
Էդմոն Մարուքյան. «Մարդկանց ասում ենք նստեք տանը, բայց մենք գալիս ենք, դիմակ չենք կրում, սոցիալական հեռավորություն չենք պահում»
Խորհրդարանը սկսեց հերթական նիստերի աշխատանքը` կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների քննարկմամբ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նիստի սկզբում առաջարկեց հետաձգել նիստերը:
«Կարծում եմ հիմա քառօրյա հրավիրելով, մեր աշխատողներին աշխատանքի կանչելով վատ օրինակ ենք ծառայում մեր ժողովրդին: Մենք կարող ենք խորհրդի անդամներով քվորում չապահովել, օրակարգը չհաստատել և նիստերը չիրականացնենք` առավել ևս հրատապ նախագիծ չունենք»,- ասաց Մարուքյանը` ընդգծելով, որ ցանկացած հրատապ իրավիճակում խորհրդարանը կարող է արագ հավաքվել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց` առաջարկը երկու կողմ ունի, եթե լիներ նման օրենսդրական առաջարկ, պատրաստ էին քննարկել, սակայն նման ռեժիմով այժմ աշխատել չեն կարող. օրենսդրությունն այլ է:
«Կարծում եմ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, բացի մեր հանձնաժողովները օրակարգը զտել են, մենք հիմա քննարկելու ենք այն հարցերը, որոնք առավել առաջնային են: Մենք չգիտենք, երբ կավարտվի արտակարգ դրությունը, գիտենք, որ ամիսների, տարվա վերլուծություն կա: Էդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ, վստահ եմ` կլինեն նախագծեր, որ կարևոր կլինեն տարբեր ոլորտների համար»,- ասաց Միրզոյանը:
Մարուքյանն արձագանքեց` խոսքն օրակարգը չհաստատելու մասին է:
«Մարդկանց ասում ենք` նստեք տանը, բայց մենք գալիս ենք, դիմակ չենք կրում, սոցիալական հեռավորություն չենք պահում, նույն ամբիոնին ենք մոտենում, բռնակները բռնում ենք: Խոսքը վերաբերում է խստացված ռեժիմի ժամկետին»,- ասաց Մարուքյանը` հավելելով, որ կարգուկանոն պահելու հարցում վատ օրինակ կարող են լինել մարդկանց համար:
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ պատգամավորները նաև հանրային ծառայողներ են, և իրավիճակ ներկայացրեց, երբ բոլոր հանրային ծառայողները սկսեն տանը նստել ու չաշխատել:
«Կյանքը կանգ առնել չի կարող, Սահմանադրությունը պարտադրում է աշխատել»,- ասաց ԱԺ խոսնակը:
Մարուքյանն արձագանքեց` պատգամավորներ կան, որոնք Ֆրանսիայից են վերադարձել, սակայն չեն ինքնամեկուսացել, իսկ եթե օրենսդիրները չեն հետևում կարգուկանոնին, ապա ժողովուրդն ինչպես լուրջ վերաբերվի:
Օրակարգը դրվեց քվեարկության և հաստատվեց:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմում 20 և ավելի անձանց հավաքները արգելվում են: Պատգամավորների թիվը 132 է, այսօրվա նիստին գրանցվել էր 99 պատգամավոր:
Մեկնաբանել