից են աշխատում։
Համաճարակի հնարավոր ազդեցությունը հանքարդյունահանողների վրա
«Գեոպրոմայնինգ»- ի ներկայացուցիչը նշում է, որ արտահանման հետ կապված դեռևս խնդիր չունեն, քանի որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն իր հումքը վաճառում է ավստրիական կազմակերպությանը, որն իրենցից գնումը կատարում և արտահանում է խտանյութը Փոթի նավահանգստով։ Այս պահին ավստրիական կազմակերպությունը Փոթիի իրենց պահեստներում դեռևս կուտակում է խտանյութը։
Ընկերությունը ոսկու դորե համաձուլվածքն արտահանելու խնդիր ունի, քանի որ այն Հայաստանից Ավստրիա էր տեղափոխվում Ավստրիական ավիաուղիներով, որոնց չվերթները կասեցվել են կորոնավիրուսի տարածումից և օդային տեղաշարժի սահմանափակումներից հետո։
«Տվյալ պահին բանակցությունների մեջ ենք, որպեսզի նոր լոգիստիկայի ձևեր գտնենք։ Ապրանքը դեռևս կուտակվում է»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։ Քննարկվում են հնարավոր տարբերակներ՝ կուտակումից հետո ողջ խմբաքանակն արտահանել հատուկ պատվիրած չարթերային կամ բեռնափոխադրող օդանավով։ «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչը նշեց, որ խմբի կոմերցիոն և ֆինանսական ծառայություններն այդ ուղղությամբ աշխատում են, քանի որ արտահանման հետ է կապված իրենց ողջ գործունեությունը` հաշվի առնելով նաև, որ ընկերությունը խոշոր հարկատու է։
«Ամեն օր համալրում է կատարվում, տեխնիկան և բոլոր նյութերը համալրվում է։ Կարևոր է, որ արտադրանքն իրացնենք, որպեսզի կարողանան աշխատավարձ տալ և հարկերը վճարենք»,- ասաց Ռ․ Գրիգորյանը։
«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ- ն դեռևս 2 ամսվա նյութտատեխնիկական պաշար ունի։ Կան, իհարկե, որոշ խնդիրներ, որոնք, ըստ ներկայացուցչի, ընթացքում աշխատում են լուծել։
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն (նախկին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը), որը շահագործում է Շահումյանի ոսկու հանքավայրը, զգացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ բացասական ազդեցությունը։ Սա հաստատել է գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը՝ մեզ ուղղած պատասխանում։
Մեր հարցադրմանը, թե մետաղների գների համաշխարհային անկման պարագայում ընկերությունն ի՞նչ ռազմավարություն է մշակել և ինչպես է պատրաստվում հաղթահարել հնարավոր ճգնաժամը, գլխավոր տնօրենը պատասխանել է․ «Ապագայի հետ կապված այն ծրագրերը, որոնք հնարավոր է հետաձգել՝ կհետաձգվեն։ Արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթահարենք ստեղծված իրավիճակի հետ կապված բարդությունները»։
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի տնօրենը հավաստիացրել է, որ խտանյութի արտահանման գործընթացում դեռևս որևէ խոչընդոտ չի առաջացել։
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հնարավոր այլ ազդեցությունների մասին հարցադրմանը, ընկերության ղեկավարը պատասխանել է․ «Հնարավոր ազդեցությունները շատ են, որոնք հույս ունենք, որ չեն լինի, օրինակ՝ ապրանքների ձեռքբերման դեֆիցիտը՝ պայմանավորված սահմանների փակմամբ և այլն»։
«Այս օրերին, երբ COVID-19-ի (կորոնավիրուսի) պատճառով համաշխարհային տնտեսությունում ի հայտ են գալիս որոշակի ճգնաժամային երևույթներ, մետաղների գները բորսայում շատ արագ փոփոխության են ենթարկվում և իրադարձությունների զարգացումները շատ անգամ կախված են գների նվազման չափից: Այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ մետաղների գների նվազման արդյունքում «Թեղուտ» ՓԲ Ընկերության արտադրական ծավալներն, առայժմ, չեն փոփոխվել: Մենք կշարունակենք դիտարկել միջազգային շուկայում մետաղների գները և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները գներին համարժեք արձագանքն ապահովելու համար: Կարծում եմ, որ շուկան կինքնակարգավորվի, ինչն օգնում է լավատեսորեն նայել ոլորտի զարգացումներին»,- b24.am-ին տված հարցազրույցում նշել է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Մհեր Պոլոսկովը ըստ էության մեր գրավոր հարցերին չի պատասխանել, սակայն ընդհանրական վերլուծություն է տրամադրել աշխարհում տեղի ունեցող գնանկման և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։ Պոլոսկովի կարծիքով, իրենք և գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսեն, որ բախվելու են արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չեն բացառում, որ կունենան մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:
«Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները»,- նշել է Մ․ Պոլոսկովը:
Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ ԶՊՄԿ-ի կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընեկրների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստենրի:
«Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվներն անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը»,- կարծում է ԶՄՊԿ-ի տնօրենը։
Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը տեղեկացրեց, որ Մղարթի ոսկու հանքը չի աշխատում, սակայն ոչ թե կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այլ այն արդյունահանում չի իրականացնում արդեն մեկ տարի։
Մեկնաբանել